Տավուշ գյուղ


Մեր նկարահանող խումբը մեկնել է Տավուշի մարզի Տավուշ գյուղ: «Մեր գյուղի եկեղեցին ուժ է տալիս մեզ ու մեր պահապանն է»,- ասում են գյուղի երեխաները: Անհամբեր սպասում են, թե երբ է վերակառուցվելու և գործելու իրենց Սբ. Աստվածածինը: 

Հաղպատ


Հաղպատավանքի բակը միշտ լի է երեխաներով, նրանք դասերից հետո շտապում են վանքի բակ` խաղալու և մաքրելու իրենց սրբավայրի տարածքը: «Ամեն անգամ մեր տեր հայրը մեզ համար մի հաճելի անակնկալ է պատրաստում, այսօր էլ բացառություն չէր». անակնկալների ու առօրյայի մասին մեզ պատմում են երեխաները:  

Օձուն


Սբ. Աստվածածին եկեղեցին Օձունի երեխաների համար սիրելի հավաքատեղի է: «Հատկապես հետաքրքիր է ամռանը,-ասում են երեխաները, -տեր հոր հետ հաճախ ենք ուխտագնացությունների գնում, մաքրում ենք մեր սիրելի սրբավայրերը, վերադառնում ենք անմոռանալի  տպավորություններով»: Իրենց առօրյայի, արկածներով լի  ճամփորդությունների մասին պատմում են մեր հերոսները:             

Դիլիջանի երեխաները և «կորած» եկեղեցիները


«Մեր կյանքը փոխվեց, երբ այստեղ բացվեց «Լույս մանկանց» խմբակը, - ասում են դիլիջանցի երեխաները,- մեր կողքը եկեղեցիներ կան, որ չէինք գնացել ու չէինք ճանաչում: Տեր Շավարշի հետ հիմա հաճախ ենք ուխտի գնում, պատարագներ մատուցում խոնարհված եկեղեցիներում: Վերջերս Ջուխտակ վանքում էինք, տարածքը մաքրեցինք ու մեր սովորած շարականները երգեցինք»: 

Մելիք գյուղ


Սբ. Հովհաննես եկեղեցու վերաօծումից հետո Մելիք գյուղի առօրյան փոխվեց: Եկեղեցում  երգչախումբ բացվեց ու, չնայած խիստ ձմռանը, երեխաներն ամեն շաբաթ հավաքվում են այստեղ: Մեր նկարահանման օրը նրանք խմբով շրջում էին գյուղում և տնետուն Ս. Ծննդյան ավետիս տալիս: 

Օհանավան


Օհանավան գյուղի երեխաները Ս. Հովհաննավանք եկեղեցու բակում էին, գյուղի տոնն էր և օրն սկսվել էր պատարագից... 

Գոշ


Մեր նկարահանող խմբին դիմավորել են Գոշը գյուղի երեխաները և ուղեկցել իրենց ամենասիրելի վայրը՝ Գոշավանք: 

Մովսես գյուղ


Սահմանամերձ Մովսես գյուղի առօրյան փոխվեց եկեղեցու վերակառուցումից հետո: «Մեր գյուղի եկեղեցին շա՜տ զորավոր է»,-ասում են գյուղի երեխաները: Մեր նկարահանող խմբին նրանք եռանդով պատմում են իրենց հարազատ Մովսեսի, եկեղեցու, և իհարկե,  սահմանապահ զինվորի մասին:

Նիգավան


Նիգավան գյուղի երեխաների կարծիքով եկեղեցին միշտ պիտի լինի մաքուր ու մարդաշատ: Գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցու վերաբացումից հետո այն դարձել է նրանց ամենասիրելի հավաքատեղին:

Խաչիկ


Սահմանամերձ Խաչիկ գյուղի եկեղեցին վերաբացվելուց հետո իր շուրջն է համախմբել գյուղի երեխաներին: Օրվա մեծ մասը նրանք եկեղեցում են անցկացնում: Շատ  պատմություններ ունեն իրենց եկեղեցու ու հարազատ գյուղի հետ կապված և հաճույքով պատմում են:

Հարթավան


Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի՝ խորհրդային տարիներից հետո խարխլված եկեղեցու պահապաններն այսօր գյուղի փոքրերն են: Սուրբ Ծննդյան նախօրեին երեխաները գյուղի բնակիչներին ավետիսներ ու ճրագներ են բաժանում: Նրանց ձայնի մեջ դեռ կենդանի են ալաշկերտցի ու մշեցի նախնիները...

Մաստարա


Մաստարա գյուղի երեխաները զբոսաշրջիկներին առաջինը ուղեկցում են Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, հետո՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի մատուռ: Մեր նկարահանող խմբին նույնպես նրանք են ուղեկցել և պատմել, պատմել, պատմել...