Մեր մասին

1998 թվականին Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ ստեղծվում է <<Շողակաթ>> հեռուստաստուդիան։ Այն ստեղծվում է թեմի գործունեությունը լուսաբանելու եւ Հայ Առաքելական եկեղեցու քարոզչությունն ակտիվացնելու նպատակով։ <<Շողակաթի>> արտադրած հեռուստատեսային հաղորդումներն ու տեսաֆիլմերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության հեռուստաընկերություններին, ուղարկվում սփյուռքի հայ համայնքներում գործող թեմերին։

1999-ին Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո <<Շողակաթը>> տեղափոխվում է Էջմիածին եւ դառնում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի մի մասը` շարունակելով զբաղվել հոգեւոր-մշակութային հաղորդումների եւ տեսաֆիլմերի արտադրությամբ։
2001թ <<Շողակաթը>> գրանցվում է որպես հեռուստաընկերություն:

2002 թվականի ապրիլին ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հայտարարած մրցույթում <<Շողակաթ>> հեռուստաընկերությունը ստանում է 35-րդ դեցիմետրային ալիքով հաղորդումներ հեռարձակելու իրավունք։ Նույն թվականի նոյեմբերից սկսում է հեռարձակումը։ Այն դիտում է Երեւանի եւ հարակից մարզերի մոտ 1.5 միլիոն հեռուստադիտող։

<<Շողակաթը>> պատրաստում եւ հեռարձակում է քաղաքակրթության, պատմության, կրոնների, բնության, նշանավոր անհատների, համաշխարհային հոգեւոր-մշակութային արժեքների մասին պատմող բազմաժանր գիտահանրամատչելի հաղորդումներ, լուսաբանում ազգային-եկեղեցական, հասարակական, տնտեսական, մշակութային իրադարձությունները։ Այս ամենը հեռուստադիտողին մատուցվում է մոտ երեք տասնյակ հեղինակային հաղորդաշարերով։ <<Շողակաթը>> ցուցադրում է տեղական եւ արտասահմանյան արտադրության ֆիլմեր եւ համերգային ծրագրեր։ Կան մարզական ու ժամանցային հաղորդումներ։

Հեռուստաընկերությունն ունի մոտ 100 ստեղծագործական եւ տեխնիկական աշխատող։ Հագեցած է ժամանակակից լավագույն տեխնիկական միջոցներով ։
Հեռուստաընկերության հիմնադիրը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն է։ Հեռուստաընկերությունը ղեկավարում է ստեղծագործական խորհուրդը։ Գործադիր տնօրենն է Մանյա Ղազարյանը։