Մշակութային լուրեր 12.05.2024


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը կկատարի Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթերը
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը կբեմադրի Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գործը
Ալ. Սպենդիրայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մասնակցում է Դուբայի կինոերաժշտության փառատոնին
Լույս է տեսել Հայկ Համբարձումյանի «Հացն ու Գինին․ որսը, խնջույքն ու սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում» մենագրությունը
Մխիթար Աբբահոր մահվան 275-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը
 

Հայաստանյան ընկերությունը ArmChurch հեռախոսային հավելված է ստեղծել


ArmChurch մոբայլ հավելվածը բացելիս՝ քարտեզով հնարավոր է գտնել մոտակա եկեղեցին, տեղեկություններ սրբավայրերի մասին, տեղեկանալ եկեղեցում կատարվող առաջիկա արարողության ու սպասվող իրադարձությունների մասին: ArmChurch հավելվածում Պատարագամատույց կա՝ գրաբար և աշխարհաբար: Եկեղեցում պատարագի մասնակցելիս՝ կարելի է ոչ միայն գրքով հետևել Սրբազան արարողությանը, այլ նաև մոբայլ հավելվածով:

 

Համբարձման տոնին Ս. Գայանե վանքում Հայրապետական մաղթանք է կատարվել


Մայիսի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Քրիստոսի Համբարձման տոնը: Այդ օրը հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը: Տոնը շարժական է: Այս տարի այն համընկել է Հաղթանակի ու խաղաղության տոնի օրվա հետ: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Ս. Գայանե վանքում պատգամ ուղղեց:

 

«Ազգ, բանակ, եկեղեցի» խորագրով ինտելեկտուալ փառատոնի հաղթողը «Գանձասար» թիմն է


Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել «Ազգ, բանակ, եկեղեցի» խորագրով ինտելեկտուալ փառատոն, որին մասնակցել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները: Երեք փուլից բաղկացած խաղին մասնակցեցել է 11 թիմ։ Հաղթական գավաթը բաժին է հասել Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Գանձասար» թիմին: Սա այս տարի անցկացվող երկրոդ փառատոնն է, առաջինը՝ անցկացվել է Սուրբ Սարգսի տոնի օրերին՝ «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով:

 

Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի է տարվել Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը


Սուրբ Խաչի երևման տոնի առիթով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի է տարվել Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Սուրբ Խաչ եկեղեցում տոնական պատարագ է մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն է եղել:

 

Մասիսի Գեղանիստ գյուղում տեղի է ունեցել նոր կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողություն


Ջրով ու գինով լվացվել է 16 վեմ քարերը, ապա օծել են սրբալույս մյուռոնով և տեղադրվել եկեղեցու հիմքերում: Եկեղեցին կառուցվում է համայնքի բնակիչների ջանքերով: Նրանցից շատերը ընդգրկված են շինարարական աշխատանքներում: Բարերարներն են՝ Արթուր Խաչատրյանը և Էդգար Տոնականյանը: Մոտակա բնակավայրերից միայն Արգավանդում կա գործող եկեղեցի:

 

Պատմության թանգարանը 44-օրյա պատերազմի ավելի քան 200 զոհերի պատմություն է հավաքել


Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Հավերժի ճամփորդներ. անուններ, պատմություններ և երազանքներ» խորագրով առցանց ցուցադրության շնորհանդես, որն իրականացվել է ՀԲԸՄ աջակցությամբ։ Ցուցադրությունը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Թանգարանի տնօրենը հայտարարել է, որ խնդիր են դրել ներկայացնել իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած մարդկանց։ Թանգարանի նոր և նորագույն պատմության բաժինը 44-օրյա պատերազմում զոհված հերոսների մասին տեղեկություններ է հավաքել և ավելի քան 200 պատմություն է մշակել:

 

Արցախի մշակութային ժառանգության մասին պատմող գիրք-ալբոմը հրապարակվել է անգլերեն


Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով Հայաստանի պատմության թանգարանում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրք-ալբոմի անգլերեն տարբերակը: Համահեղինակներ Մհեր Քումունցը և Զոհրաբ Ըռքոյանը այս աշխատությունը հրապարակել են հայկական ժառագությունը օտարազգիներին ճանաչելի դարձնելու նպատակով:

 

Արաբկիրի Հայորդաց տան սաների աշխատանքները միջազգային մրցանակներ են ստացել


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի Հայորդյաց տան նկարչության դասարանի սաների աշխատանքները օրերս մասնակցել են Իսպանիայում կայացած «Տաղանդների մարաթոն» արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին և զբաղեցրել են 1-ին տեղը։ Բացի այդ՝ «Նոր ձեռքեր» 10-րդ համահայկական մրցույթ փառատոնի ժամանակ այս դասարանի սաները չորս 1-ին տեղով են վերադարձել:

 

Հայորդաց տան սանը մասնակցել է «Արտ Մյուզիք» արվեստի 15-րդ միջազգային փառատոնին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի հայորդյաց տան սանը մասնակցել է Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացված «Արտ Մյուզիք» արվեստի 15-րդ միջազգային փառատոնին: Քանոնի դասարանը Արաբկիրի Հայորդյաց տան 22 դասարաններից մեկն է: Այստեղ երեխաները հմտանում են արվեստի, արհեստի, սպորտի տարբեր ուղություններում: Արաբկիրի Հայորդյաց տուն շուրջ 400 երեխա է հաճախում:

«Գուլամերյան» Հայորդյաց տանը կայացել է «Երիտասարդը ուժն է եկեղեցու» ինտելեկտուալ խաղ-մրցույթը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Աշտարակի «Գուլամերյան» Հայորդյաց տանը կայացել է «Երիտասարդը ուժն է եկեղեցու» ինտելեկտուալ խաղ-մրցույթը։ Մրցույթի պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենավան և Արագած համայնքների թիմը: Վիտորինայի ընթացքում կատարումներով հանդես են եկել Աշտարակի «Գուլամերյան» Հայորդյաց տան սաները:

 

Կոմիտասի թանգարան ինստիտուտում նշել են «Դանիական-հայկական առաքելության» 20 ամյակը


«Դանիական-հայկական առաքելության» կազմակերպությունը երկու տասնամյակ շարունակ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի, Հայոց եկեղեցու տարբեր թեմերի հետ գործակցելով՝ կրթական ու սոցիալական ծրագրեր է իրականացնում: 20 տարիների ընթացքում կազմակերպիչները իրենց ծրագրերում ներգրավել են երեցկանանց, աջակցել են քահանա հայրերին իրենց առաքելությունն արդյունավետ իրականացնելու հարցում: Այն հիմնադրվել է 1921 թվականից գործող Դանիայում համանուն կազմակերպության անդամների նախաձեռնությամբ: