Եկեղեցական կյանք 02.11.2018

Հոկտեմբերի 31-ին մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի երկրորդ օրվա նստաշրջանը: Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը խորհրդի անդամներին ներկայացրեց եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա ընթացքը: Ապա, Գերագույն հոգևոր խորհուրդը անդրադարձավ համասեռամոլության երևույթին: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը խնդրի վերաբերյալ ներկայացրեց իր դիտարկումները և մտահոգությունը: Գերագույն հոգևոր խորհրդի այս քառօրյայում առանձին ներկայացվելու են հաջորդ տարի Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին վերաբերող ծրագրերը, ինչպես նաև սպասվելիք Ազգային եկեղեցական ժողովի նախապատրաստության հարցերը:
ՀԵՀԵՄ-ը 2018-ի դրամահավաքի շրջանակում մոտ 3 միլիոն դրամ հավաքագրեց, որից 1-ական միլիոն դրամը փոխանցվել է հատուկ կարիքներ ունեցող անձանց խնամք իրականացնող «Սորս» հիմնադրամին, ապրիլյան պատերազմում զոհված 10 զինվորի ընտանիքի, և ևս մեկ միլիոն դրամ՝ «Փիփլ» խնամքի ծառայության շահառուներից 10 անապահով ընտանիքի: Նոյեմբերի 1-ին ՀԵՀԵՄ-ի հոգևոր պատասխանատու և ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը հանդիպեցին ծրագրի կազմակերպիչների և շահառու ընտանիքների հետ: 
Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հայկական Սուրբ Նազարեթ եկեղեցու բակում շուտով թանգարան կբացվի: Հնդկահայոց հոգևոր հովիվ Մովսես աբեղա Սարգսյանը Հնդկաստանում հոգևոր սպասավորության առաջին օրերից նախաձեռնել, հավաքել և համակարգել է պատմական հայաշատ համայնքի մասին վկայող փաստաթղթեր, արձանագրություններ ու արժեքավոր իրեր:
Նոյեմբերի 1-ին հայաստանյան 10 ԲՈՒՀ-երի ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ և ակտիվիստ-ուսանողներ հանդիպեցին Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման պատասխանատու բարձրաստիճան հոգևորոկանների հետ՝ համատեղ քննարկելու ուսանողության խնդիրներն ու հետագա անելիքները:
Միջազգային լուրեր-Ալժիրում իշխանություններն արգելել են կանանց նիկաբ կրել աշխատավայրերում: Իռլանդիայում քվեարկել են աստվածանարգության սահմանադրական արգելքը հանելու օգտին: Իսլանդիայում մեծ ժողովրդականություն է ձեռք բերել վիկինգների՝ Ասատրու կոչվող հին հեթանոսական կրոնը: Վատիկանը և Չինաստանը համաձայնագիր են ընդունել Չինաստանում կաթոլիկների վիճակի վերաբերյալ: Այսուհետ Հռոմի պապը կկարողանա հաստատել Պեկինի առաջադրած եպիսկոպոսների թեկնածությունը:
 
Մեկնաբանություններ