MrFWAskcI44

Սեպտեմբերի 24-ից Մայր Աթոռի պատվիրակությունը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ գտնվում է Նյու Յորքում: Վեհափառ հայրապետը ներկա գտնվեց աշխարհահռչակ Մետրոպոլիտեն թանգարանում «Հայաստան» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Հանդիսությանը մասնակցեցին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ: Գարեգին Բ-ը ազգային բարերարների հետ միասին սեպտեմբերի 25-ին ներկա գտնվեց նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին ՀՀ վարչապետի ելույթին: Նյու Յորք այցելության ընթացքում Վեհափառ հայրապետը և Նիկոլ Փաշինյանը եղան Սբ. Վարդան եկեղեցում: Ամենայն հայոց կաթողիկոսը աղոթեց և հայրապետական իր պատգամը հղեց ներկաներին:
Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի «Սուրբ գիրքը՝ փոփոխվող աշխարհում» միջազգային համաժողով: Մասնակիցներն արդեն հայոց հոգևոր կենտրոնում են և մինչ համաժողովի աշխատանքները սկսելը, ծանոթացան Մայր Աթոռի թանգարաններում պահող գանձերին: Արևելյան և Արևմտյան ուղղափառ եկեղեցիների և Միացյալ Աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչները այցելություն են նախատեսում նաև դեպի Ծիծեռնակաբերդ և մաշտոցյան մատենադարան: Իսկ համաժողովի ավարտին կստորագրեն «Փոխըմբռնման և համագործակցության հուշագիր»: 
Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում այսօր մեկնարկեց «Սուրբ գիրքը փոփոխվող աշխարհում» խորագրով միջազգային համաժողովը: Արևելյան և արևմտյան ուղղափառ եկեղեցիների և Միացյալ Աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչները հանդես եկան զեկուցումներով, որոնք վերաբերում էին քրիստոնեական եկեղեցիների և ժողովուրդների կյանքում Սուրբ Գրքի դերին: Ինչպե՞ս ապրել ժամանակակից աշխարհում և միևնույն ժամանակ կրողը լինել Քրիստոսի Ավետարանի. համաժողովի առանցքային հարցերից մեկն էլ սա էր: 
Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը թողարկել է Ղուկասի ավետարանը՝ ժեստերի լեզվով: Սկավառակի շնորհանդեսը բացվեց համատեղ աղոթքով, որը կարդաց Նիգերիայից ժամանած կարդինալը: Ներկա էին Արևելյան ուղղափառ եկեղեցիների և Աստվածաշնչային ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք այս օրերին Հայաստանում մասնակցում են Ս. Էջմիածնում ընթացող միջազգային համաժողովին: Տեսասկավառակների ստեղծմանը մասնակցել են իրենք՝ լսողական խանգարաումներ ունեցող երիտասարդները: Սա Աստվածաշնչային ընկերության հետ խուլերի համար թողարկված արդեն երրորդ սկավառակն է: 
Կոմիտասի ծննդյան 150-ամյակին ընդառաջ Մայր Աթոռն ու  Էջմիածնի  քաղաքապետարանը համատեղ եռօրյա հոբելյանական միջոցառումների շարք անցկացրեցին: Սեպտեմբերի 27-ին՝ միջոցառումների վերջին օրը, Մայր Աթոռի մատենադարանում բացվեց Կոմիտասին նվիրված ցուցահանդես: Ներկաները հնարավորություն ունեցան ցուցասրահում տեսնել մեծ արվեստագետի արծաթե զարդանախշերով դիրիժորական փայտիկները, մոմակալները, սուրճի գավաթը գդալի հետ և այն թանաքածայր գրիչները, որով Կոմիտասն աշխատել և սերունդներին է փոխանցել իր անգնահատելի մշակումները, ուսումնասիրությունները: Միջոցառման ընթացքում կոմիտասյան երգերով, պատարագի հատվածներով ներկաներին ողջունեց Գևորգյան ճեմարանի երգչախումբը: Միջոցառման երկրորդ մասում հանդես եկավ «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը՝ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Տոնական օրվա ավարտին ներկաներին շնորհավորեց և իր օրհնության խոսքն ուղեց Մայր Աթոռի միաբան Տ. Զաքարիա ծայրագույն վարդապեդ Բաղումյանը: 
«Մշակույթը որպես սոցիալական փոփոխությունների բանալի» ծրագիրն ամփոփում է արդյունքները: Ծրագրի նպատակն էր` զարգացնել երեխաների ստեղծագործական ներուժը և նպաստել նրանց ներառմանը համայնքների մշակութային կյանքում: «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության երկարամյա փորձի արդյունքում ձևավորվել է աշխատանքային մոդել, որի հիմքում մշակույթը դիտարկվում է որպես սոցիալական փոփոխությունների կարևոր գործոն: Ծրագրի շրջանակում աշխատել են «նպաստառուից հարկատու» մեթոդով` երեխաներին և նրանց ընտանիքներին առաջին հերթին օգնելով ձեռք բերել կյանքն ինքնուրույն կառուցելու և ծագած խնդիրները լուծել կարողանալու ունակությունենրը:
 
Մեկնաբանություններ