Շարքի  հերոսները դպրոցահասակ երեխաներ են՝ իրենց հետաքրքրություններով և հոգսերով: Բայց կա մի բան, որ նրանք անում են մեծ ջանասիրությամբ` շապիկ են հագնում և Խորան բարձրանում. ծառայում եկեղեցում որպես դպիր:   
Յուրաքանչյուր  հաղորդում մի պատմություն է, եկեղեցու հետ հաղորդակցության մի դեպք:
 
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 21:00-ին

Սբ. Սարգիս եկեղեցու Էրիկը


«Փոքր հասակից ծնողներիս հետ միշտ հաճախում էի եկեղեցի, բայց 13 տարեկանում միայն համարձակվեցի տեր հորը խնդրել, որ շապիկ հագնեմ»: Էրիկը սովորում է  ժեստերի լեզուն, ուզում է ծնողներին օգնել, որ պատարագը հասկանան: Էրիկի հետաքրքրությունները մեծ են՝ Երևանի Ս. Սարգիս եկեղեցում շապիկ է հանգում, «Թումո» է հաճախում, ընկերների հետ ակտիվ ժամանակ անցկացնում: Որոշել է ճեմարան ընդունվել ու քահանա դառնալ, ինչպես իր սիրելի տեր Եսային: 

Սբ. Զորավոր եկեղեցու Հայկը


Հայկը հայրիկի հետ ամեն կիրակի Սբ. Զորավոր եկեղեցում շապիկ է հագնում, մասնակցում պատարագի: Ասում է՝ ընտանիքի հետ շատ լավ է եկեղեցում: Որոշել է դառնալ կամ հոգևորական, կամ ֆուտբոլիստ, կամ երաժիշտ: 

Սբ. Երրորդություն եկեղեցու Արմենը


«Սկզբում ես եմ շապիկ հագել, հետո՝ հայրիկս: Ես եմ նրան երգերը սովորեցրել»: Մեր հերոսը Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու մանուկ դպիր Արմենն է: 

Ռազմիկը


«Տատիկից շնորհակալ եմ շատ, եթե ինձ եկեղեցի չտաներ, էդքան լավ ընկերների չէի հադիպի»: Մեր հերոսը Երևանի Սբ. Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցու մանուկ դպիր Ռազմիկն է:  

Վրեժը


Անհամբեր եմ, թե երբ է գալու կիրակին, որ պատարագի գնանք ընտանիքով,-ասում է փոքրիկ Վրեժը: Նա ամեն կիրակի շապիկ է հագնում և խորան բարձրանում: Եկեղեցում  շատ ընկերներ ունի, հատկապես սիրում է ամառային ճամբարները եկեղեցու բակում:  Շատ է ուզում հոգևորական դառնալ, ասում է՝ դրա համար դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:

Ծաղկազարդ


Հայաստանի տարբեր եկեղեցիներում ծառայող 16 մանուկ դպիրներ Ծաղկազարդի տոնն անցկացրեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, առաջին անգամ պատարագի մասնակցեցին Մայր տաճարի խորանին, ապա՝ հանդիպեցին Վեհափառ հայրապետի հետ ու նվերներ փոխանակեցին: Թե ինչպես էին պատրաստվել այդ օրվան և ինչ ապրումներ ունեցան, պատմում են իրենք՝ մանուկ դպիրները: 

Երեք եղբայր


«Նարեկը երազում է զինվորական դառնալ, Լևոնը՝ խոհարար, իսկ ես՝ իսկական բժիշկ,-ասում է 8-ամյա Վարդանը,- եղբայրներով սիրում ենք հետաքրքիր խաղեր հորինել, նկարել, բայց ամենից շատ սպասում ենք կիրակիին, որ Սբ. Երրորդություն եկեղեցում  պատարագի մասնակցենք ու խորան բարձրանանք: Լավ է երբ երեքով միասին ենք երգում ու աղոթում»:

Սբ. Մարիանեի դպիրները


Բագրատն ու Վարդանը երկվորյակներ են: Թե ինչ միջադեպից հետո եղբայրները որոշեցին շապիկ հագնել ու բարձրանալ Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցու խորան, պատմում են Խաչիկ դպիրն ու եղբայրները:

Ջրվեժի դպիրները


«Մեր կիրակին շատ լավ է սկսվում. ես, Ռաֆայելն ու հայրիկը շապիկ ենք հագնում ու խորան բարձրանում, Անուշն ու Աստղիկը երգչախմբում երգում են, մայրիկն էլ ուշադիր   մեզ է լսում»: Մեր հերոսները Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու դպիրներն են:   

Արթուրը և Սարգիսը Մուղնիից


Արթուրի և Սարգսի առօրյան փոխվեց, երբ նրանց առաջարկեցին եկեղեցի հաճախել ու շապիկ հագնել: Նրանք օգնում են քահանաներին ուխտագնացությունների ժամանակ, մասնակցում պատարագներին ու ժամերգություններին: Արթուրը երազում է հայտնի երգիչ դառնալ, Սարգիսը՝ ռազմական բժիշկ:   

Ազատանի եկեղեցու Արթուրը


«Մի անգամ ուխտագնացության ժամանակ դեպք եղավ, ու դրանից հետո մամային խնդրեցի, որ եկեղեցում ծառայեմ»: Տասնամյա Արթուրը Ազատանի Սբ. Ստեփանոս եկեղեցում շապիկ է հագնում և մասնակցում պատարագի: Մեզ հետ կիսում է իր մտորումներն ու պատմում երազանքների մասին. դրանցից ամենակարևորը Ֆրունզիկի պես դերասան դառնալն է:

Ջրվեժի Սբ. Կաթողիկեի Դավիթը


Փոքրիկ Դավիթն մենք հանդիպեցինք Ջրվեժի Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցում: Նա մեզ պատմում է առաջին անգամ դպրի շապիկ հագնելու, խորան բարձրանալու և իր երազանքների մասին: