Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք. մաս 6-րդ


Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի «Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի հերթական քննարկումը նվիրված է Հայաստան-Վրաստան-Իրան-Թուրքիա առանցքին: Աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների ֆոնին Հարավային Կովկասում համագործակցության ի՞նչ նոր հեռանկարներ կան, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել խաղաղության պահպանմանը տարածաշրջանում: Զրուցում են Վրաստանի տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին, թուրք լրագրող Սերդար Քորուջուն և Երևանի Կապույտ մզկիթի իմամ Ալի Մոհհամմադ Շաջաանը:

Կոնֆլիկտների փոխակերպումը՝ բանակցությունների միջոցով


Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական, բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի, Երևանի Հայ-ռուսական համալսարանի և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի համագործակցությամբ համալսարանում ներդրվել է «Կոնֆլիկտների փոխակերպումը բանակցությունների միջոցով» առարկան: Այն դասավանդվում է արդեն երրորդ տարին: Նպատակ ունի զարգացնել ուսանողների բանակցային և հաղորդակցային հմտությունները, քննադատական մտածողությունը, փաստարկների օբյեկտիվ ընկալումն ու կառուցումը: Ի՞նչ արդյունավետություն է ունեցել առարկայի ուսումնասիրությունը, ինչպե՞ս են փոխվել ուսանողների պատկերացումները տարածաշրջանային կոնֆլիկտների փոխակերպման կամ լուծման վերաբերյալ: Զրուցում են Հայ-ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանը, Միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի ասպիրանտ Լիլիթ Հարոյանը և մագիստրանտ Ռուբեն Զախարյանը: 

Նարեկացին Արևելքի ու Արևմուտքի միջև


Ո՞վ է Նարեկացին աշխարհի համար: Ինչպե՞ս նա նվաճեց տարբեր ժողովուրդների հոգևոր գանձարանը: Ի՞նչն է ստիպում դարձյալ ու դարձյալ անդրադառնալ Նարեկացուն, Նարեկացու ժառանգության ի՞նչ նոր ուսումնասիրություններ են ծնվում վերջին տարիներին: Ինչպե՞ս է հանրահռչակվում Տիեզերական վարդապետի ժառանգությունը և ի՞նչ ներդրում ունեն այդ գործում աշխարհի հայագիտական կենտրոնները: Զրուցում են հայագետներ Ժան Պիեռ Մահեն և Աբրահամ Տերյանը:   

Պետրոս Գետադարձը և Անիի անկումը


Հայոց պետականությունը մահացու հարված ստացավ Բագրատունյաց թագավորության կործանումով: Արտաքին թշնամիների ոտնձգություններից բացի, երկրում կար նաև ներքին երկպառակություն. գահի համար պայքարում էին Գագիկ թագավորի երկու որդիները` Հովհաննես Սմբատը և Աշոտը: Կրտսեր եղբայրը դիմել էր Բաղդադի ռազմական օգնությանը, ավագ գահաժառանգը Անին կտակել էր Բյուզանդական կայսրությանը, որը պետք է ապահովեր նրա անվտանգությունն ու հանգիստը: Շրջանառվում է ևս մեկ փաստ, որ Անին բյուզանդացիներին  հանձնել է ժամանակի կաթողիկոս Պետրոս Գետադարձը: Ո՞րն է եղել կաթողիկոսի դերակատարությունը, արդյո՞ք օբյեկտիվ ու բազմակողմանի է վերլուծված Գետադարձի մասնակցությունը այս գործին: Զրուցում են պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանն ու պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը:  

Վրացական նկրտումներ հայկական ժառանգության նկատմամբ


Պատմական Գուգարքի և Տայքի որոշ վանքերի ու եկեղեցիների պատկանելության հարցը քաղաքական շահարկման թեմա է հայ-վրացական հարաբերություններում: Այդ եկեղեցիների մեծ մասն այսօր ժամանակակից Լոռվա մարզի տարածքում է: Անկախ հանգամանքից, թե եկեղեցին որ դարում է կառուցվել և որքան ժամանակ է ծառայել հայ քաղկեդոնականներին, վրաց եկեղեցին ներկայացնում է պահանջներ այդ ժառանգության նկատմամբ: Հայ մասնագետները հայտարարում են, որ վանքերը Գուգարքի և Տայքի հայկական ճարտարապետական դպրոցին են պատկանում: Միևնույն ժամանակ Թուրքիայում շարունակվում է Արևմտյան Հայաստանի հայ քաղկեդոնական տասնյակ տաճարների հանձնումը վրաց ուղղափառ եկեղեցուն: Գուգարքի և Տայքի մշակութային ժառանգության մասին զրուցում են ճարտարապետության թեկնածու Դավիթ Նահատակյանը և Ախթալայի վանահայր և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը: 

Գարեգին Հովսեփյան կաթողիկոս


Գարեգին Հովսեփյան կաթողիկոսը հայկական միջնադարյան արվեստաբանության մի շարք ճյուղերի հիմնադիրն է: Նա հայկական մանրանկարչության և ձեռագրերի մեծարժեք ուսումնասիրություններ է արել, կորստից փրկել ձեռագրեր, որոնք այսօր համարվում են գլուխգործոց և պահվում Մաշտոցյան մատենադարանում: Գարեգին Հովսեփյան կաթողիկոսը նաև Թորոս Ռոսլինին բացահայտողն է: Նույնքան կարևոր են համարվում նաև նրա աստվածաբանական աշխատությունները: Գարեգին Հովսեփյանը պատասխանատու պաշտոններ է վարել իբրև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան: Կյանքի վերջին յոթ տարին եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գահակալը: Գարեգին Հովսեփյանի թողած  ժառանգության մասին զրուցում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան, Բերիո թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը  և Մայր Աթոռի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը:  

Ասպիրանտուրա՝ Գևորգյան ճեմարանում


Գևորգյան հոգևոր ճեմարանն անցնում է ուսման եռաստիճան համակարգի: Պատրա՞ստ է արդյոք ճեմարանը տրամադրել հետբուհական որակյալ կրթություն, ինչպե՞ս է ապահովում ասպիրանտական կրթության չափորոշիչները: «Տարբերակ« հաղորդաշարի տաղավարում զրուցում են Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետ Հաբարձումյանը և Աստվածաշնչագիտության և դավանաբանության ամբիոնի վարիչ Հրաչ սարկավագ Սարգսյանը: 

Ռուսահայոց թեմը 300 տարեկան է


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը 2017թ.-ին նշում է հիմնադրման երեք հարյուր տարին: 18-րդ դարասկզբին, երբ Հայաստանը փայփայում էր թուրքական ու պարսկական լծից ազատագրվելու հույսը, ռուսական կայսրության տարածքում թեմ ձևավորվեց: Ի՞նչ գործունեություն էր ծավալել հայոց թեմը կայսրության տարածքում և ինչ առաքելություն ունի այսօր՝ շուրջ երկու միլիոն ռուսահայերի կյանքում: Զրուցում են Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը և պատմաբան, Հայաստանի և Ռուսաստանի պատմական գիտ. դոկտոր Ստեփան Ստեփանյանցը:    

Բռնություն


Բռնության կանխարգելման միջոցառումներից մեկը համարվում է սոցիալ-մշակութային նորմերի բարեփոխումը, կրթության օգնությամբ հաղորդակցային անհրաժեշտ հմտությունների փոխանցումը, աստվածաբանական տեսանկյունից՝ Աստծո պատկերով արարվածի ինքնության լիարժեք ընկալումն ու ընդունումը: Ինչպե՞ս կառուցել հանրություն, որը կմերժի բռնությունը: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում զրուցում են  Տավուշի թեմի առաջնորդ, Մայր Աթոռի սոցիալական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և «Դիալոգ» ՀԿ հոգեբան Արմինե Վահանյանը: 

Շնորհալուց մինչև Ոսպնակեր. հոգևորականների պատվանուններն ու մականունները


Հոգևորականներին տրված մականուններն ու պատվանունները բացահայտում են նրանց  բնավորության գծերը, կենցաղավարությունը, վաստակն ու արժանիքները, արարքներն ու անգամ քաղաքացիական դիրքորոշումները: Հայ եկեղեցական գործիչների մականնունների, պատվանունների ու դրանց պատմության մասին զրուցում են Երևանի մատենադարանի գլխավոր ֆոնդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը և Գևորգյան ճեմարանի մագիստրատուրայի շրջանավարտ Մանվել սարկավագ Սարգսյանը:

Թափուր բուհեր


2017-18 ուստարվա բուհական ընդունելության քննություններից հետո արձանագրված արդյունքներով ընդհանուր 18 000 վճարովի տեղերից 11 375-ը  թափուր են մնացել: Ոլորտի մասնագետները հայտարարում են՝ արտառոց ոչինչ չկա: Հաջորդ տարվա կանխատեսումներն ավելի վատ են. դիմորդների թիվը ավելի քիչ է լինելու, իսկ կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով էլ ՀՆԱ-ից կրթության ոլորտին հատկացվող մասնաբաժինը նվազեցվելու է: Ի՞նչ են առաջարկում փորձագետները: 

«Պահպանվում է պետության կողմից»


Պատմամշակութային հուշարձանների տարածքներում կատարված իրավախախտումները հազվադեպ չեն: Դրանց շուրջ ծագած աղմկահարույց վիճաբանությունները, դատական գործընթացները հուշարձանների պահպանության երաշխիք չեն. հաճախ իրավախախտները հենց պահպանության սուբյեկտ հանդիսացող տեղական ինքնակառավարման մարմիններն են: Ինչպե՞ս է հնարավոր Հայաստանում պատմամշակութային հուշարձանների և կոթողների արդյունավետ պահպանություն իրականացնել և բացառել իրավախախտումները: Թեման քննարկում են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը և Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: