18-րդ դարի չգնահատված գործիչը՝ Սիմեոն Ա Երևանցի Հայրապետը


Օսմանյան կայսրությունը 1724-1731 թթ. նվաճում է Արևելյան Հայաստանը։ Պարսից շահ Նադիրին հաջողվում է հետ մղել նրանց, և հայության վիճակը բարելավվում է։ Նրա մահվանից հետո իրավիճակը նորից վատանում է։ Հայաստանը 1750-ական թթ. ենթարկվում է դաղստանյան ցեղերի հարձակումների։ Հայ բնակչության մի մասն ստիպված հեռանում է հայրենի բնակավայրերից։ Կաթողիկոս Սիմեոն Երևանցին կազմակերպում է բոլոր բնակավայրերում հայկական ծուխերի (մեկ հարկի տակ ապրող ընտանիքների) և կալվածքների հաշվառում, այնուհետև դուրս է մղում օտարածին տարրը և վերադարձնում հայ բնակչությանը շուրջ տասը գյուղերում։ Նա նաև կատարում է իր ժամանակներում արդիականացման ամենամեծ քայլը՝ հիմնում է տպարան Սուրբ Էջմիածնում, որի շնորհիվ հայկական գիտելիքը հնարավոր էր զանգվածային տարածել։

Խրիմյան Հայրիկը՝ արևմտահայ ազատագրական շարժման գաղափարախոս


Խրիմյան Հայրիկն է առաջին անգամ կազմել Հայրենագիտություն առարկայի ծրագիրը և դասագրքերը։ Նա Վարագավանքում հիմնել է դպրոցի ժամանակակից ընկալմանը համապատասխանող դպրոց՝ դասագրքերով, գրատախտակով, աթոռ-սեղանով, գրենական պիտույքներով։ Բացի այդ՝ նա է հիմնել Արևմտյան Հայաստանում լույս տեսնող առաջին պարբերականը՝ «Արծուի Վասպուրականը»։ Պատահական չէ, որ արևմտահայ ազատագրական առաջին կազմակերպությունները և կուսակցությունը հիմնվել են հենց Վանում։ Նրա գործունեության առանցքում է նաև ազգի պատմական հիշողությունը վերարտադրող էպոսի գրառման հանձնառությունը, որ ստանձնում է Գարեգին Սրվանձտյանցը։

Հայոց պատմությունը Մաղաքիա Օրմանյանի «Ազգապատում» աշխատության ընկալումներում


Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը 10-րդ դարի սկզբին շարադրել է համազգային նշանակության աշխատություններ, որոնցից առանձնահատուկ կարևորություն ունեն «Ազգապատում» և «Հայոց Եկեղեցին» երկերը։ Ազգապատման հայեցակարգը, ըստ նրա, Հայոց Եկեղեցու անբաժանելիությունն է հայկական ինքնությունից, հետևաբար Հայոց պատմությունը, սկսած վաղ միջնադարից, ուղղակիորեն շաղկապված է Հայոց Եկեղեցու պատմության հետ։ Այս տրամաբանությամբ շարադրված է Հայոց պատմությունը՝ նկատի ունենալով Կաթողիկոսների գահակալության ժամանակագրական հաջորդականությունը։ Երկու աշխատություններում էլ հեղինակը հիմնավորում է Հայոց Եկեղեցու ուղղափառ դավանանքը, չի խուսափում օգտագործել «ուղղափառ» եզրույթը նույնիսկ Եկեղեցու պաշտոնական անվան մեջ՝ բացատրելով, որ եզրույթը կապ չունի հույն, ռուս և արևելաեվրոպական ուղղափառ («օրթոդոքս») մյուս եկեղեցիների հետ։ Շարադրման անգնահատելի սկզբունքի և աղբյուրագիտական հենքի շնորհիվ նրա աշխատություններն ունեն հայրենաճանաչողական մեծ նշանակություն։

Զաքարիա Ձագեցի Կաթողիկոսը թագավորության վերականգնման ակունքներում


Արաբական խալիֆայության դեմ 850-855 թթ. ապստամբությունը հաջող ավարտվեց և Հայաստանը հնարավորություն ստացավ վերստին թագավորություն ձեռք բերել։ Հայ իշխանական ընտանիքներից Բագրատունիների, Արծրունիների, Սյունիների և Առանշահիկների ռազմական ու տնտեսական հնարավորությունները համադրելի էին, հետևաբար անհրաժեշտ էր հեղինակություն և լեգիտիմություն վայելող մի ուժ, որ կմիավորեր նրանց։ Իր միասնական նվիրապետական կառույցով այդպիսին էր Հայոց Եկեղեցին, որի գլուխը՝ Կաթողիկոս Զաքարիա Ձագեցին, հրավիրեց ժողով և հորդորեց միավորվել Բագրատունյաց գահերեց իշխան Աշոտի շուրջ։ Ժողովը միաձայն որոշեց հռչակել Աշոտին Հայոց թագավոր։

Ստեփանոս Սալմաստեցի Կաթողիկոսի ազատագրական ջանքերը


14-րդ դարի սկզբից Հայաստանը հայտնվում է Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև ընթացող պատերազմների հորձանուտում։ Բնակչությունը ենթարկվում էր բռնագաղթի, ոչնչացնում էին ցանքատարածությունները, իսլամական օրենսդրությամբ հայերին զրկում էին տարրական իրավունքներից։ Այս իրավիճակում Ստեփանոս Սալմաստեցի Կաթողիկոսը 1547 թ. օրակարգ է բերում հայկական պետականությունը վերականգնելու հարցը՝ որպես հայերի գոյության պահպանման հուսալի երաշխիք։ Նա ժողով է գումարում Սուրբ Էջմիածնում, որտեղ որոշվում է Հայոց թագավորությունը վերականգնելու համար պատվիրակություն կազմել և ուղարկել Եվրոպա՝ դաշնակիցներ որոնելու։

Հայ Եկեղեցին Մայիսյան հերոսամարտերի հորձանուտում


1918 թ. հունվարի 28-ից թուրքական բանակն անցնում է լայնածավալ հարձակման և արդեն մայիսի 21-ին հայտնվում Արարատյան դաշտում։ Նոր ձևավորվող հայկական պետության ղեկավարությունը, ազդված լինելով զիջումների շղթայից, առաջարկում է Կաթողիկոս Գևորգ Սուրենյանցին, որ նա լքի Սուրբ Էջմիածինը, որովհետև մի քանի օրից այն գրավվելու է։ Կաթողիկոսը չի համաձայնվում և ռազմաճակատ է ուղարկում կուսակրոն հոգևորականներին, որոնց գլխավորում էր նշանավոր գիտնական Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցը։ Արթնության մարտակոչով ղողանջում են բոլոր եկեղեցիների զանգերը, և սկսվում է հոգեբանական բեկումը, որ համակում է ռազմաքաղաքական ղեկավարությանը. տեղի են ունենում Սարդարապատի և Ապարանի հաղթական հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայությունը ոչ միայն փրկվում է վերջնական ոչնչացումից, այլև ստեղծվում է ժամանակակից հայկական պետականությունը՝ հանրապետության տեսքով։

Հայ ազատագրական շարժման նախանշողը՝ Հակոբ Դ Ջուղայեցի Հայրապետ


1677 թվականին Հակոբ 4-րդ Ջուղայեցին Սուրբ Էջմիածնի մայր Տաճարում հրավիրում է ժողով, որտեղ հավաքվում է հայկական վերնախավը։ Որոշում են Կաթողիկոսի գլխավորությամբ ձևավորել պատվիրակություն, որը պետք է մեկնի Եվրոպա։ Պատվիրակությունը պետք է բանակցեր Հռոմի Պապի, հակաթուրքական տրամադրություններ ունեցող Լեհաստանի ղեկավարի հետ։ Առաջին անգամ Կաթողիկոսի կողմից ազատագրության վերաբերյալ նամակ է ուղղվում Ռուսաստանի ղեկավար Ալեքսեյ Միխայելովիչին՝ Պյոտր Առաջինի հորը։

Միջնադարյան հայ պատմագրությունը իբրև քաղաքակրթական ֆենոմեն


Հայ պատմագրությունը քաղաքակրթական ֆենոմեն է։ Պատմական գիտելիքի փոխանցումը սերնդեսերունդ իբրև պատմական հիշողության վերարտադրման մեխանիզմ տարբեր ժողովուրդների մոտ տարբեր է։ Հայերի մոտ մի կողմից ունենք գրավոր փոխանցման սկզբունքը պատմագրության տեսքով և բանավոր սկզբունքը, որ էպոսի տեսքով է փոխանցվել, բարձրագույն տեսքով հասել է մինչև 19-րդ դար և գրի է առնվել 1874 թվականից սկսած։

Հայ Եկեղեցին՝ իբրև հայկական մոդեռնիզացիայի առաջամարտիկ - Հայկական տպագրություն


Գրատպությունը առաջին անգամ Հայաստան է ներմուծել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Տպագրական մեքենան այն ժամանակ հսկայական չափերի էր և Հայաստան տեղափոխելն անհնար էր։ Հենց այդ պատճառով առաջին հայերեն գիրքը՝ Ուրբաթագիրքը, տպագրվում է Վենետիկում Հակոբ Մեղապարտի կողմից։

Ստեփանոս Օրբելյանի՝ պետականության վերականգնման տեսլականը


Հռոմի Պապը Կիլիկիայի Հեթում Երկրորդ արքային կոչ է անում ընդունել կաթոլիկ դավանանքը և միավորել երկու եկեղեցիները։ Դրա հետևանքով Կիլիկիայի հայոց թագավորը պետք է ստանար Հռոմի պապի հաստատումը, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է գնար ցավոտ զիջումների։ Այս օրակարգին ընդիմանում է Կոնստանտին երկրորդ Կատուկեցի Կաթողիկոսը։ Հեթում Երկրորդ թագավորը Կաթողիկոսին մեղադրում է աշխարհիկ կենցաղվարության մեջ։ Հայտնվում են բարձրաստիճան հոգևորականներ, որոնք պատրաստակություն են հայտնում դեմ գնալ Կաթողիկոսին։ Սիս մայրաքաղաքում հրավիրվում է ժողով, որտեղ որոշում են Կաթողիկոսին հեռացնել գահից և բանտարկել։ 3 տարի անց Եգիպտոսի մամլուքները գրավում են Հռոմկլայի կաթողիկոսարանը և Թագավորի օժանդակությամբ գահին բազմած նոր Կաթողիկոսին գերեվարում և տանում Եգիպտոս, որտեղ էլ վախճանվում է։

«Արևելյան» վարդապետները՝ զարգացած միջնադարում հայ ինքնության պահապաններ


Հայ Առաքելական Եկեղեցին Բյուզանդական Կաթոլիկ Եկեղեցու հետ միավորելու հարցը հատկապես սրվում է Կիլիկյան Հայաստանի շրջանում։ Ներսես Շնորհալին գրություն է ուղարկում բուն Հայաստանի տարածքում գտնվող վարդապետներին, որովհետև նրանց կարծիքը պետք է հաշվի առնեին որոշում կայացնելու համար։ Ներսես Շնորհալին երկու եկեղեցիների միջև երկխոսության կողմնակից էր, բայց երբեք կողմ չի եղել եկեղեցիների միավորմանը։ Ավելի ուշ՝ կաթողիկոսներն ու Կիլիկիայի թագավորները միտումնավոր այդպիսի գրություններ էին ուղարկում վարդապետներին, որպեսզի նրանց հիմնավորումները ցույց տային արևմուտքում, որպես եկեղեցիների միավորման մերժման պատճառ։

Մովսես Խորենացի` Պատմություն Հայոց


Մովսես Խորենացին ի սկզբանե հանդես է գալիս որպես թագավորության վերականգնման գաղափարախոս։ Նա մերօրյա գիտնականի չափանիշներով բարձր մակարդակի աշխատանք է կատարում՝ քննական մոտեցմամբ գրելով իր աշխատությունը։ Խորենացու Հայոց Պատմությունը ոչ թե պարզապես մի ազգի պատմություն է, այլ պատմություն, որի առանցքում թագավորությունն է։ Այսինքն՝ գրքի նպատակակետը Հայոց թագավորության վերականգնումն է։