Մեր հերոսները երիտասարդներ են, որոնք փորձում են, նախաձեռնում, իրագործում: Այդպես նրանք ինքնիրացվում են, շրջապատը՝ շահում:  Աշխարհը փոխելը նրանց ուժերից վեր է, բայց աշխարհում մի բան փոխել կարող են հաստատ:
 Շարքի ամեն հաղորդում ներկայացնում է երիտասարդական մի նախաձեռնության պատմությունն ու օգտակար գործողության գործակիցը:

Տարեցների խնամքի և առողջության ապահովման ասոցիացիա


Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան զբաղվում է Հայաստանում ծերաբանության և ծերաբուժության (գերիատրիա) զարգացմամբ։ Ցերեկային կենտրոնը 65 և ավելի տարիքի անձանց ժամանցի, ֆունկցիոնալ ակտիվության և առողջության պահպանման մասնագիտացված ծրագիր ունի: Գործում է նաև հատուկ խումբ Ալցհեյմերի հիվանդություն (դեմենցիա) ունեցող անձանց համար՝ հնարավորինս երկար պահպանելու նրանց կոգնիտիվ վիճակը և աջակցելու նրանց ընտանիքներին։

Կրաշենցի Հռիփսիմեն


«Ես սկսել եմ իմ գյուղից՝ Կրաշենից»,- ասում է տիկին Հռիփսիմեն: Տրակտոր ու բեռնատար է վարում, խաղահրապարակ և ավտոբուսի կանգառ է կառուցում, ծառատունկ և աղբահանություն է կազմակերպում: Ծրագիր ունի գյուղի կանանց համար չրանոց ստեղծելու: Վստահ է՝ եթե ամեն մեկն իր գյուղում մի բան անի, երկրում փոփոխություն կլինի:

Հայհաբ (Hihub)


Շաբաթը 7 օր, 24 ժամ ձեր առողջական խնդիրների մասին կարող է լսել և հրատապ արձագանքել «Հայհաբ» (Hihub) ընկերության բժիշկը: Օնլայն հարթակում ընկերության բժիշկները անվճար խորհրդատվություն են տամադրում, պատասխանում հարցերին, անգամ կարդում դեղատոմսի անընթեռնելի ձեռագիրը:

Էկո գրիչներ


Բնությունը պլաստիկով հնարավորինս քիչ աղտոտելու համար «Էլբակյան» ընկերությունը գրիչներն արտադրում է թղից, որը հեշտությամբ քայքայվում է հողում՝ դառնալով հումուս բույսերի համար: Թղթից պատրաստված մեկ այլ գրիչի տեսակի վրա պատիճով սերմեր են տեղադրում: Գրչի թանաքը վերջանալուց հետո գնորդն այն տնկում է սովորական հողի մեջ, խնամում ու բացահայտում՝ ինչ պտուղ է տվել իր գրիչը:

Խցաններով խճանկարներ


Գյումրիում երիտասարդները հավաքում են պլաստիկ շշերի թափոն-խցանները և դրանցով խճանկարներ պատրաստում:

Կիսիր ճանապարհդ, թեթևացրու երթևեկությունը


«Կիսիր ճանապարհդ, թեթևացրու երթևեկությունը» նախաձեռնությունը «Ֆեյսբուք» սոցիալական հարթակի միջոցով միավորում է կամավոր վարորդներին և ուղևորներին ինքնակազմակերպվել և թեթևացնել երթևեկությունը: Ինչպե՞ս. ներկայացնում են նախաձեռնության հեղինակները:  

«Արվեստ» խաղ


«Էյվա» արվեստների հիմնադրամն ստեղծել է խաղ: Ծանոթացեք կերպարվեստի հայ մեծերի գործերին ու նրանց մասին հետաքրքիր տեղեկություններ իմացեք՝ խաղալով «Արվեստ»:

«Ապագա» ընկերություն


«Ապագա»-ն հարթակ է, որը միավորում է մեր մոլորակի էկոհամակարգի մասին մտահոգ մարդկանց: Գաղափարի շուրջ համախմբված մարդիկ փորձում են բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը աղբի վերամշակման մասին, կազմակերպում են պլաստիկ շշերի ու զանգվածի փոխադրումը, հանձնումը վերամշակողին: 
«Միացիր մեր կանաչ համայնքին և օգնիր մեզ փրկել մեր մոլորակը». սա է «Ապագայի» կոչը: 
 

Թուղթը աղբ չէ


«Թուղը աղբ չէ» նախաձեռնությունը աղբի տեսակավորման և վերամշակման մասին է: Առանց որևէ ֆինանսական միջոցների, ինքնակամ քաղաքացիները միացել են նախաձեռնությանը: Քաղաքի տարբեր անկյուններում կամավորների օգնությամբ տեսակավորվում են թուղը, ապակին և պլաստիկը, այնուհետև բեռնատարները դրանք տեղափոխում են վերամշակող գործարաններ: Թափոններից ստացված գումարը ուղղում են որևէ բարեգործական ընկերության: Նախատեսում են աջակցություն ստանալ քաղաքապետարանից և ավելի ինստիտուցիոնալ զբաղվել այս հարցով:

Ներառական փուռ-սրճարան Գյումրիում


Գյումրիի «Արեգակը» Հայաստանում առաջին ներառական փուռ-սրճարանն է, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ: 

Մարզասրահ հաշմանդամների համար


2014թ.-ին մայոր Սարգիս Ստեփանյանն ընկերոջը փրկելիս ականային վիրավորում է ստանում, կորցնում ոտքերն ու աջ ձեռքը: Սակայն նա կարողանում է ոչ միայն ոտքի կանգնել, այլև դառնալ բազկամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Իսկ այսօր Սարգիսն իր զինակից ընկերների հետ հիմնել է ներառական մարզասրահ, որտեղ կարող են մարզվել և կոփվել բոլոր ցանկացողները: Մարզասարքերը նախատեսված են նաև հաշմանդամություն ունեցողների համար: Կամավոր սկզբունքով աշխատող մարզիչներն անում են ամեն ինչ, որ Հայաստանում զարգանա հաշմանդամ մարդկանց սպորտը և Սարգիս Ստեփանյանի օրինակը վարակիչ լինի մարզասրահ հաճախող մարզիկների համար: 

Ձրի շուկա


Այստեղ կարող ես գտնել ու անհատույց վերցնել քեզ անհրաժեշտ իրեր կամ թողնել իրեր, որոնք քեզ այլևս պետք չեն։ Ձրի շուկայում կարող ես կիսվել ոչ միայն իրերով, այլև փորձով ու գաղափարներով, լավ ժամանակ անցկացնել մի բաժակ թեյի շուրջ ու քննարկել, թե ինչպես է սպառողական համակարգը կործանում շրջակա միջավայրը, առաջ բերում տնտեսական ճգնաժամեր ու շահագործում մարդուն։ 
Ձրի շուկայի գաղափարը մեզանում փորձում են տարածել բնապահպան ակտիվիստները: