Բատիկա, թաղիք, դեղորայք ու օրգանական կոսմետիկա, խոհանոց, տիկնիկ. հայ վարպետների ձեռքի աշխատանքը հայկական մտքի ու մշակույթի մասն է: Ինչ էլ պատրաստեն նրանք, ազգային ձեռագիր, համ ու հոտ ունի: Որքան էլ տարբեր լինի աշխատանքն ու արտադրանքը, մեկ հայացքն էլ բավական է հասկանալու, որ այն պատրաստված է Հայաստանում:

Պարբերականությունը՝ յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 10:40-ին

Նունե Մալաքյան


Նունե Մալաքյանը միատեղելով արծաթն ու արծնապակին, օգտագործելով հայկական ավանդական զարդանախշերը և գունային նոր լուծումներ՝ փորձում է վերականգնել արծնապակու (տաք էմալ) արհեստը, նոր շունչ տալ դրան: «Ուզում եմ, որ այդ զարդերը կրենք ու հպարտանանք մեր ժառանգությամբ»,-ասում է Նունեն, ցուցադրում արծնապակուց զարդեր ստանալու տեխնիկան և իր աշխատանքները: 

Գևորգ Պողոսյան. կաշեգործ


Կաշեգործական արհեստը Հայաստանում լայն տարածում է ունեցել 16-17-րդ դարերում: Այսօր Հայաստանում վարպետները փորձում են վերականգնել կաշեգործության ավանդույթները՝ նոր մոտեցմամբ: Գևորգ Պողոսյանն օգտագործում է կաշվի դրվագման տեխնիկան: Նա վստահ է, որ հայ կաշեգործները շուտով նոր խոսք կունենան ասելու աշխարհին այս բնագավառում:

Ռիտա Խաչատրյան. խեցեգործ


Ժամանակակից եղանակներով ստեղծագործող հայ խեցեգործները, պահպանելով կավագործության դարավոր ավանդույթները, նոր մոտեցմամբ գործեր են ստեղծում: Ռիտա Խաչատրյանը նրանցից մեկն է:

Արմեն Խաչատրյան. փայտագործ


«Հեքիաթի նման մի բան է, երբ ծառի սովորական քոթուկից պատկեր եմ ստանում, զգացմունքներ արտահայտում»: Փայտագործ Արմեն Խաչատրյանի գործերը պատրաստված են Հայաստանում: 

Ամանորյա խաղալիքների վարպետները


Ամանորյա խաղալիքներ և աքսեսուարներ պատրաստում են շատերը։ Կան նաև վարպետներ, որոնց համար դա և՛ մասնագիտություն է, և՛ հաճելի, ստեղծագործական աշխատանք։ Աննան թաղիքե հրեշտակներ է պատրաստում, Ծովինարը՝ տիկնիկներ, Անահիտը՝ խաղալիքներ, Մարգարիտան ասեղնագործում է խաղալիքների վրա: Նրանք մեր տոնական թողարկման հերոսներն են։ 

Սոնա Մանուկյան


Սոնա Մանուկյանն արդեն 12 տարի զբաղվում է տոնածառ պատրաստելով: «Ամբողջ տարի կարծես ուժ եմ հավաքում, լցվում մտքերով, որ նախատոնական օրերին աշխատեմ: Ուրախ եմ, որ իմ պատրաստած տոնածառները մտնում են ընտանիքներ ու տրամադրություն փոխում: Դրա միջոցով ես իմ սերը փոխանցում եմ մարդկանց»: 

Միքայել Մկրտչյան


«Ես կարողանում եմ ստեղծագործել միայն Հայաստանում, որովհետև Հայաստանը արարելու երկիր է»: Միքայել Մկրտչյանը կարծում է, որ փայտի, քարի ու երկաթի վրա կատարած իր աշխատանքներում ակնառու է պարզ հայ մարդու մտածողությունը, ազգային ավանդույթն ու ժամանակակից աշխարհայացքը: 

Արփի Ավդալյան


«Տիեզերքը՝ հայկական զարդանախշերով»: Այսպես է նկարագրում նկարիչ, մոդելյոր Արփի Ավդալյանն իր ասեղնագործ աշխատանքները: 

Արմեն Ղազարյան


Գարեջրագործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի, այսօր հայկական արտադրության գարեջուրը նոր վերելք է ապրում: Երևանյան գարեջրի ակադեմիան այդ վերելքի վառ արտահայտություններից է: Հայկական գարեջրի մասին մեզ պատմում է Գարեջրի ակադեմիայի հիմնադիրներից Արմեն Ղազարյանը: 

Վարուժան Մուրադյան


«Փորձում ենք վերականգնել հայկական գինեգործության ավանդույթները: Բայց որպեսզի Հայաստանը դառնա գինի արտահանող առաջատար երկիր, պետք է շատ աշխատել, կա՛ն բոլոր պայմանները՝ լավ հող, ջուր, արև, խաղող, կամք և աշխատանք սիրող մարդ: «Վան Արդիի» հաջողության գրավականը հենց սա է»,- ասում է Վարուժան Մուրադյանը: 

Տիրան Բաղդադյան


Գուրմե Դուրմե հայկական շոկոլադը արդեն հայտնի ու սիրված է հայաստանցի գնորդների կողմից: Շոկոլադն ամբողջությամբ պատրաստվում է Հայաստանում: 
Սփյուռքից Հայաստան տեղափոխվելուց հետո Տիրան Բաղդադյանը որոշում է շոկոլադի արտադրություն հիմնել և, քանի որ արդեն հայկական շոկոլադի մի քանի արտադրողներ կային, պետք էր տարբերվել: Դա նրան հաջողվում է: «Պետք է աշխարհին ապացուցել, որ հայ արտադրողը կարող է մրցունակ լինել նաև դրսի շուկայում, միայն այդ դեպքում կարելի է խոսել հաջողված բիզնեսի մասին»,- վստահ է Տիրանը:
 

Կարեն Աղիկյան


Կարեն Աղիկյանը մասնագիտությամբ շինարար է: Մի օր պատահաբար մետաղալարով աթոռ է պատրաստում, ու հասկանում, որ սովորական լարերի օգնությամբ կարելի է հետաքրքիր պատկերներ ստանալ: Նրա քանդակները զգացմունքային են, թեմաները՝ համամարդկային, բայց հայկական ձեռագիրն ակնհայտ է: