«Լավ է կույր աչոք քան կույր մտոք»


«Լավ է կույր աչոք, քան մտոք»․ այս հնագույն ասացվածքը բացահայտում է հոգևոր տեսողության կենսական նշանակությունը։ Ինչպե՞ս է մարմնական տեսողությունը կապվում հոգևոր լուսավորության հետ։ Տեր Դավիթ քահանա Գիշյանը մեկնաբանում է ժողովրդական այս խոսքը՝ հիմնվելով Քրիստոսի բժշկությունների և սուրբգրային պատգամների վրա։ Ինչո՞ւ է հոգևոր կուրությունը մարդու համար առավել վտանգավոր, և թե ինչպես կարող ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ «աշխարհի լույսի» միջոցով ձեռք բերել ճշմարտությունը տեսնելու ունակությունը։

«Աղքատին տվողը Աստծուն է փոխ տալիս»


«Աղքատին տվողը Աստծուն է փոխ տալիս» Այս առածը բխում է Առակաց գրքից. «Ով ողորմում է տնանկին, փոխ է տալիս Տիրոջը» (Առակաց 19.17): Սուրբգրային այս պատգամը բացահայտում է ողորմության իրական խորհուրդը։ Մերձավորը Աստծո կենդանի պատկերն է, և կարոտյալին օգնելով՝ մենք ոչ թե պարզապես բարեգործություն ենք անում, այլ մեր սերը գործով ենք վկայում։ Տեր Դավիթ քահանա Գիշյանը մեկնաբանում է, թե ինչպես է Աստված Իրեն ծածկել կարոտյալի դիմագծի մեջ, և թե ինչպես է ողորմությունը մարդուն հաղորդակից դարձնում աստվածային սիրո էությանը։

«Լավություն արա, ջուրը գցիր»


«Լավություն արա, ջուրը գցիր: Ձուկը չիմանա, Աստված կիմանա» ժողովրդական ասացվածքը վերաբերում է Քրիստոսի Լեռան քարոզում արված հետևյալ արտահայտությանը. «Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց համար: Այլապես վարձք չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է» խոսքերից: «Երբ ողորմություն անես, քո աջ ձեռքը թող չիմանա, թե ինչ է անում քո ձախ ձեռքը: Տեր Դավիթ քահանա Գիշյանը մեկնել է ժողովրդական ասույթներն ու ասացվածքները և նրանց մեջ խտացած աստվածաշնչյան իմաստությունը:

 

Մարդը մարդու երեսին է նայում, իսկ Աստված՝ սրտին


Ըստ Տեր Դավիթ քահանա Գիշյանի «Մարդը մարդու երեսին է նայում, իսկ Աստված՝ սրտին» ասացվածքը վերցված է Աստվածաշնչի առաջին Թագավորաց գրքից: Սամուել մարգարեն պատանի Դավիթին պետք է օծեր թագավոր: Աստված Սամուելին ասում է. «Նրա դեմքին մի նայիր՝ ոչ էլ հասակի բարձրությանը: Մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին»:

Ինչ-որ սերմանես՝ այն էլ կհնձես


Տեր Դավիթ քահանա Գիշյանը կարծում է, որ Ֆիզիկական օրենքներն օգնում են կառուցել մեր արտաքին, հոգևոր օրենքները՝ հոգևոր կյանքը։ Պողոս Առաքյալը գաղատացիներին ուղղված նամակի վեցերերդ գլխում նշում է, որ կյանքը մի դաշտ է, որտեղ հավաքում ենք այն ինչ ժամանակին սերմանել ենք: Մեր ներկան այն հունձն է, ինչ սերմանել ենք անցյալում:

Աստված սարը տեսնում է՝ ձյունը դնում


Տեր Դավիթ քահանա Գիշյանը կարծում է, որ «Աստված սարը տեսնում է՝ ձյունը դնում» ժողովրդական ասույթը հոգևոր արմատներով կապված է Պողոս Առաքյալի կորնթացիներին ուղղված առաջին նամակի հետ: Ըստ նրա՝ Կյանքի դժվարությունները Աստծո կողմից մարդուն տրվում են բացառիկ վստահությունից ելնելով: Աստված մեզ տալիս է մեր կարողություններին համապատասխան փորձություններ և միևնույն ժամանակ հուշում դրանց հաղթահարման ուղիները: