Եկեղեցական կյանք 14.02.2019 Տեառնընդառաջ

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին, Քրիստոսի Ծնունդից 40 օր անց, նշում է քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճար բերելու և Աստծուն ընծայելու տոնը՝ Տեառնընդառաջը: Տոնի նախորդ օրը կատարվում է նախատոնակ: 
Սուրբ Գայանե վանքում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակ:  
Փետրվարի 14-ին Տեառնընդառաջի տոնական պատարագը Էջմիածնի Ս. Գայանե վանքում մատուցեց Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը: Կատարվեց նորապսակների օրհնության կարգ: 
Փետրվարի 13-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում երեկոյան ժամերգությունից հետո սկսվեցին ծիսական արարողությունները: Եկեղեցու բակում հոգևորականների օրհնությամբ վառվեց խորհրդանշական կրակը: Նախատոնակի մասնակիցները վառվող մոմերով վերադարձան տուն:
Փետրվարի 14-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տոնական պատարագ մատուցեց Տ. Առնակ քահանա Հարությունյանը, կատարվեց նորապսակների օրհնության կարգ: 
Ջրվեժի Ս. Աստվածածին Կաթողիկե եկեղեցում Հիսուսի՝ Տաճարին ընծայման նախատոնակը համայնքի հավատավորները նշեցին Կյուրեղ քահանա Տալյանի գլխավորությամբ: 
Փետրվարի 13-ին Արագածոտնի մարզի Տեղեր համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտավորներն ու հավատացյալ այցելուները նշեցին Տեառնընդառաջի նախատոնակը, իսկ նորապսակ զույգերը եկեղեցու հոգևոր հովիվ Մխիթար քահանա Ահարոնյանից օրհնություն ստացան:
 
Մեկնաբանություններ