Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

Համշենն ու համշենահայերի ինքնությունը


Վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է նկատվում պատմական Հայաստանի Տայք նահանգի Համշեն գավառի, համշենահայության ինքնության, լեզվի ու մշակույթի նկատմամբ: Ինչպե՞ս է պահպանվել համշենահայերի բարբառը, ի՞նչ առանձնահտկություններ ունի բանահյուսությունը, իրենց հայեր համարո՞ւմ են համշենահայերը և հնարավո՞ր է արդյոք վերադարձ հայկական ինքնությանը: Այս հարցերի
մասին Հայկ Համբարձումյանը զրուցել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչություների բաժնի վարիչ Լուսինե Սահակյանի հետ:
 

«Նարեկը»` բժշկարան


Սուրբ Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը և հատկապես «Մատեան Ողբերգութեան» գիրքը եղել ու մնում է պաշտամունքի առարկա: Այն ուսումնասիրվել է որպես աստվածաբանական-փիլիսոփայական երկ, գրական-գեղարվեստական գործ, օգտագործվել բուժական նպատակներով: Ինչպե՞ս են մեկ երկի մեջ համատեղվում այս հատկանիշներն ու գործառույթները, ինչպե՞ս է ժամանակի ընթացքում փոխվել «Նարեկի» ընկալումն ու մեկնաբանությունը, ի՞նչ խորհուրդներ ունի «Նարեկը»: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է իմաստասեր Աշոտ Պետրոսյանի հետ:

Գիրքը, գրողը, գրահրատարակչությունն ու պետությունը


Ինչպե՞ս և ինչո՞ւ փոխվեց Մշակույթի նախարարության քաղաքականությունը գրահրատարակչական ոլորտում, ի՞նչ ծրագրեր են իրականացվում ժամանակակից հայ գրականության զարգացման ու հանրահռչակման ուղղությամբ, ինչպե՞ս են համալրվում գրադարանները և ի՞նչ է արվում ընթերցանության խթանման համար: Այս հարցեր մասին Հայկ Համբարձումյանը զրուցել ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանի հետ:

Նոր երաժշտություն, նոր ունկնդիր ու միջավայր


Հեղինակային երգերով ու ժողովրդական երգերի մշակումներով հայտնի ու սիրված «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը ստեղծագործում է արդեն 8 տարի: Կատարումներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: Ի՞նչ զարգացում է ապրել խմբի երաժշտությունը, որքանո՞վ է հայկական միջավայրը նպաստում նոր ու կոնցեպտուալ երաժշտության ստեղծմանը, ինչպե՞ս է փոխվում ունկնդիրը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի հետ:

Մշակութային քաղաքականություն


Որո՞նք են մշակույթի նախարարության գործունեության նպատակները, ի՞նչ սկզբունքներով և ինչպե՞ս պետք է կառուցվի մշակութային քաղաքականությունը, ի՞նչ ակնկալիքներ ունի հասարակությունը մշակույթի ոլորտում պետության քաղաքականությունից և պատրա՞ստ է արդյոք փոփոխությունների: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է մշակութաբան Համլետ Պետրոսյանի հետ:

Թումանյանի արժևորումը երեկ և այսօր


Ինչպե՞ս էր ուսումնասիրվում և գնահատվում Հովհ. Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը խորհրդային շրջանում, ի՞նչ առաջնային խնդիրներ ու թեմաներ կան այսօր: Ի՞նչ կարող է մեզ տալ Թումանյանի ստեղծագործության հանրահռչակումը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանի հետ: 

Թումանյանը՝ պետություն


Ո՞րն էր Թումանյանի ընկալմամբ մտավորականի առաքելությունը: Որքանո՞վ էր իր ժամանակի մեջ գնահատված մեծ բանաստեղծը, որքանո՞վ է ճանաչված այսօր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանի հետ: 
 

Հովհաննես Թումանյանի նոր ընթերցումը


Հովհաննես Թումանյանի, նրա ստեղծագործության նկատմամբ եղած ավանդական վերաբերմունքն ու թումանյանագիտական կաղապարներն այսօր որոշակիորեն խանգարում են մեծ բանաստեղծի ստեղծագործության նորովի ընթերցմանը: Ի՞նչ է անում թումանյանագիտությունն այս ուղղությամբ, ի՞նչ նոր բացահայտումների և ուսումնասիրությունների հնարավորություն են տալիս Թումանյանի արխիվում պահվող նյութերը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Անի Եղիազարյանի հետ: 
 

Թումանյան՝ հոբելյանական


Լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Ի՞նչ է արվել և արվելու մեծ բանաստեղծի հոբելյանը պատշաճ նշելու համար: Ի՞նչ ծրագրեր ու հրատարակություններ կան ուղղված Հովհ. Թումանյանի ստեղծագործության հանրահռչակմանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Անի Եղիազարյանի հետ: 

Հայոց ցեղասպանության արձագանքներն Իտալիայում


Հայոց ցեղասպանությունն անմիջական արձագանք գտավ իտալական մամուլում և գրականության մեջ: Ի՞նչ աղբյուներից էր իտալական մամուլը ներկայացնում մեծ ողբերգությունը, ի՞նչ տոնայնությամբ, որքանո՞վ էին այդ արձագանքները կապվում իտալական քաղաքական կուսակցությունների և Իտալիայի վարած արտաքին քաղաքականության հետ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանասիրական գիտությունների դոկտոր, թարգմանիչ Սոնա Հարությունյանի հետ:

Պարույր Սևակի ծննդյան 95-ամյակը


Լրացավ Պարույր Սևակի ծննդյան 95-ամյակը: Սևակի ստեղծագործությունների նոր հրատարակությունների, գիտական ուսումնասիրությունների, տուն-թանգարանի գործունեության, ինչպես նաև հեղինակի ստեղծագործության ներկայացման ու հանրահռչակման խնդիրների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ, Պ. Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանի հետ:

Հենրիկ Սիրավյանի աղոթքը


Տարեվերջին Մարտիրոս Սարյանի թանգարանում բացվեց Հենրիկ Սիրավյանի նկարների հոբելյանական ցուցահանդեսը՝ «Իմ աղոթքը Հայաստանի մասին խորագրով»:  Ներկայացվեցին նկարչի հայտնի աշխատանքներ ու նախկինում չցուցադրված գործեր: Ցուցահանդեսի, Հենրիկ Սիրավյանի արվեստի առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ Գագիկ Սիրավյանի հետ: