Շարքի  հերոսները դպրոցահասակ երեխաներ են՝ իրենց հետաքրքրություններով և հոգսերով: Բայց կա մի բան, որ նրանք անում են մեծ ջանասիրությամբ` շապիկ են հագնում և Խորան բարձրանում. ծառայում եկեղեցում որպես դպիր:   
Յուրաքանչյուր  հաղորդում մի պատմություն է, եկեղեցու հետ հաղորդակցության մի դեպք:
 
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 21:00-ին

Հովանավանքի դպիր Ալիկը


Ամեն կիրակի Ալիկը մայրիկի հետ Ուշիից գնում է Հովանավանք՝ պատարագի մասնակցելու։ Տեսնելով իրենից ավագ դպիրներին՝ նա երազում է շապիկ հագնել և խորան բարձրանալ՝ ցանկանալով դառնալ հոգևորական։ Բացի հոգևոր ճանապարհից, Ալիկը սիրում է ծաղիկներ աճեցնել, հողագործությամբ զբաղվել և իր սիրելի շանը խնամել։

Արցախից Բռնի տեղահանված Արամեն ոգեւորությամբ է խորան բարձրանում


Արցախից տեղահանված Արամեի ընտանիքը ապրում է Ոստանում: Սուրբ Սարգիս եկեղեցի առաջին անգամ մայրիկի հետ է հաճախել, ու սիրով ընդունել է Տեր Միքայելի՝ խորան բարձրանալու առաջարկը: Ամեն կիրակի, անսահման ոգևորությամբ մասնակցում է պատարագին: Արամեի առօրյան շատ հետաքրքիր է անցնում գյուղում:

Խոր Վիրապի դպիրները


Խոր Վիրապի դպիրները ամեն կիրակի շապիկ են հագնում՝ մասնակցում պատարագի: Ավելի փորձառու դպիրները նորեկներին սիրով օգնում են: Պատարագից հետո միասին աղավնիներին են կերակրում, շտապում՝ ֆուտբոլ խաղալու: Երեխաների առօրյան գյուղում հետաքրքիր է ու արկածներով լի:

Ծաղկազարդ (Արտաշատ)


Ծաղկազարդին Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու խորանը դպրաշատ էր: Երեխաները վաղ առավոտյան շտապել էին եկեղեցի: Ուռենու ճյուղերից հյուսել պսակներ ու մասնակցել պատարագին։

Ջրվեժի դպիրները (երեք եղբայր)


Հովհաննեսը, Տիգրանն ու Արշավիրը եղբայրներ են,նրանք արդեն ինը տարի հաճախում են Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցի, շապիկ հագնում և մասնակցում պատարագին: Նրանց նախասիրությունները բազմազան են, առօրյան՝ հագեցած։

Առինջի եկեղեցու դպիր Նարեկը


Նարեկի կիրակին սկսվում է Առինջի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, նա շապիկ է հագնում և խորան բարձրանում: Երազում է ճարտարապետ դառնալ, սիրում է նկարել, կիթառ նվագել, եղբոր համար գրքեր կարդալ:

Գևորգն ու Լևոնը (Արտաշատ)


Գևորգն ու Լևոնը դասընկերներ են, հաճախում են Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցի, խորան են բարձրանում, մասնակցում Պատարագին: Նրանք անհամբեր սպասում են կիրակի օրվան՝ ընկերներով զբոսնում են, կիթառ նվագում, օրն անցկացնում են միասին։

Տիգրանն ու Ալբերտը (Ջրվեժ)


Մանուկ դպիր Ալբերտը Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցում խորան է բարձրանում։ Նրա օրինակին հետեւել է եղբայրը՝ Տիգրանը։ Հիմա եղբայրներով ծռայում են եկեղեցում։

Սուրբ Աննայի դպիր Գրիգորը


Գրիգորն ու պապիկի ամեն կիրակի գնում են Սբ. Աննա եկեղեցի։ Նա շապիկ է հագնում՝ մասնակցում պատարագին: Հետո միասին զբոսնում են, հաճելի ժամանակ անցկացնում: Գրիգորի առօրյան հագեցած է, զբաղվում է սպորտով՝օգնում քույրիկներին:

Կեչառիսի դպիր Ալեքսը


Պապիկի ուղեկցությամբ Ալեքսը մանկուց էր հաճախում Կեչառիս։ Նա մի օր շապիկ հագնելու և խորան բարձրանալու ցանկություն է հայտնել: Այդպես՝ ամեն կիրակի Ծովագյուղից գալիս են, մասնակցում պատարագին ու վերադառնում:

Սուրբ Զորավոր եկեղեցու Գոռը


Սուրբ Զորավոր եկեղեցու դպիր Գոռը առաջին անգամ խորան է բարձրացել լարվածությամբ ու շիկնելով։ Հիմա այլեւս չկա այդ լարվածոթությունը։ Հոգեւորականները նրան օգնում ու կողմնորոշում են արարողությունների ժամանակ։ Նույնիսկ ձայնն է փոխվել այս ընթացքում և արդեն կարողանում է երգել։ 

Սուրբ Ամենափրկչի դպիր եղբայրները


Եղբայրներ Վախթանգն ու Ռուբենը ամեն կիրակի մարզվում են և քայլում դեպի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի: Շապիկ են հագնում, ընկերների հետ սպասավորում խորանին, իսկ պատարագից հետո ամբողջ օրը նվիրում են եկեղեցուն: