Եկեղեցական կյանք 06.04.2018

Վատիկանում բացվել է Կաթոլիկ եկեղեցու կողմից Տիեզերական վարդապետ հռչակված Ս. Գրիգոր Նարեկացու արձանը: Արարողությանը մասնակցել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: 
Ապրիլի 6-ը խորհրդային բռնաճնշումներին զոհ դարձած հոգևորականների հիշատակի օր է: Այդ օրը Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսի մահվան, կամ ոչ պաշտոնական վարկածով՝ սպանության օրն է: Այս տարի լրանում է նրա մահվան 80-րդ տարելիցը:
Ապրիլի 5-ին Արարատյան հայրապետական թեմը քայլերթ էր նախաձեռնել Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից դեպի Եռաբլուր պանթեոն: Երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրիմներին, այնուհետև Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու առջև կատարվեց հոգեհանգստյան կարգ: 
Զատկական օրերին հայրենիքում էր Բեյրութի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց» համախմբման ատենապետուհի տիկին Անահիտ Տանձիկյանը: Նա հանդիպել է նաև Հայոց հայրապետին: 
ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը, Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ համատեղ, կազմակերպել էր «Արագ արձագանքում աղետներին» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին քահանաներ Հայ եկեղեցու բոլոր թեմերից:  
«Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի շրջանակում կիրակնօրյա դպրոցներ են բացվում Տավուշի թեմի տարբեր համայնքներում: Հերթականը Հաղարծին գյուղում էր:  
 
Մեկնաբանություններ