Եկեղեցական կյանք 04.03.2019

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն hայոց hայրապետն ընդունեց Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին, որին ուղեկցում էր Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Ամենայն hայոց կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց մարզպետին նշանակման առիթով, ապա խոսեց 1988թ. երկրաշարժի աղետալի հետևանքների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին:
Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Բուն Բարեկենդանը տոնեց մարտի 3-ին: Սուրբ Գայանե վանքում Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթակճյանը մատուցեց փակ պատարագ: Եկեղեցիների խորանները փակ կմնան մինչև Ս. Հարության ճրագալույցի պատարագը:
Արարատյան հայրապետական թեմը տարիներ շարունակ Բուն Բարեկենդանի տոնը վերածում է ազգային տոնախմբության, որին աջակցում է Երևանի քաղաքապետարանը: Այս տարի տոնը կազմակերպվել էր ԱՀԹ-ի առաջնորդարանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակում:
Բուն Բարեկենդանի օրը Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը, քարոզիչը Արարատի մարզի հոգևոր տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանն էր:
Արագածոտնի մարզի Սաղմոսավան և հարակից համայնքների ուսուցիչները համակարգչային գիտելիքի վերապատրաստման դասընթացի են մասնակցել, որը կազմակերպվել էր Սաղմոսավան համայնքում գործող սոցիալական կենտրոնում՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը ուսուցիչներին վկայագրեր հանձնեց:

 

2019-03-04T19:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ