Մարդիկ, ովքեր իրենց ստեղծագործական հետքն են թողել պատմության էջերում: Հայ և համաշխարհային մշակույթի, գիտության, հոգևոր և հասարակական կյանքի երևելիները, նրանց կյանքն ու գործունեությունը հեռուստահանրագիտարանի ձևաչափով:

Վարդան Այգեկցի


Մեծագույն հայ առակագիրներ Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու շնորհիվ հայ գրականության այդ ժանրը հասավ համաշխարհային բարձունքների: Այգեկցին նաև նշանավոր հոգևորական գործիչ էր: Նրա գլխավոր խնդիրը հայ եկեղեցու ինքնուրույնությունը պաշտպանելն էր: Այգեկցու անունով մեզ հասած առաջին գործը «Արմատ հավատո» ժողովածուն է: Առակների ժողովածուներից ամենահայտնին  «Աղվեսագիրք»-ն է, որն առաջին անգամ լույս է տեսել Ամստերդամում, 1668 թվականին:

Լեռ Կամսար


Նա միակ բացահայտ հակասովետական գրողն էր: Նա հալածվել է ողջ կյանքում, աքսորվել նախ Սիբիր, ապա՝ Հայաստանի հեռավոր գյուղերից մեկը: Նրան արգելում էին գրել, չէին տպագրում: Լեռ Կամսարի գրական ժառանգության հսկայական մասն անտիպ է:

Սուրեն Քոչարյան


Նրա արվեստը ոմանք գրական էստրադա էին կոչում, ոմանք՝ ասմունք: Իրականում Սուրեն Քոչարյանը մեկ դերասանի թատրոնի հիմնադիրն էր: 

Հակոբ Մնձուրի


Հակոբ Մնձուրին վերջին արևմտահայ գրողն է: 1915 թվականին Մնձուրին կարճ ժամանակով մեկնում է Պոլիս, բայց այլևս երբեք չի վերադառնում Արմտան գյուղ: Մեկնելուց օրեր անց սպանվում են ծնողները, կինը և չորս երեխաները: Նա ամբողջ կյանքում գրել է Երզնկայի գավառի հարազատ Արմտան գյուղի մասին: Առաջին գիրքը տպագրել է խոր ծերության տարիքում: Նրա արձակը հայտնություն եղավ հայ գրականության մեջ: Այսօր Մնձուրին ընկալվում է որպես մի քանի խոշորագույն հայ արձակագիրներից մեկը:

Երվանդ Քոչար


Նա եզակի արվեստագետներից է, որ համարժեք հզոր գործեր է ստեղծել կերպարվեստի բոլոր ժանրերում: Որքան ինքնատիպ են Երվանդ Քոչարի ստեղծագործությունները, նույնքան ինքնատիպ է նաև Քոչարն ինքը:
 

Ստեփան Զորյան


Ստեփան Զորյանի ստեղծագործությունները հայ արձակի լավագույն էջերից են: Ստեփան Զորյանը՝ որպես գրականության տերյանական դպրոցի անդամ, մաքրամաքուր հայրենի կրողն ու կիրառողն է: Հայ գրականության լավագուն պատմավեպերի՝ «Հայոց բերդի», «Պապ թագավորի» և «Վարազդատի» հեղինակը նաև փոքրածավալ արձակի հանճարեղ ներկայացուցիչ է: Նրա մյուս խիզախումը Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» քառահատոր վեպի անզուգական թարգմանությունն է: 
Զորյանին երբեմն մեղադրում են երեսնականների ստալինյան բռնությունների շրջանում անհոգության ու գործընկերներին չպաշտպանելու մեջ: Մինչդեռ նա իրականում ինքը անհանգստանալու առիթ ուներ…
 

Ալեքսանդր Մյասնիկյան


Ալեքսանդր Մյասնիկյանի ջանքերով Լոռին ու Զանգեզուրը մնացին Խորհրդային Հայաստանի կազմում: Նա այդպես էլ չստորագրեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու ստալինյան որոշումը: Ամենանշանավոր հայ ռազմական ու պետական գործիչը գալով սովից ու տիֆից արնաքամ լինող հայրենիք՝ կարողացավ զարգացման հիմքի վրա դնել երկրի տնտեսությունը, հաշտեցնել քաղաքացիական կռիվներով թշնամացած կողմերին, մեծ թվով նշանավոր հայ գիտնականների ու արվեստագետների հրավիրեց Հայաստան՝ միասին վերակառուցելու երկիրը: Կյանքն ավարտեց ողբերգական մահով, որի մեջ կասկածվում են Ստալինը և Բերիան: 

Վահան Տերյան


Բանաստեղծ, որը շրջել է հայ գրականության զարգացման ընթացքը: Վահան Տերյանը հայ պոեզիայի մեծ բարենորոգիչ է, հայ գրականության գագաթներից մեկը: Նա բերել է նոր թեմաներ, լեզու ու արտահայտչամիջոց: Մինչև օրս էլ քննարկման առարկա են Վահան Տերյանի բանաստեղծական մեթոդի, գրական հայացքների, նրա բանաստեղծության ազգային էության հարցերը: 

Ալֆրեդ Նոբել


Այն, որ մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ չի շնորհվում, որովհետև Ալֆրեդ Նոբելի կնոջ սիրեկանը մաթմատիկոս էր, գյուտարարի մասին ամենատարածված լեգենդն է: Մինչդեռ Նոբելը երբեք ամուսնացած չի եղել: Կենսագիրների կարծիքով, Նոբելը որպես խիստ պրակտիկ գիտնական, մաթեմատիկան համարում էր իմացության շատ վերացական ոլորտ, որում զուտ արդյունքի տեսանկյունից հնարավոր չէ որոշել, թե որ հայտնագործությունը կարելի է մյուսից ավելի բարձր դասել:

Լազարյաններ


Ցարական Ռուսաստանում Լազարյանները հայտնի էին իբրև բարերարներ, ազգային ու պետական պաշտոնյաներ: Նրանց միջնորդությամբ են կառուցվել ռուսական երկու մայրաքաղաքների առաջին հայկական եկեղեցիները: Ձեռնարկներից ամենանշանակալին Լազարյան եղբայրների ջանքերով 1815թ. հիմնված Լազարյան ճեմարանի բացումն էր: Այս կրթօջախը հետագայում վերաճել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի, որն էլ դարձել է  ռուսական արևելագիտության հիմնաքարերից մեկը: Շուրջ մեկուկես դար այստեղ կրթության հնարավորություն են ստացել հայ և ռուս ականավոր գրողներ, մշակութային գործիչներ, բանասերներ ու պատմաբաններ։  

Ալեքսանդր Քեմուրջյան


Ամերիկացիներն առաջինը հասան Լուսին՝ կատարելով առաջին միջմոլորակային թռիչքը: Մի քանի տարի անց ռուսները հպարտությամբ նշում էին՝  Լուսնի վրա առաջին ոտնահետքը թողեցին ամերիկացիները, իսկ իրենց հաջողվեց թողնել առաջին անվահետքը: Առաջին լուսնագնացի համար խորհրդային գիտությունը պարտական էր հայազգի գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանին: Նրա ստեղծած մոլորակագնացները և լուսնագնացները առաջինն էին աշխարհում: Ալեքսանդր Քեմուրջյանի մեքենաները հարյուրավոր կիլոմետրեր անցան Երկրի արբանյակի և հարևան մոլորակների մակերևույթին՝ մարդկությանը փոխանցելով առաջին անգնահատելի տեղեկությունները անծանոթ տիեզերքի մասին: 
 

Թորոս Թորամանյան


«Եթե ճարտարապետությունը քարացած երաժշտություն է,- գրել է Ավետիք Իսահակյանը,-ապա Թորոս ճարտարապետը այդ քարացածը վերածել է կենդանի երգի: Նա մեր հոյակապ ավերակների և հուշարձանների նույնքան հոյակապ երգիչն է»: Հեռուստահանրագիտարանը ներկայացնում է անվանի ճարտարապետ, գիտնական Թորոս Թորամանյանի կյանքն ու գիտական գործունեությունը: