Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք


Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միածնաէջ Մայր Տաճարում Հայոց Հովվապետի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով։ Պատարագիչ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն իր քարոզում շնորհավորեց Ամենայն Հայոց Հայրապետին և անդրադարձավ նրա հոգևոր, մշակութային, կրթական ու եկեղեցաշեն գործունեությանը։ Իջման Սուրբ Սեղանի առջև Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ կատարվեց Հայրապետական մաղթանք։ Սկևռայի 13-րդ դարի մասանց պահարանի ներկայությամբ Հայոց Հայրապետն օրհնություն բաշխեց ուխտավորներին։

 

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական նիստ


Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ, կայացավ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական նիստը, որի ընթացքում քննվեցին Սրբազանին առաջադրված մեղադրանքն ու խափանման միջոցի պայմանները։ Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ Արշակ Սրբազանին թույլատրելով չմասնակցել դատական նիստերին և առողջական վիճակով պայմանավորված այցելել Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գտնվող բժշկական հաստատություններ։

 

Մալաթիայի Հայորդյաց տանը առաջին անգամ անցկացվեց լողի առաջնություն


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Մալաթիայի Հայորդյաց տանն առաջին անգամ անցկացվեց լողի առաջնություն, որին մասնակցեցին 6-8, 9-11 և 12-14 տարիքային խմբերի սաները՝ ազատ և թիկնալող ոճերում։ Նախաձեռնությունն ողջունեց Հայորդյաց տան հոգևոր սպասավոր Տեր Նահապետ քահանա Կարապետյանը։ Մարզումների արդյունքներին անդրադարձավ Մալաթիայի Հայորդյաց տան տնօրեն Գեղամ Մելիքբեկյանը, իսկ առաջնության հաղթողները պարգևատրվեցին մեդալներով։

 

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում էկումենիկ աղոթք


Եկեղեցիների համաշխարհային խորհրդի էկումենիկ պատվիրակության անդամները՝ տարբեր երկրների, եկեղեցիների ու ազգությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանի ուղեկցությամբ հավաքվել էին Սուրբ Աննա եկեղեցում՝ Երևանում անցկացվող Կենսաբանական բազմազանության 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում։ Տարբեր քրիստոնեական եկեղեցիների ու դավանանքների ներկայացուցիչները միասին աղոթեցին հանուն քրիստոնյաների միասնության, խաղաղության և համերաշխության։

 

COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանն ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը


Հոկտեմբերի 25-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանում անցկացվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին մասնակից Եկեղեցիների համաշխարհային խորհրդի էկումենիկ պատվիրակությանը։ Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը կարևորեց քրիստոնեական Եկեղեցիների համատեղ հանձնառությունը՝ պահպանելու արարչագործության ներդաշնակությունն ու աստվածապարգև բազմազանությունը։

 

Խաչի գյուտի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Հոկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Խաչի գյուտի տոնի առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին հոգևոր դասը, հավատացյալներ, զբոսաշրջիկներ և Հայաստանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի մասնակիցներ։ Պատարագիչ Տեր Մաշտոց աբեղա Մխիթարյանը շեշտեց, որ Խաչի խորհրդի մեջ միաձուլված են երկու մեծագույն ճշմարտություններ՝ Խաչը մեղքի ծանրության վկայությունն է և Աստծո անսահման սիրո չափը։

Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին ընդունեց Վեհափառ Հայրապետը


Հոկտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նեապոլից ուխտավորաբար ժամանած Կաթոլիկ Եկեղեցու հոգևորականներին։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին, ինչպես նաև Նեապոլում Սուրբ Գրիգոր Լուսավորչի հանդեպ դրսևորվող առանձնահատուկ ակնածանքին և սրբի մասունքների պահպանությանը։

 

Կաթոլիկ Եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին ընդունեց Վեհափառ Հայրապետը


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Իտալիայի Տրիեստի թեմի հոգևորականներին՝ թեմակալ առաջնորդ Էնրիկո եպիսկոպոս Թրևիզիի գլխավորությամբ։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ խոսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև սերտ հարաբերությունների ու արդյունավետ գործակցության մասին և կարևորեց նման ուխտագնացությունները հոգևոր նորոգության և քրիստոնեական համայնքների փոխճանաչողության խորացման գործում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Save Armenia կազմակերպության պատվիրակությանը


Հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց կազմակերպությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար, իսկ դոկտոր Փոլ Մյուրեյը հավաստիացրեց, որ կազմակերպությունը շարունակելու է զորակցել հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն։

Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցու օծման 25-ամյակը և Սուրբ Թարգմանչաց տոնը


Հոկտեմբերի 11-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցու օծման 25-ամյակի ու Սուրբ Թարգմանչաց տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ Տեր Արեն եպիսկոպոս Շահենյանը՝ Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հրավերով։ Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի կոնդակը։ Հոբելյանի առիթով շնորհավորական պատգամներ էին ուղարկել Չարլզ Գ թագավորը և Քենթըրբերիի արքեպիսկոպոս Սառա Մալալին։

 

Մշո գիրքը վեպի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսը


Հոկտեմբերի 13-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ իտալահայ գրող Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսը, որը նախաձեռնել էր Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը՝ «Save Armenia» կազմակերպության և «Զանգակ» գրատան համագործակցությամբ։ Գիրքն իտալերենից թարգմանել է Վարդան Մատթէոսեանը, հրատարակել է «Սիս» հրատարակչությունը՝ Հայ Եկեղեցու աջակցությամբ։ Վեպը պատմում է Եղեռնի տարիներին փրկված հայ կանանց և հայկական ամենամեծ ձեռագիր մատյանի՝ «Մշո ճառընտիրի» փրկության մասին։

 

Աստվածաշնչային սեմինար՝ նվիրված հոգետրավմաների ամոքմանը


Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը կազմակերպել է հոգետրավմայի ամոքման մասնագետների հավաք՝ «Ամոքելով անցյալը՝ շարժվել դեպի ապագա... սերունդներ հարատևող հոգետրավմա» թեմայով։ Տարբեր երկրների Աստվածաշնչային ընկերությունների և եկեղեցիների ներկայացուցիչները, հոգևորականները, հոգեբաններն ու սոցիալական աշխատողները մեկտեղել են հոգևոր և հոգեբանական գիտելիքները՝ քննարկելով ամոքման ճանապարհը Սուրբ Գրքի լույսի ներքո։