Հոգևոր բակային ճամբար Դվինի Սուրբ Հարություն եկեղեցում


Մասյացոտնի թեմի Արարատի մարզի Դվին համայնքի Ս. Հարություն եկեղեցում Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է մեկշաբաթյա հոգևոր բակային ճամբար, որտեղ ընդգրկվել են Դվինի ու մոտակա բնակավայրերի երեխաները: Այս փուլի կազմակերպմանը սկզբում աջակցել են եկեղեցու համայնքի անդամները, իսկ հուլիսի 20-ից մեկնարկող նոր խմբի ծրագիրը կիրականացվի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղան հիմնադրամի հետ համատեղ:

 

Մալաթիայի հայորդյաց տանը բացվել է կարատեի դասարան


Մայր Աթոռի և ՀԲԸՄ Մալաթիայի հայորդյաց տան կարատեի դասարանը բացվել է հիմնանորոգված շենք տեղափոխվելուց հետո: Այժմ 24 մարզիկ է ընդգրկված հաստատության այս մարզաձևի դասարանում: Մարզիչը Կարեն Ժամկոչյանն է՝ «Սո Կիոկուշին» մարզաձևի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Կենտրոնի բարեկարգ ու ընդարձակ մարզասրահում մարզիկները հնարավորություն ունեն տիրապետելու այս մարտարվեստին, ձեռք բերելու ինքնապաշտպանության հմտություններ և վարելու առողջ ապրելակերպ:

 

Մալաթիայի Հայորդյաց տան նորոգումից հետո այցելուների քանակը կրկնապատկվել է


Մալաթիայի հայորդյաց տունը հիմնանորոգվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, այն կրում է բարերար ընտանիքի՝ Լևոն և Վիկտորիա Շալջյան Մալաթիայի հայորդյաց տուն անվանումը: Մի քանի ամիս առաջ Հայորդյաց տունն ուներ 280 սան: Տեղափոխվելուց հետո շեշտակի աճել է հաճախողների թիվը, հասնելով 600-ի: Հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել նորաբաց լողավազանը: Նորաբաց հաստատություն այցելել և իր օրհնությունն է տվել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 

Գրիգոր Լուսավորչի մասունքը տարվել է Արագածոտնի թեմի Վարդաբլուր համայնքի Սուրբ Դանիել եկեղեցի


Հունիսի 27-ը գյուղի Սուրբ Դանիել եկեղեցու ուխտի և Վարդաբլուր գյուղի տոնն է: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմի Վարդաբլուր համայնքի Սուրբ Դանիել եկեղեցի է տեղափոխվել Գրիգոր Լուսավորչի մասունքը: Մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

 

Աշտարակի «Գուլամերյան» հայորդյաց տանը նշել են կառույցի հիմնադրման տարեդարձը


Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան տարբեր դասարաններում սովորում է 300 երեխա: Նրանք ուսանում են երգի, պարի, կերպարվեստի, արհեստի տարբեր ուղություններ, տիրապետում են երաժշտական գործիքների և սովորում են լեզուներ: Մայր Աթոռի Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան սաները մասնակցում են Հայաստանում ու արտասահմանում անցկացվող մրցույթների և արժանանում են գլխավոր մրցանակների:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է հայորդիներին և բարձր գնահատել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության իրականացրած հայրենաճանաչության, կրթադաստիարակչական, մշակութային ծրագրերը, որոնց շնորհիվ տարբեր երկրներում ապրող երիտասարդները հնարավորություն են ստանում համախմբվելու հայրենիքում։ Այս ամառվա ընթացքում կառույցը տարբեր ծրագրերում ընդգրկված 200 երիտասարդի է հյուրընկալելու: Հայոց Հայրապետը հորդորել է առավել ակտիվ ներգրավվել ազգային-եկեղեցական կյանքում, ամեն ջանք գործադրել՝ տեղերում իրենց համայնքների հզորացման համար:

 

Ոսկետափ համայնքը տոնել է թարգմանիչներ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիշատակության օրը


Սրբավայրը կրում է հայ եկեղեցու հեղինակավոր հայրերի՝ հայ գրի և դպրության հիմնադիրների՝ Սահակ Կաթողիկոսի և Մեսրոպ վարդապետի անունները: Նրանց հիշատակի տոնը նաև եկեղեցու ուխտի օրն է: Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ոսկետափի եկեղեցի է տեղափոխվել Քրիստոսի Սուրբ Խաչափայտի մասունքը հավատավոր ժողովրդին օրհնություն բաշխելու համար։

 

Սփյուռքահայ երիտասարդները փաթեթներ են պատրաստել բռնի տեղահանված արցախցիների համար


Լոս-Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի ավելի քան 50 սաները հիգիենայի պարագաներ են փաթեթավորել Հայաստանի մարզերում ապրող Արցախից բռնի տեղահանվածների և անապահով ընտանիքների համար։ Լոս-Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի շրջանավարտները ճանաչողական այցով են ժամանել Հայաստան։ Նրանք եղել են Մայր Աթոռում, այցելել են մարզեր, եղել են պատմական վանքերում:

 

Մալաթիայի Հայորդյաց տանը բացվել է միջազգային չափանիշներին համապատասխան լողավազան


Մալաթիայի Հայրոդյաց տան շենքի նորոգումից հետո սկսել է գործել 8 մետր լայնությամբ ու 25 մետր երկարությամբ, 4 լողուղիով միջազգային չափանիշներին համապատասխան լողավազան։ Ջրային մարզումներին արդեն մասնակցում են ավելի քան 200 երեխա, որոնց հետ 2 մարզիչ է աշխատում։ Շաբաթվա ընթացքում նախատեսված է 3 պարապմունք՝ ամսական 12 այց: Լողավազանը գործելու է ամբողջ ամառվա ընթացքում:

 

Մալաթիայի հայորդյաց տան սաները բեմադրել են «Ճպուռն ու մրջյունը» և «Հրաշագործ սրինգը»


Այս տարվա ավարտական աշխատանքի համար Երեխաները վերլուծել են ճպուռի ու մրջյունի կերպարներն ու եզրակացություն արել: Թատրոնի դասարանում 22 երեխա է սովորում: Ուսումնական տարվա ավարտական ներկայացումներից հետո մանկավարժն ու սաները հավաքվել են դասարանում քննարկելու աշխատանքը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության Մալաթիայի հայորդյաց տունը վերջերս է տեղափոխվել հիմնանորոգված, ընդարձակ տարածք:

 

Արարատում տոնել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման 4-րդ տարեդարձը


Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատ քաղաք է տեղափոխվել Խաչափայտի սրբազան մասունքը։ Արարատի Ս. Ամենափրկիչ եկեղեցում մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ: Թեմի առաջնորդ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը ներկայացրել է Տիրոջ Կենարար խաչափայտի մասունքի զորությունը և հորդորել աղոթել ու կենդանի պահել Աստծո տունը: Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ գեղարվեստական հանդիսություն, և մատաղի հյուրասիրություն։

 

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Վեհափառ Հայրապետը, եկեղեցականներն ու հավատացյալները աղոթել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։ Հայրապետական մաղթանքի հնչյունների ներքո Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնություն է բաշխել Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Մայր Աթոռում հավաքված մարդկանց: