«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Ս. Հարության հայրապետական պատարագ

Եկեղեցական կյանք 11.04.2020 Ս. Հարության ճրագալույց


Ավագ շաբաթ է. համավարակի դրությամբ պայմանավորված՝ եկեղեցիներում մատուցվեց Ս. Հարության ճրագալույցի դռնփակ պատարագ, հնչեց Քրիստոսի հարության ավետիսը:

 

Եկեղեցական կյանք 10.04.2020 Ավագ ուրբաթ


Այսօր Ավագ ուրբաթ է` Քրիստոսի չարչարվելու, խաչվելու, մահանալու և թաղվելու հիշատակության օրը: Մայր Աթոռում կատարվեց Խաչելության, ապա` թաղման հիշատակության կարգ: Ինչպես Ավագ շաբաթվա նախօրդ օրերին, այսօր ևս արարողությունները կատարվեցին դռնփակ: Համավարակի ներկա իրավիճակի մասին մեզ հարցազրույց է տվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

 

Եկեղեցական կյանք 09.04.2020 Ավագ հինգշաբթի


Այսօր առավոտյան ժամը 7:30-ին, մեր եկեղեցու ծիսակարգի համաձայն՝ կատարվեց ապաշխարողաց կարգ, այնուհետև մատուցվեց պատարագ, որի ժամանակ հիշատակվեց հաղորդության խորհրդի հաստատումը: Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց Ոտնլվայի կարգ: Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ դուրս էր բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Ս. Գրիգոր Նարեկացու մասունքը։ Արարողության ավարտին Ամենայն հայոց հայրապետը սրբի մասունքով օրհնեց հայրենի երկիրը և աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին՝ հայցելով բարեխոսություն համավարակի այս ծանր իրավիճակին դիմագրավելու համար։ Արարողությունը հեռարձակվեց առցանց:

Եկեղեցական կյանք 08.04.2020


Ամենայն հայոց հայրապետը դիմել է թեմակալ առաջնորդներին և հորդորել օգնության ձեռք մեկնել հայրենիքին՝ համավարակի դժվարին պայմաններում անմիջական կարիքները հոգալու համար: Այսօր Ավագ չորեքշաբթի է՝ Քրիստոսի օծման ու Հուդայի մատնության հիշատակության օրը։ Հայոց բոլոր եկեղեցիներում, ելնելով ներկա իրավիճակից, արարողությունները կատարվում են դռնփակ: Հայաստանյան թեմերում շարունակվում են սոցիալական ծրագրերը համավարակի պատճառով կարիքավոր դարձած ընտանիքների համար: Բարերար Էդուարդո Էօրնեկեանը Մայր Աթոռի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցին նվիրել է 300 պլանշետ՝ հեռավար դասընթացներն առավել արդյունավետ անցկացնելու համար: Վաղը Ավագ հինգշաբթի է. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ոտնլվայի արարողության ընթացքում դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը:

Եկեղեցական կյանք 07.04.2020


Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածամոր ավետման տոնը։ Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը և խնդրել մայրերին այս ծանր օրերին առանձնակի հոգատար լինել ընտանիքների նկատմամբ: Եկեղեցիներում մատուցվել է տոնական դռնփակ պատարագ: Մեր եկեղեցում սկսվել է Մեծ պահքի Ավագ շաբաթվա շրջանը: Այսօր Ավագ երեքշաբթի է: Հեռավար կրթության է անցել նաև Գևորգյան հոգևոր ճեմարանը: Արարատի մարզի եկեղեցիների սոցիալական նախաձեռնությունները համավարակաի պայմաններում: Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու «Գեղարդ» երիտասարդական միության անդամները տեսագրել են Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը և կիսել մեզ հետ:

Համավարակի պայմաններում Ավետման տոնի առիթով Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է մայրերին ու դուստրերին


Ապրիլի 7-ի՝ Ավետման տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի մայրեր ու դուստրեր, ներկայիս դժվարին և բարդ պայմաններում, երբ աշխարհը դիմագրավում է համավարակի փորձությանը, առավել ուշադրություն ու հոգատարություն ցուցաբերեք ձեր ընտանյաց անդամներին՝ այս դժվարին իրավիճակը հաղթահարելու համար։ Մարդկության և մեր ժողովրդի բարօրության, ապահովության, խաղաղության համար մեր Սուրբ Եկեղեցու աղոթքներին միախառնեք ձեր սրտաբուխ աղոթքը, որը Ձեր ամուր հավատքի և առ Աստված սիրո ու ապավինության շնորհիվ լսելի պիտի լինի Բարձրյալի կողմից՝ Իր փրկարար շնորհները, ամենաբուժիչ զորությունն ու ողորմությունը հեղելու աշխարհի վրա»։

Եկեղեցական կյանք 06.04.2020


Այսօրվանից մեր եկեղեցին մտնել է Մեծ պահքի Ավագ շաբաթվա շրջանը: Այսօր Ավագ երկուշաբթի է: Համավարակով պայմանավորված՝ Հայ եկեղեցին շարունակում է առցանց արարողությունները, ինչպես նաև սոցիալական ծառայությունները հատուկ կարիքավորներին: Այսօր տեսակապով մեզ միացել են Տավուշի թեմից:

Եկեղեցական կյանք 05.04.2020


Համավարակի պատճառով Հայ եկեղեցին ծիսական արարողություններն անցկացնում է դռնփակ։ Մայր Աթոռի կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով, շարունակվում են նաև սոցիալական ծառայությունները՝ ելնելով նոր կարիքներից։

Ս․ Գեղարդի զորությամբ օրհնվեց աշխարհի չորս կողմը (05.04.2020 առցանց)


Աշխարհը պատուհասած համավարակի պայմաններում, ի մխիթարություն և ի բժշկություն ժողովրդի, դուրս է բերվել համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը՝ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Գեղարդը։ Ապրիլի 5-ին, Ծաղկազարդի պատարագից հետո Մայրավանքի Ս. Տրդատ բաց խորանի առջև, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Հայրապետն աղոթեց վարակից ապաքինվողների բժշկության, մեկուսացվածների ոգու ամրության, սգացողների մխիթարության և ննջեցյալների հոգիների խաղաղության համար: Նորին սրբությունը հայցեց Երկնավորին նաև ուժ ու կարողություն շնորհել պետական այրերին և դժվարին հանգամանքներում իրենց նվիրյալ ծառայությունը կատարող մարդկանց։

Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Ծաղկազարդի տոնի առիթով (05.04.2020)


Ապրիլի 5-ին, Ծաղկազարդի տոնին Ս․ Էջմիածնի պահոցից դուրս բերվեց Սուրբ Գեղարդը։ Ս. Տրդատ բաց խորանի առջև, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Արարողության վերջում համայն հայության հոգևոր կենտրոնից Ամենայն հայոց կաթողիկոսն իր խոսքն ուղղեց աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին:

Ծաղկազարդի տոնի պատարագը Ս․ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում (05.04.2020 առցանց)


Ապրիլի 5-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Համավարակի կապակցությամբ Երևանի Ս․Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցված դռնփակ պատարագը հեռարձակվում է առցանց։ Հաջորդիվ կարող եք դիտել Մայր Աթոռում Անդաստանի կարգի արարողությունը, որի ընթացքում դուրս է բերվել Ս․ Գեղարդը։