Նրանք մեզ հետ են, մեր կողքին: Նկարիչ են, երաժիշտ, գրող, հոգևորական, գիտնական, բժիշկ, ովքեր ամբողջ կյանքում արժեք են ստեղծում բոլորի համար, մարդիկ, ում գործը չի պարագծվում ներկա ժամանակով:
Նրանց պետք է ճանաչել, նրանց պետք է տեսնել իրենց ստեղծագործության ակունքում, պետք է իմանալ՝ ինչ են մտածում երեկվա, այսօրվա ու վաղվա մասին, մարդու, բնության և Աստծո մասին:

Արա Շիրազ


«Դիմաքանդակի վարպետ». այսպես են արվեստաբանները բնութագրում 20-րդ դարի հայ կերպարվեստի ամենավառ երևույթներց մեկին՝ Արա Շիրազին: Նրա նորարար հայացքների, ստեղծագործության շրջափուլերի ու կենսագրության հետաքրքիր դրվագների մասին է մեր հաղորդումը: 

Հովհաննես Զարդարյան


1956 թվականին արված Զարդարյանի «Գարունը» խորհրդանշում է սովետահայ   նկարչության ձնհալի սկիզբը: Հովհաննես Զարդարյանը խորհրդահայ այն եզակի արվեստագետներից է, ում այդ տարիներին հաջողվել է մասնակցել միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների, վենետիկյան երեք բիենալեի: Զարդարյանի հարուստ ժառանգության մեծ մասը ուսումնասիրված չէ և անհայտ է հանրությանը: 

Ստեփան Մարտիրոսյան


Ստեփան Մարտիրոսյանը հայկական հեռուստատեսության առաջին օպերատորներից է, որն իր ուղին շարունակեց կինոյի ճանապարհով: «Սայաթ-Նովա», «Խղճի ձայնը», «Վերջին նետում», «Հարսնացուն հյուսիսից»՝ նրա նկարահանած գեղարվեստական ու վավերագրական բազմաթիվ ֆիլմեր հայ կինոյի համար ուղեցույց են:

Մուրադ Հասրաթյան


Մուրադ Հասրաթյանը ուսումնասիրել և հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն շարադրել է հայկական ճարտարապետության ամբողջական պատմությունը: Հասրաթյանը դասախոսել է հեղինակավոր գիտաժողովներում ու արտերկրի համալսարաններում:  Այսօր էլ գիտնականը երիտասարդական եռանդով շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը: ԳԱԱ արվեստի ինստիտուտում նրա ղեկավարությամբ շարունակում է լույս տեսնել հայկական ճարտարապետությանը նվիրված վեցհատորյակը: 

Ստեփան Ռոստոմյան


Կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի միջազգային ճանաչումը սկսվեց 1989-ին, երբ Խորհրդային Միությունը նրան պատվիրեց ստեղծագործություններ Գլազգոյի «Նյու Բիգինինգ» փառատոնի համար: Այսօր Ռոստոմյանի սիմֆոնիաները հնչում են աշխարհի հեղինակավոր բեմերում: Կոմպոզիտորի ջանքերով ստեղծվել է նաև «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, որն արդեն հարուստ կենսագրություն ունի: 

Հակոբ Խալաթյան


Հակոբ Խալաթյանն արդեն քառասուն տարի անբաժան է քամանչայից: Նա  դասական և ժողովրդական գործերի բազմաթիվ փոխադրումներ, մշակումներ է արել: Աշխարհի տարբեր բեմերում քամանչայով կատարել է Ա. Խաչատրյանի ջութակի և նվագախմբի կոնցերտը, էդ. Բաղդասարյանի Ռապսոդիան, Ավետ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիան և այլ դասական գործեր: 

Արմեն Աթայան


94-ամյա գեղանկարիչն իր ամենահաջող նկարը մանկապարտեզում արած նկարն է համարում: Արմեն Աթայանն այսօր էլ ժամեր շարունակ արվեստանոցում է, իր հազարավոր գործերով փորձում է պատմել բնության և մարդու ներդաշնակության մասին: 

Կարեն Քոլոյան


«Մանկական օրթոպեդը նախ պետք է լավ հոգեբան լինի: Բժշկության ոլորտում նվիրումն ու աշխատասիրությունն են հաջողություն բերում»,- համոզված է բժշկական գիտությունների թեկնածու, Հյուսիսային Ամերիկայի մանկական օրթոպեդների միության (POSNA) թղթակից անդամ, Եվրոպայի մանկական օրթոպեդների միության (EPOS) անդամ Կարեն Քոլոյանը: 

Մելիք Բաղդասարյան


Ֆոտոլրագրող Մելիք Բաղդասարյանը լուսանկարել է մեր հասարակական, քաղաքական կյանքի կարևոր իրադարձությունները, պատմական հուշարձանները, զբաղվել նաև սպորտային լուսանկարչությամբ: 

Էդուարդ Խարազյան


Գեղանկարիչ Էդուարդ Խարազյանը կյանքի այս փուլում ուրվագծել է ազատության իր սահմանները, որտեղ մենակ է ինքն իր հետ: Երիտասարդ տարիների բազմազբաղությունը նկարիչը փոխարինել է արվեստանոցային լռությամբ: 

Արա Զարյան


Արդեն վեց տարի, ամեն ամառ Իտալիայից Հայաստան է  գալիս հայազգի անվանի ճարտարապետ Արա Զարյանը, վերականգնում մեր եկեղեցիների ու վանքերի որմնանկարները: Թեև տասնամյակներ շարունակ ապրում է Իտալիայում, բայց հայրենիքի հետ կապը չի խզում: Համոզված է, որ անվանի պապից՝ Կոստան Զարյանից փոխանցված գաղափարները օգնում են հայ մնալ և հայրենիքի ուխտավորը լինել: 

Խորեն Տեր-Հարության


Քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է մանկության տարիներին տեսած հայկական ջարդերի թեման: Թեև ճակատագրի բերումով արվեստագետը հաստատվում է ԱՄՆ-ում, բայց ստեղծագործական ողջ ժառանգությունը նա կարողանում է հասցնել հայրենիք: Պատմում են Խ. Տեր-Հարությանի թանգարանի տնօրեն Հարություն Հարությունյանը, արվեստաբան Մարիամ Դավթյանը և Խ. Տեր-Հարությանի ազգական Գուրգեն Մուրադյանը: