Եկեղեցական կյանք 13.05.2019

Մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Սուրբ Տրդատ բաց խորանում մատուցված հայրապետական պատարագի ընթացքում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը եպիսկոպոսության աստիճան շնորհեց Գերմանիայի և ԱՄՆ հայոց արևելյան թեմերի առաջնորդներ՝ Սերովբե վարդապետ Իսախանյանին և Դանիել վարդապետ Ֆընտըգյանին, Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանին:
Մայիսի 13-ին ԱՄՆ հայոց արևելյան թեմի առաջնորդ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը Սուրբ Գայանե վանքում ուխտի պատարագ մատուցեց: 
Ձեռնադրվող հոգևորականների հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են եկել նաև բարձրաստիճան հոգևորականներ արտերկրից, բազմաթիվ ուխտավորներ Սփյուռքից: Մայիսի 12-ին Գարեգին Բ-ն ընդունեց իր հրավերով Մայր Աթոռ ժամանած Գերմանիայի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակության անդամներին, որոնց առաջնորդում էր Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ և Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսը: Նույն օրը Հայոց հայրապետը հանդիպեց նաև Գերմանիայի 10 քաղաքներից ժամանած շուրջ 50 ուխտավորների և Ավստրիայից ժամանած պատվիրակության հետ:
Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Արմատ» խորագրով միջբուհական ուսանողական աշխատաժողովը: 
2019-ը Հայ եկեղեցին հայտարարել է Ըտանիքի տարի. Արարատյան հայրապետական թեմում մեկնարկել է «Ընտանիքը աստծո շնորհն է» հանդիպումների շարք: Առաջին հանդիպումը վարում էր Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Մայիսի 10-ին Արարատի մարզի Նորաբաց գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ բացվեց հուշարձան՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի, Արցախյան հերոսամարտի և Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին: Այդ պատերազմների ընթացքում Նորաբաց համայնքը շուրջ հարյուր զոհ է ունեցել: 
 
2019-05-13 21:35:00
Մեկնաբանություններ