Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

«Սասնա ծռերը»՝ հավերժական գիտելիք և նախնիների սրբազան պատմություն


Որքանո՞վ է մեր ժողովուրդը ծանոթ էպոսին, ի՞նչ է տալիս հատկապես «Սասնա ծռեր» էպոսի բանավոր տարբերակների ընթերցումը, ինչպիսի՞ն է էպոսը կենդանի վիպասացման ընթացքի մեջ, ինչպե՞ս են վերաբերվում էպոսին վիպասացաները. որպես հին զրո՞ւյցի, որպես սրբազան պատմությա՞ն կամ հեքիաթի՞: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանագետ Արուսյակ Սահակյանի հետ:

Դեկորատիվ-կիրառական արվեստ. ներկայացում և հանրայնացում


Հայաստանի ազգային պատկերասրահում պատրաստվում է  «Գունային տեսիլքներ հին Հռոմից. խճանկարներ Կապիտոլյան թանգարանից» ցուցադրությունը, որտեղ կներկայացվեն հռոմեական շրջանի ուշագրավ խճանկարներ: Ինչպե՞ս հնարավոր դարձավ ցուցադրությունը, դեկորատիվ-կիրառական արվեստի ի՞նչ նմուշներ են պահվում և ցուցադրվում Ազգային պատկերասրահում, ինչպե՞ս է հնարավոր պատշաճ ներկայացնել դրանք ու հանրայնացնել: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է արվեստաբան, պատկերասրահի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի վարիչ Սաթենիկ Չուգասզյանի հետ:

Աքսորի գրականություն. անպտուղ տարածության ու ժամանակի վեպը


Լույս է տեսել Վաչե Սարգսյանի 1960-ական թվականներին գրված «Ակեղդամա» վեպը, որը հեղինակի աքսորական փորձառության գեղարվեստական պատկերն է: Ի՞նչ նպատակով էին գրվում սովետական գրականության այս գործերը, հոգեբանական ու գեղարվեստական ի՞նչ առանձնահատկություններ ունեն և որքանո՞վ են արդիական այսօր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Սիրանուշ Դվոյանի հետ:

Մեր կինոն. թեմայի ընտրություն և իրացում


Ի՞նչն է խանգարում ժամանակակից հայ կինոարտադրության զարգացմանն ու միջազգային ճանաչմանը, որքանո՞վ են հայ կինոյի ավանդական թեմաներն ու դրանց իրացման գեղարվեստական ու տեխնիկական միջոցները արդիական այսօր, կա ժամանակակից կինո նկարելու մարդկային ու տեխնիկական ներուժ մեր երկրում:  Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ռեժիսոր, սցենարիստ Արտակ Սևադայի հետ:

«Սառը» պատերազմը և հայերը


«Սառը» պատերազմը կարծես վաղուց ավարտվել է, սակայն Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակասությունները կրկին սրվել են: Այս պայմաններում հետաքրքիր է անդրադառնալ «Սառը» պատերազմի պայմաններում Խորհրդային Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերի վիճակին, կուսակցությունների գործունեությանը, հայրենդարձության, ինչպես նաև մշակութային կյանքի խնդիրներին: Հայկ Համբարձումյանը զրուցել է ԱՄՆ Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի դասախոս, պատմաբան Արա Սանջյանի հետ: 

Ակսել Բակունց. գեղեցիկ բառի խարդավանքից՝ ճշգրիտ բառի գեղեցկությանը


Լրացավ Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակը: Ի՞նչ առանձնահատկություն ունի Բակունցի արձակը, ինչպե՞ս և ինչո՞ւ էր գնահատվում իր ժամանակի մեջ և այսօր, որտեղի՞ց է գալիս Բակունց արձակագիրը և ինչպե՞ս են նրա գործերում համատեղվում ինտերնացիոնալիզմն ու ազգային ոգին: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Սևակ Ղազարյանի հետ:

Արևմտյան Հայաստանի ազգագրության պետերբուրգյան նյութերը Երևանում


Երևանում կայացավ «Նյութեր Արևմտյան Հայաստանի ազգագրության՝ Սանկտ-Պետերբուրգից» ցուցադրությունը, որտեղ ներկայացվեցին 20-րդ դարասկզբում հայաբնակ տարբեր շրջաններում հավաքված իրեր, լուսանկարներ: Ինչո՞ւ էին կայսրական ազգագրագետները հետաքրքրված հայկական ավանդական մշակույթով, դա քաղաքակա՞ն, թե՞ մշակութային խնդիր էր, ինչպե՞ս են ցուցադրվում և ուսումնասիրվում այդ նյութերը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ազգագրագետ Լուսինե Ղուշչյանի հետ:

Լևոն Շանթ գրողն ու քաղաքական գործիչը


Այս տարի լրանում է հայ գրող, հասարակական ու քաղաքական գործիչ Լևոն Շանթի ծննդյան 150-ամյակը: Ի՞նչ առանձնահատկություններով է բնութագրվում Լևոն Շանթի ստեղծագործությունը: Ինչպե՞ս և ինչո՞ւ գրողը դարձավ քաղաքական գործիչ, որքանո՞վ են այսօր արդիական Լևոն Շանթի դրամաները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ:

Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստ. խնդիրներ ու լուծումներ


Ինչպե՞ս է հնարավոր հանրայնացնել հայ ժամանակակից երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ո՞վ պետք է զբաղվի այդ գործով՝ ստեղծագործո՞ղը, Միությո՞ւնը, Մշակույթի նախարարությո՞ւնը: Ի՞նչը կարելի է համարել ժամանակակից կամ արդիական երաժշտություն և ի՞նչ վերաբերմունք ունեն նվագախմբերը այդ երաժշտության նկատմամբ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր, դաշնակահար Դավիթ Բալասանյանի հետ:

Ամառային ընթերցանություն


Ի՞նչ և ինչպե՞ս կարդան երեխաները ամռանը: Ի՞նչ ծրագրերով է հնարավոր խթանել մանկապատանեական ընթերցանությունը, ինչպե՞ս ապահովել ընթերցասերների միջավայր, որտեղ երեխաներն ու պատանիները կկարողանան դրսևորվել, քննակումներ անցկացնել, ներակայացնել իրենց տպավորություններն ու գիտելիքները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Ամառային ընթերցանություն» ծրագրի համակարգող Մարիաննա Աճեմյանի հետ:

«Խակ պտուղ». պատերազմն ու նկարչի ճակատագիրը պատկերապատումի լեզվով


Ինչպե՞ս է հնարավոր պատկերապատումի լեզվով և գրաֆիկական նովելի ձևով ներկայացնել ողբերգական պատմություններ, որտե՞ղ է ավարտվում վավերագրությունն ու սկսվում գեղարվեստական հորինվածքը: Ինչպիսի՞ն էր ստեղծագործող անհատի ճակատագիրը ստալինյան բռնապետության մամլիչի տակ և ի՞նչ կորցրեցին նկարիչները սովետական երկրում ապրելով: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ Տիգրան Մանգասարյանի հետ:

Հրանտի դասերը. գիրը որպես պետություն


Ինչո՞ւ Հրանտ Մաթևոսյանը գեղարվեստական նոր գործեր չէր հրատարակում անկախությունից հետո, ինչպե՞ս անդրադարձավ նրա ստեղծագործության վրա Խորհրդային Միության փլուզումն ու իր հասարակական-քաղաքական գործունեությունը: Ի՞նչ հարաբերություն ունի վեպը պետականաշինության հետ: Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ: