Եկեղեցական կյանք 01.10.2018

Հայ առաքելական եկեղեցին Խաչվերացի երրորդ կիրակի օրը նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը: Այս տարի այն նշվեց սեպտեմբերի 30-ին, որի առիթով Տավուշի մարզի Նոր Վարագավանք եկեղեցում թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մատուցվեց Սուրբ պատարագ: Կիրակնօրյա պատարագին նախորդեց եկեղեցու խաչի օծման արարողությունը, որին մասնակցում էին մեծ թվով հավատացյալներ շրջանից և Հայաստանի տարբեր մարզերից, աշխարհի տարբեր ծայրերից տոնի առիթով հայրենիք վերադարձած ուխտավորներ, բարձրաստիճան պետական այրեր: 
Վարագա սուրբ Խաչի տոնին Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի եկած հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչը և տոնական պատարագ մատուցվեց: 
Սեպտեմբերի 30-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ օծվեց Շենավանի նորակառույց եկեղեցին և անվանակոչվեց Ս. Ամենափրկիչ: Եկեղեցին կառուցվել է շենավանցի բարերարներ Արայիկ և Հենրիկ Գրիգորյանների ջանքերով: Ճարտարապետն արդեն լուսահոգի Էդուարդ Գրիգորյանն է: Եկեղեցում սպասավորելու է Ապարանի շրջանի հոգևոր հովիվ Տ. Մուշե քահանա Վահանյանը: 
Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակի օրն առանձնահատուկ աշխուժություն էր տիրում Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Հավատացյալները եկել էին աղոթելու և ստանալու քաջամարտիկ Սուրբ Գևորգի օրհնությունն ու շնորհները: Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում պահվում է սրբի մասունքը: 
Սուրբ Գևորգ զորավարի տոնը նշվեց Վիրահայոց թեմի այլ եկեղեցիներում նույնպես: 
«Հոդված 3» ակումբում ցուցադրվեց լրագրող Արուս Հակոբյանի «Սահմանի սրբազանը» ֆիլմը: Սահմանի սրբազանը Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է։ Երեք տարի առաջ նա տեղափոխվեց Հայաստան և այսօր առաջնորդում է Ադրբեջանին սահմանամերձ Տավուշի թեմը՝ փորձելով փոփոխություններ բերել ամենօրյա կրակոցների տակ ապրող բնակչության կյանքում։ Ֆիլմում ոչ մի կադր բեմադրված չէ: Հեղինակը պարզապես տեսախցիկը ձեռքին հետևել է Բագրատ սրբազանի ու ժապավենին հանձնել նրա գործունեության տարբեր դրվագները:
Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցը հյուրերին դիմավորեց համերգային ծրագրով: Հոկտեմբերի 1-ին այստեղ ամփոփվեց «Աստվածաշնչային գիտելիք» վիկտորինան: Խաղը կազմակերպել էր Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը: Վիկտորինան «Առաքելություն մանուկներին» ծրագրի բաղադրիչներից է: Արդյունքներն ամփոփելիս Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը շնորհավորեց հաղթողներին: 14 դպրոցների թիմերը պարգևատրվեցին ամառային էկումենիկ ճամբարի ուղեգրով: 
 
Մեկնաբանություններ