Եկեղեցական կյանք 31.10.2017 Հովվապետական այց ԱՄՆ

Հոկտեմբերի 25-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հնգօրյա հովվապետական այցով մեկնեց Միացյալ Նահանգներ: Հայրապետը Լոս Անջելես ժամանեց առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հրավերով՝ հանդիսապետելու ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի 90-ամյակի արարողություններին: 
Վեհափառ հայրապետը այցելեց «Վաչե և Թամար Մանուկյան» հայկական վարժարան, տարեցների խնամքի «Արարատ» տուն։ Ամերիկաբնակ հայ հավատացյալները Ամենայն հայոց հայրապետին դիմավորեցին Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում, տեղի ունեցավ Հրաշափառի արարողություն։ Հայոց հայրապետը հանդիպեց նաև շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների, հայկական վարժարանների աշակերտների, թեմի երիտասարդների հետ: 
Սուրբ Խաչի գյուտի տոնի օրը՝ հոկտեմբերի 29-ին Ամենայն հայոց կաթողիկոսը պատարագ մատուցեց թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում:
Հնգօրյա այցի ընթացքում Վեհափառ հայրապետը մեկ օրով կմեկնի Մեքսիկա, կհանդիպի հայ համայնքի հետ, ինչպես նաև կմասնակցի միջեկեղեցական հատուկ արարողության Մեխիկոյի մայր տաճարում։
Նոյեմբերի 1-ից 3-ը ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում տեղի կունենա նաև Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։
 
Մեկնաբանություններ