Եկեղեցական ամփոփ լուրեր 04.04.2016


Արցախի թեմի առաջնորդը Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոչ է արել վստահել սեփական ուժերին և ճշմարտությանը:
Դամասկոսի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում պատարագից հետո տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն թշնամական գործողություններին զոհ գնացած զինվորների և անմեղ բնակիչների համար: 
Հոգեհանգստյան արարողություններ են տեղի ունեցել նաև  Ռումինիայի հայոց թեմում և Կիլիկիո կաթողիկոսության Մայր Տաճարում: 
 

«Ժամանակակից հասարակության զարգացման հոգևոր-բարոյական ուղենիշերը». գիտաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Գիտաժողովի ուշադրության կենտրոնում էին միջեկեղեցական կապերի զարգացման, Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար համագործակցման նոր ձևերի, երկու երկրներում ընտանիքի աջակցությամբ զբաղվող կազմակերպությունների միջև կապերի զարգացման հարցերը: Գիտաժողովին մասնակցում էին պետական, հասարակական և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ռուս ուղղափառ և հայ առաքելական եկեղեցիների հոգևորականներ: 

Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հանրապետական մաղթանք


Այսօր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Կրկնազատկի պատարագի ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հանրապետական մաղթանք: Պատարագի ավարտին Գարեգին Բ հայրապետը բարձրացավ Ավագ խորան և խոսք ուղղեց հավատավոր ժողովրդին` անդրադառնալով այս օրերին հակառակորդի սանձազերծած ռազմական գործողություններին: 

Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում նշվեց Սուրբ Հարության տոնը:


Կանադահայ համայնքը Ս. զատիկը նշել է Մոնրեալի եկեղեցում: Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայ երեխաները զատկական նվերներ են ստացել Ս. Գևորգ եկեղեցում: Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցում Ս. Հարության տոնին ներկա են եղել Վրաստանի վարչապետը և կառավարության անդամներ: Լոս Անջելեսի հայերը Քրիստոսի Հարության հրաշափառ տոնին հավաքվել են զատկական միացյալ ճաշի: Արցախի  թեմում նախագահ Բակո Սահակյանը  Հարության տոնին այցելել է  Մարտունիի Ս. Ներսես Մեծ եկեղեցի: Վայոց Ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվել է զատկական Պատարագ և կազմակերպվել ցուցահանդես-մրցույթ: «Քրիստոս Հարեավ»  ավետիսը հնչել է Տավուշի թեմի գյուղերում,  քաղաքներում, պատմական վանքերում, նաև՝ զորամասերում: Տոնի առթիվ նվերներ են ստացել սահմանապահները:

Նոր գիրք «Զանգակ» հրատարակչությունից. Խալեդ Հոսեյն, «Եվ արձագանքեցին լեռները»


«Լոֆթ» կենտրոնում տեղի ունեցավ Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Վեպը ներկայացրին գրականագետ Հայկ Համբարձումյանը, թարգմանիչ Անուշ Սեդրակյանը և «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը: 

Հայ-իրանական համերգ` Նոուրուզի առթիվ


Իրանի թվարկության 1395 թվականի ամանորը` պարսկական Նոուրուզը, տոնեցին նաև Հայաստանում: «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում Իրանի դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն, իրանական ձեռարվեստի նմուշների ցուցահանդես և հայ-իրանական համատեղ համերգ:

Եկեղեցական լրահոս


Ավագ հինգշաբթի, Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում նշվեց Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակը: Մոնրեալի Մայր տաճարում, Սանթա Քլարիթայի Սբ․Սարգիս, Քյոլնի Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ, Սյոդերթյոլիեի Սուրբ Մարիամ Աստվածածին , Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում կատարվեցին Ոտնլվայի արարողություններ: 
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այս տարի  համբուրել և օծել է մուսուլման, ուղղափառ,  հինդուիստ և կաթոլիկ փախստականների ոտքերը:
 

Ծաղկազարդի տոնը Հայ Առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում


Սփյուռքի բոլոր թեմերում Ծաղկազարդը և մանուկների օրհնության տոնը մեծ շուքով է նշվել: Որոշ երկրներում իրական արմավենու օրհնված ճյուղեր են բաժանվել հավատացյալներին, իսկ Տավուշում՝ միայն այս մարզում աճող իսկական ձիթենու ճյուղեր:  

Նոր գրքեր 21.03.2016


Զավեն Բոյաջյանի խմբագրությամբ առանձին հատորներով լույս են տեսել Շեքսպիրի չորս գործեր: Հայ ընթերցողին են ներկայացվել «Վերոնացի երկու ազնվական», «Հուլիուս Կեսար», «Սխալների կատակերգություն» և «Միջամառային Գիշերվա երազ» պիեսները:

Բնակարաններ` տնակներում ապրող գյումրեցիներին


Գյումրիի աղքատ, տնակային թաղամասում աշխարհահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանի բարեգործական համերգի շնորհիվ երիտասարդ գյումրեցիների նախաձեռնությունը միջազգային հնչեղություն է ստացել: Այս ամիս ամենայն հավանականությամբ տնակներում ապրող գյումրեցի 22 ընտանիք բնակարան կստանա: 

«Զանգակ» գրատունն իր 4-ամյակը նշանավորել է նոր գրքի շնորհանդեսով


«Զանգակ» գրատունն իր 4-ամյակը նշանավորել է Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսով: Բնագրից հայերեն է թարգմանել Լուսինե Հարոյանը: Նկարիչը Արարատ Մինասյանն է:

«Չորս դաշնամուր մեկ բեմում»


«Արամ Խաչատրյան» համերգասրահում Գլորիա Կամպաները՝ Իտալիայից, Տրիստան Պֆաֆֆը՝ Ֆրանսիայից, Ֆրանսուա- Քզավյե Պուազան՝ Շվեյցարիայից և Վահան Մարտիրոսյանը չորս դաշնամուրով կատարեցին Բախի, Ռավելի, Պուլենկի կոնցերտները: Մաեստրո Վահան Մարտիրոսյանի վստահ է, որ «Չորս դաշնամուր մեկ բեմում» ծրագրով համերգը դառնում  է ավելի գրավիչ ունկնդրի համար: