Հայրենիքից հեռու ծնված հայերը շատ են: Նրանք դեպի տուն՝ Հայաստան է եկել կամ դեպքերի բերումով, կամ հատուկ մտադրությամբ՝ իրականացնելով պապերի կամ իրենց երազանքը: «Դեպի տուն» հաղորդաշարի յուրաքանչյուր հաղորդում մի վերադարձի պատմություն է:
 
Պարբերականությունը՝ ամեն կիրակի, ժամը 22:05-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 16:20-ին

Հակոբ Հակոբյան


26 տարի Ռուսաստանում, Դուբայում, Անգլիայում, Ֆրանսիայում ապրելուց հետո Հակոբը վերադարձել է Հայաստան: Երջանիկ պատահականությամբ հանդիպել է ապագա կնոջը, որն էլ նրան համոզել է հաստատվել Հայաստանում: Նրանք վարձակալությամբ գործարկում են «Ագապե» սեղանատունը: Հակոբը ուրախ է, որ հնարավորություն ունի մասնակցելու նոր Հայաստանի կառուցմանը:

Գևորգ-Ջորջ Քասսաբյան


Գևորգ-Ջորջ Քասսաբյանը ծնվել է Սիրիայում, երիտասարդ տարիքում տեղափոխվել է Կանադա, բազմաթիվ անգամներ եկել է Հայաստան ապրելու ու էլի հետ վերադարձել: Մի քանի տարի է` Հայաստանում է, իր համար մի ճշմարտություն է պարզել. «Հայի գենետիկ այս հողի հետ է կապված»: Ընտանիքը դեռ Կանադայում է, Գևորգը համոզված է, որ գենետիկ կոդը նրանց էլ է Հայաստան բերելու:  

Դաննիել Ռումեան


Դաննիել «Դեպի Հայք» ծրագրով Հայաստան գալուց հետո որոշում է մնալ Հայաստանում: Նա Մադրիդից է: Մայրը անգլուհի է, հայրը կես հայ, կես իսպանացի: «Իսպանիայում ես անգլիացի էի, Անգլիայում՝ իսպանացի, իսկ Հայաստանում բոլորը պնդում են, որ հայ եմ: Թող այդպես լինի...»: 

Դանիել Ղևոնդյան


Դանիել Ղևոնդյանը Հայաստան է տեղափոխվել Պարսկաստանից, ավարտել է Ամերիկյան համալսարանը, աշխատել է տարբեր ոլորտներում: Այսօր հիմնել է «Չրենի» չրարտադրության փոքրիկ գործարանը, բայց ամենամեծ նվաճումը համարում է հայրենիքում լիիրավ անդամ զգալու զգացողությունը և նոր Հայաստանում ապրելն ու արարելը: 

Նարեկ Ղազարյան


Նարեկ Ղազարյանը Սան Ֆրանցիսկոյից տարիներ առաջ տեղափոխվել է Հայաստան և աշխատում է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամում: Հայաստան տեղափոխվելու իր քայլը համարում է երբևէ արած իր ամենաճիշտ քայլը: Նարեկը հստակ նպատակ ունի, որի շուրջ էլ կիսել է մտքերը մեր տեսախցիկի առջև: 

Վիգեն Հովսեփյան


Վիգենը 2001 թ.-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Իսպանիա, այնտեղ ավարտել է դպրոցը ու սկսել զբաղվել երաժշտությամբ: Նվագել է «Բարսելոնա էթնիք» խմբում: Հետո ծանոթացել է ապագա կնոջ հետ և վերադարձել Հայաստան: «Այսօր Երևանը շատ է փոխվել, հույս ունեմ, որ շուտով կկառուցենք այնպիսի Հայաստան, որ բոլորին դուխով կանչենք հայրենիք»:  

Արթուր Գույումջյան, Րաֆֆի Գույումջյան


Սիրիայից Հայստան տեղափոխված Գույումջյանների ընտանիքը ստիպված էր հայաստանյան կյանքը սկսել զրոյից: Այսօր նրանք Հայաստանը համարում են միակ տեղը, որտեղ կարելի է լիարժեք ապրել: Ուրախ են, որ այսօրվա Հայստանի մաս են կազմում և ոչ ոք երբևէ չի կարող նրանց դուրս հանել իրենց տնից: 

Նարե Բեջանյան


Լեռնագնացությամբ զբաղվող Նարե Բեջանյանը Դոնի Ռոստովից վերադարձել է Հայաստան: Խոստովանում է, որ Հայաստանում ապրելը հեշտ չէ, հաճախ անկումային պահեր է ունենում: Երբ ետ գնալու համար ճամպրուկն է հավաքում, օգնության են գալիս լեռները...  

Արմեն Խաչատրյան, Արփի Կոջայան


Արմենն ու Արփին Հայաստան են տեղափոխվել Լոնդոնից: Արփին իրականացրել է իր երազանքը՝ պարում է պարի պետական անսամբլում:
Նրանց համար Հայաստանում ապրելու առավելությունները շատ են: «Ուզում ենք վստահեցնել բոլոր զարմացողներին, որ Հայաստանում ևս կարելի է ապրել, աշխատել և երջանիկ լինել»:  
 

Գրեյս Բարդակչյան


«Այն, ինչ այսօր ունեմ ՝ ընտանիք, մասնագիրություն, ընկերներ, այստեղ եմ ձեռք բերել, չեմ պատրաստվում այլ տեղ գնալ»: Գրեյսը ընտանիքով Հայաստան է տեղափոխվել ԱՄՆ-ից, դեռ 1990-ականներին: Մասնագիտությամբ երաժիշտ է, այստեղ մասնագիտացել է անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանության մեջ:

Րոֆֆի Պետրոսյան


Րոֆֆի Պետրոսյանը կես հայ է, կես ամերիկացի: Կիսատ լինելու զգացողությունը մշտապես նրա հետ է եղել: 31 տարեկանում որոշում է գալ Հայաստան և հասկանալ՝ ինչ է նշանակում լինել հայ: Արդեն 4 տարի է Հայաստանում է, ճամփորդել է հյուսիսից հարավ, արևմուտքից արևելք ու բացահայտել իր պատմությունը, որը ցանկանում է փոխանցել իր երեխաներին: 

Նունե Մալաքյան, Արտեմ Թադևոսյան


Նունեն և Արտեմը երկար տարիներ Մոսկվայում ապրելուց հետո որոշում են վերադառնալ Հայաստան: Կարճ ժամանակ է պահանջվում հայկական իրականության մեջ ներգրավվելու համար: Հայաստանում Նունեն թողնում է ակնաբույժի իր մասնագիտությունը և սկսում զբաղվել ակնապակու արվեստով, Արտեմը՝ չրի արտադրությամբ: «Մեզ համար կարևոր է մասնակցել երկրի կառուցմանը, որտեղ մեր երեխաներն են ապրելու, մենք դրա՛ համար ենք եկել Հայաստան»,-ասում են ամուսինները: