Դիմանկարներ՝ Ռուբեն Մամուլյան, Անրի Վերնոյ, Արա Վահունի, հին ու նոր ֆիլմերի վերլուծություններ, hանդիպումներ  Հայաստան այցելած կինոռեժիսորների հետ` Էմիր Կուստուրիցա, Ռոման Բալայան, Սերժ Ավետիքյան, անդրադարձներ երևանյան կինոփառատոններին՝ «Ոսկե ծիրան», «Ես եմ»...:
Հետաքրքիր պատմություններով, հայտնի ու անհայտ ֆիլմերով կադրից դուրս ներկայանում են կինոյի մարդիկ:         
 
Պարբերականությունը՝ ուրբաթ, ժամը 22:20-ին
Կրկնությունը՝ շաբաթ, ժամը 12:40-ին

Թումանյանը՝ կինոյի լեզվով


Ինչպե՞ս են պատմվել Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները կինոյի լեզվով:

Թումանյանի հեքիաթները՝ Մալյան թատրոնում


Թումանյանի հեքիաթները Մալյան թատրոնի այցեքարտն է: Ներկայացումն արդեն չորս տասնյակ տարի ապրում է ու շրջում երկրներով: Ինչպես են բեմադրվել Թումանյանի հեքիաթները, ինչ  ճանապարհ են անցել՝ պատմում են մալյանականները: 

Հայկական կարճամետրաժ կինոն


Հայկական կարճամետրաժ կինոն իսկական դպրոց է: Կինոռեժիսորների մուտքը մեծ կինոընտանիք հաստատվում էր կարճամետրաժով: «Ոսկե ցլիկ», «01-99», «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Ձախորդ Փանոս», «Թթենին». այս կաճամետրաժները երիտասարդ ռեժիսորների առաջին ֆիլմերն էին և մտան հայ կինոյի ոսկե ֆոնդ:

Վահրամ Փափազյան


Որքան անսասան էր բեմում, նույնքան փխրուն՝ կյանքում: Պատմում են ռեժիսոր
Ջուլիետա Կաժոյանը, գրող Գրիգոր Ջանիկյանը, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը: 
 

Բաբկեն Ներսիսյան


«Տաղանդավոր դերասաններ շատ ունենք, բայց արտիստներ՝ քիչ: Բաբկեն Ներսիսյանը մեծ արտիստ էր»: Այսպես են բնութագրում Ներսիսյանին: Թե ինչպիսին էր Բաբկեն Ներսիսյանը կյանքում, բեմում, կադրում և կադրից դուրս՝ պատմում են որդին և ընկերները:

Թաթուլ Դիլաքյան


Ջերմ, խանդավառ, անվերջանալի թվացող դրական էներգիայով: Սիրված դերասանը թե՛ բեմում էր, թե՛ կինոյում՝ «01-99», «Ժայռը», «Շրթներկ համար 4», «Նվագախմբի տղաները»: Ինչպիսին էր Թաթուլ Դիլաքյանը կադրում և կադրից դուրս՝ պատմում են նրա ընկերներն ու հարազատները: 
 

Ռաֆայել Քոթանջյան


«Ես երջանիկ եմ, որովհետև իմ հանդիպումը հանդիսատեսի հետ միշտ կայացել է: Ասելի՞ք: Իմ ասելիքը նոր պիտի ասեմ, բայց, ինչպես ու երբ, դեռ չգիտեմ: Եվ գուցե լավ է, որ չգիտեմ»: Իր անցած ստեղծագործական ճանապարհի մասին կադրից դուրս պատմում է ՀՀ ժող. արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:    

Հայ կինո. Հայաստանի առաջին հանրապետություն


Ամեն կինո իր ժամանակաշրջանի արտացոլումն է և փաստաթուղթը, տարիներ հետո պատմական իրողություններին տրվող գնահատականները փոփոխվում են: Խորհրդային շրջանում ստեղծված հայկական ֆիլմերը որքանո՞վ են կարողացել պահպանել և նկարագրել Առաջին հանրապետության ներքաղաքական վիճակը: «Կարդից դուրս» հաղորդաշարն անդրադարձել է «Երկունք», «Սարոյան եղբայրներ», «Կիկոս», «Մեքսիկական դիպլոմատներ» և «Նվագախմբի տղաները» ֆիլմերին:

Դիլաքյան եղբայրներ


«Գտնված երազ» մուլտֆիլմը շուրջ չորս տասնամյակ առաջ է ստեղծվել ու ապրում է ինքնուրույն կյանքով»,- ասում են Դիլաքյան եղբայրները,- երջանիկ ենք, որ մեր միակ հեղինակային գործը այսքան սիրված ու ճանաչելի է, ոչինչ որ մենք մնացել ենք կադրից դուրս: 
Դիլաքյաններն ապրում են Նյու Յորքում: Թե ինչպես հայտնվեցին «Հայֆիլմում», ինչ հանդիպումներ փոխեցին նրանց կյանքը, կվերադառնան արդյոք նոր մուլտֆիլմեր նկարելու՝ պատմում են եղբայրները: 
 

Արման Մանարյան


Արման Մանարյանի «Տժվժիկ», «Կարինե», «Հեղնար աղբյուր», «Հող և ոսկի», «Ընկեր  Փանջունի» ֆիլմերը հայ կինոյի նշանային ստեղծագործություններ են: Ֆիլմերի ստեղծման աշխատանքների, դժվարությունների ու հաջողությունների մասին պատմում են Արման Մանարյանի ընկերները՝ Ստեփան Շաքարյանը, Ռոբերտ Մաթոսյանը, Լևոն Աթոյանցը, Վրեժ Պետրոսյանը:

Հրանտ Մաթևոսյան


«Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմերը «Հայֆիլմի» լավագույն ֆիլմերի ցանկում են: Հրանտ Մաթևոսյանը «Հայֆիլմ» մտավ մեծ դժվարությամբ: Մաթևոսյանական ձեռագիրը կինոյում ընդունվեց ոչ միանշանակ: Ինչպիսին էր նա կյանքում ու կադրից դուրս` պատմում են Դավիթ Մաթևոսյանը, Անետա Երզնկյանը, Լիդա Գևորգյանը, Մայրանուշ Գրիգորյանը:

Ավետ Ավետիսյան


Ջերմ, երեխայի պես պարզ, բոլորին ձեռք մեկնող, սիրված. այսպես են հիշում մեծ դերասան Ավետ Ավետիսյանին: Այս տարի լրանում է նրա 120-ամյակը: 
Ինչպիսին էր Ավետ Ավետիսյանը թատրոնում, կինոյում ու կադրից դուրս՝ պատմում են Ժենյա Ավետիսյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Երվանդ Ղազանչյանը, Վրեժ Հակոբյանը: