Եկեղեցական կյանք 22.02.2019

Փետրվարի 20-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերապատրաստման դասընթացների մասնակցող քահանաների հետ: Հանդիպման սկզբում բոլորն աղոթք բարձրացրեցին ազգային բարերար Լուիզ Մանուկյան- Սիմոնի հոգու հանգստության համար: 
Խոր Վիրապ վանական համալիրի տարածքում տեղի ունեցավ Արարատի զորամասի նորակոչիկների երդման արարողությունը: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կատարեց խաչերի օրհնման արարողություն, որոնք այսուհետ պաշտոնապես կամրացվեն զինվորի հագուստի վրա՝ համազգեստի ձախ մասում: 
Աշտարակի հայորդյաց տանը տեղի ունեցավ «Ներսես Ե Աշտարակեցի՝ պաշտպան հայրենյաց» խորագրով գիտաժողովը: Նշանավոր կաթողիկոսը ներկայացվում էր որպես պետականաշինության ջատագով ու ազգային առաջնորդ, կրթության և լուսավորության հովանավոր: 
Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը շուտով կբոլորի հիմնադրման 200-ամյակը: 1999 թ. փետրվարի 15-ի Կալկաթայի Բարձրագույն դատարանի որոշմամբ ճեմարանը հանձնված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը: 
Միջազգային լուրեր- Ճիշտ հարյուր տարի առաջ Գերմանիայի կառավարությունը որոշում ընդունեց դադարեցնել կաթոլիկ և բողոքական եկեղեցիների ֆինանսավորումը: Չնայած դրան, մինչև այժմ էլ ամեն տարի կառավարությունը շուրջ կես միլիոն եվրո է հատկացնում եկեղեցիներին: Ծխականներն էլ աձնական եկամուտի շուրջ ութ տոկոսը հատկացնում են եկեղեցուն, ինչի շնորհիվ գերմանական կաթոլիկ և բողոքական եկեղեցիները համարվում են աշխարհի ամենահարուստ կազմակերպություններից:
Իսրայելի ճանաչված երաժշտախմբերից մեկը հրաժարվել է մասնակցել Եվրատեսիլ մեկնելու համար անցկացվող մրցույթի եզրափակիչ փուլին, քանի որ անցկացման օրը շաբաթ էր: 
ՌԴ արդարադատության նախարարությունը հիմնավորված և իրավական է համարել ռուսական դատարանների որոշումը «Եհովայի վկաներ» կազմակերպությունը էքստրեմիստական ճանաչելու և երկրի տարածքում գործունեությունը կասեցնելու մասին: 
 
 
2019-02-22T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար