Եկեղեցական կյանք 05.10.2018

Հոկտեմբերի 5-ին Փարիզի Լեզիվալիդես պալատի հրապարակում տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ Ազգային հերոս Շարլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցելու համար Ֆրանսիա էին մեկնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանն ու պաշտոնատար այլ անձինք: Արարողությանը մասնակցում էին Ֆրանսիայի ինչպես գործող, այնպես էլ նախկին նախագահները: Հայոց հայրապետի տնօրինությամբ, հոկտեմբերի 6-ին, ժամը՝ 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց եկեղեցու թեմերի բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ մեծ հայորդու և հռչակավոր արվեստագետի հոգու խաղաղության համար:
Արդեն մի քանի օր է, աշխարհի տարբեր անկյուններում խնկարկվում է Շարլ Ազնավուրի հիշատակը: Այսօր Երևանի Սուրբ Աննա եկեղեցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչները, Տ. Զենոն քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ, մեկտեղվել էին մեկ անգամ ևս աղոթելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ազնավուրին: Կրթահամալիրի ուսուցչական երգչախումբը, խմբավար Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ, պատարագից հատվածներ, շարականներ ու կոմիտասյան մշակումներ երգեց: Ապա սեբաստացիները Սուրբ Աննա եկեղեցուց, ազնավուրյան տողեր ընթերցելով, Աբովյան փողոցով քայլեցին դեպի նրա անունը կրող հրապարակ:
Հայ առաքելակա եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Դանիել վարդապետ Ֆնդիկյանը «Շողակաթի» հետ զրույցում իր մտահոգություններն է հայտնոմ այն վտանգների առնչությամբ, որոնց ենթարկվում է այսօր հայ համայնքը Միացյալ Նահանգերում:
Հնդիկ Մալանկարա ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ, եպիսկոպոս Յուհանոն մար Դիմիտրիոսը ներկայացնում է մեր երկրում ունեցած շրջայցի տպավորությունները: Առաջին անգամ նա Հայաստան էր եկել 1995թ.-ին՝ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի օծման առիթով: Հայաստանյան փոփոխությունները զարմացրել են եպիսկոպոսին:  
Օձունում «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը կյանքի կոչեց հերթական նկարչական փառատոնը: «Համագործակցության և բարեկամության ներկապնակ» խորագրով միջազգային փառատոնի նպատակը գեղարվեստի միջոցով Լոռվա տարածաշրջանի պատմաճարտարապետական հուշարձանների, բնության և կերպարների հանրահռչակումն է: Այս տարի փառատոնին մասնակցում է հինգ երկրից ժամանած 20 նկարիչ:
Միջազգային լուրեր.  Նյու Յորքի Քուինզ քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվել է Արմենիա Ուեյ: 210-րդ փողոցը  գտնվում է հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու հարևանությամբ:  Ամերիկյան մեկ այլ նահանգի` Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում կենտրոնական պողոտաներից մեկը կոչվել է Արցախ: Գլենդեյլի` ազգությամբ հայ քաղաքապետը նշել է, որ այս կերպ ճանաչվում է հայերի տասնյակ տարիների ներդրումը քաղաքի կայացման ու զարգացման գործում: Ուկրաինայի Զապորոժյե քաղաքի հայ առաքելական եկեղեցու տարածքում  հայոց այբուբենին նվիրված ծավալուն հուշարձան է բացվել:   Հորդանան գետի մոտակայքում հնագետները վկայություններ են գտել, որոնք հնարավոր է կապացուցեն Եգիպտոսից հրեաների ելքը: 
Սաուդյան Արաբիայում արդեն ճեպընթաց գնացքներ են երթևեկում սրբազան քաղաքներ Մեքքայի, Մեդինայի և Կարմիր ծովի առափնյա շրջանների միջև: Արագընթաց երկաթուղու երկարությունը 450 կիլոմետր է, շինարարությունն արժեցել է շուրջ 8 միլիարդ դոլար:

 

2018-10-05T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար