Եկեղեցական կյանք 09.04.2018

Ավարտվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրական այցը Վատիկան: Մեր երկրի հոգևոր և աշխարհիկ պետերը մասնակցեցին Ս. Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Վեհափառ հայրապետը առանձնազրույց ունեցավ Հռոմի սրբազան քահանայապետի հետ: Ի նշան եղբայրության և տարիների բարեկամության՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գարեգին Բ կաթողիկոսին Սիքստինյան Կապելլայի պատկերներով զարդարված խաչ նվիրեց: Այնուհետև եկեղեցապետերն այցելեցին Ս. Պետրոսի տաճար։ Հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ հայրապետին նվիրված արձանի առջև կատարվեց մասնավոր աղոթք:
Ապրիլի 7-ին, Մայր Աթոռի «Գարեգին Ա» գիտական կենտրոնում Ամենայն հայոց կաթողիկոսը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին պարգևատրեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական բարձր շքանշանով՝ Սուրբ Էջմիածնի պայծառությանը բերած բացառիկ ավանդի ու աստվածահաճո ծառայությունների համար: 

Կրկնազատկին Իջևանում կատարվեց Տավուշի թեմի առաջնորդարանի, սոցիալ-կրթական, մշակութային և երիտասարդական կենտրոնի շենքի հիմնարկեքը: Նախագծող ճարտարապետն է Մարիամ Մովսիսյանը, շինարարական աշխատանքները համակարգում է Տավուշի մարզի գլխավոր ճարտարապետ Միսաք Մելքումյանը: Շենքը կառուցվում է Միացյալ Նահանգներում, Կանադայում, Հայաստոնւմ բնակվող անհատ բարերերների, ինչպես նաև մի շարք կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներով:

Ամեն տարի Սուրբ Հարության տոնին հաջորդող կիրակի օրը Մատենադարանից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի է տարվում Շուրիշկանի ավետարանը: Ուխտավորները հավատացած են «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով հայտնի խնդրակատար ավետարանի զորության հարցում: 

Աստվածածնի Ավետման տոնի նախատոնակին հանդիսություն էր կազմակերպվել առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում: Իսկ շաբաթ օրը՝ ապրիլի 7-ին, Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց տոնական պատարագ:
Մեկնաբանություններ