«Շողակաթ» տեսալսողական ծրագիրը հեռարձակվում է Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությամբ, օրական 24 ժամ, հանրապետական սփռմամբ։
«Շողակաթ» հեռուստածրագրի բովանդակությունը ներառում է կրթական, մշակութային, հոգևոր, տեղեկատվական հաղորդումներ, որոնք տրամադրում է «Շողակաթ հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն (հիմնադիրը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի) և պատվիրում է Հոգևոր-մշակութային հանրային ՀԸ ՓԲ ընկերությունը (հիմնադիրը՝ ՀՀ կառավարություն)։
Ծրագրի հաղորդացանցը հաստատում է Հանրային հեռարձակողի խորհուրդը։
Հեռուստընկերության կենսագործունեության համար անհրաժեշտ միջոցներն անհատույց տրամադրում է Մայր Աթոռ Ս. Էջմիածինը։
Պատմություն
«Շողակաթ» հեռուստաընկերության պատմությունն սկսվում է 1995թ-ից, երբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանի սենյակներից մեկում երեք հոգանոց աշխատակազմով սկսեց գործել թեմի հեռուստաստուդիան: Նախաձեռնողն ու հիմնադիրը առաջնորդական փոխանորդն էր` Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Ստուդիան պատրաստում էր հոգևոր-եկեղեցական թեմաներով հաղորդումներ, տոների մասին իրազեկող տեսահոլովակներ, որոնք մեծ պատրաստակամությամբ հեռարձակում էին Հայաստանի հեռուստաընկերությունները: Հոգևոր կրոնական հաղորդումների պահանջարկն այնքան մեծ էր և դրանց ազդեցությունն այնքան տեսանելի, որ հեռուստաստուդիան սկսեց աշխատակազմ հավաքել և տեխնիկապես համալրվել: Հինգ տարի անց այն արդեն գործում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և գրանցված էր որպես «Շողակաթ հեռուստաընկերություն»:
Հեռուստաընկերության պատրաստած տեսանյութերը աչքի ընկան հատկապես 2001թ., երբ Հայաստանում նշվում էր քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակը:
2002թ. «Շողակաթը» հեռարձակման արտոնագիր ստացավ և նոյեմբերից արդեն գործում էր որպես օրական 18 ժամ եթեր ապահովող հեռուստաընկերություն: Ավանդական եկեղեցական – հոգևոր հաղորդումների կողքին սկսեցին եթեր հեռարձակվել կրթական, մշակութային, մանկական հաղորդաշարեր:
Հոգևոր-մշակութային ուղղվածություն ունեցող հեռուստաալիքը սեփական կանոնադրությամբ իրեն արգելեց ալկոհոլային խմիչքների, վիճակախաղերի, խաղատների գովազդը, որոնց մեծ մասն այդ տարիներին օրենքով արտոնված էին հայաստանյան հեռուստաեթերում: Սեփական եթերային քաղաքականության շրջանակներում արգելվեց նաև բռնություն ու սարսափ քարոզող հայրենական ու արտասահմանյան ֆիլմերի ցուցադրումը:
Հայաստանի Հանրային հեռուստատեսության հետ կնքած պայմանագրով 2004թ-ից սկսած` «Շողակաթ» հեռուստատեսության հաղորդումներն սկսեցին հեռարձակվել նաև Հ1-ի արբանյակային հեռուստաեթերում:
Անկախ Հայաստանում երկու անգամ մշակութային հեռուստաալիք ստեղծելու փորձ արվել է: Երրորդ փորձը 2010թ-ին էր՝ Հեռուստատեսության մասին նոր օրենքը պարտադրում էր ստեղծել առանձին հոգևոր-մշակութային հեռուստաալիք: ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով «Շողակաթ» հեռուստաընկերության փորձը և հանրային հեղինակությունը, առաջարկեց համագործակցության պայմանագիր:
2011թ հունվարից Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը սկսեց հեռարձակել «Շողակաթ» ծրագիրը։ Այն ներառում է նաև պետության պատվերով ստեղծված կրթական, մշակութային և մանկական բովանդակությամբ հաղորդաշարեր, որոնք պատրաստվում են «Շողակաթ հեռուստաընկերությունում»։
Մեր արժեքները և գործունեությունը
Մեր գործունեության նպատակը իմաստալից և հանրօգուտ մեդիաբովանդակության ստեղծումն ու տարածումն է, քրիստոնեական արժեքների, էթիկայի, հանրային առողջ համակեցության, ճանաչողության զարգացման քարոզչությունը, հայ և համաշխարհային մշակույթի լուսաբանումը: Այս առաքելությամբ է «Շողակաթը» պատրաստում և հեռարձակում քաղաքակրթության, պատմության, կրոնների, բնության, նշանավոր անհատների, համաշխարհային հոգևոր-մշակութային արժեքների մասին պատմող բազմաժանր գիտահանրամատչելի հաղորդումներ, լուսաբանում ազգային-եկեղեցական, հասարակական, մշակութային իրադարձությունները։ Ծրագրում մեծ տեղ է հատկացված վավերագրական գիտահանրամատչելի տեսաֆիլմերին, ճանաչողական հաղորդումներին, բարձրարժեք երաժտական-համերգային ծրագրերին։
Մենք հասանելի ենք
Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության «Շողակաթ» ծրագրին կարելի է հետևել մետրային և արբանյակային հաճախականությամբ, սոցցացային պաշտոնական էջերի միջոցով, www.shoghakat.am կայքէջով։ Հեռուստաընկերության կայքէջը հիմնականում արտացոլում է «Շողակաթ» ծրագրի ամենօրյա եթերը՝ բացառությամբ ՀՀ տարածքից դուրս ցուցադրելու արտոնագիր չունեցող գեղարվեստական, վավերագրական, անիմացիոն ֆիլմերի, համերգային ծրագրերի:
2025թ. հունվարից պետական դրամաշնորհային ծրագրի գործարկման շնորհիվ հեռուստաընկերությունը անցում կկատարի բարձր հստակության (HD որակի) հեռարձակման։