Հավատացյալները Մայր Աթոռից հեռացել են միայն Կաթողիկոսի վեհարան վերադառնալուց հետո


Միկրոավտոբուսով, ոստիակնների ու քաղաքացիական հագուստով անձանց հսկողությամբ Մայր աթոռ ժամանած եպիսկոպոսների խումբը Տրդատ թագավորի կամարի մոտ փորձել է հայտարարություն ընթերցել, սակայն հավատացյալների վանկարկումների արդյունքում նրանց ձայնը չի լսվել։ Սկզբում եպիսկոպոսների խմբի անունից փորձել է հայտարարություն տարածել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ապա Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Նրանք Մայր աթոռի տարածքից հեռացել են հավատացյալների սուլոցների և ուժայինների ուղեկցությամբ։ Ամենայն հայոց Կաթողիկոսին աջակցելու եկած քաղաքացիները սպասել են մինչեւ նորին սրբությունը տաճարից վերադառնա վեհարան, որից հետո հեռացել են։

Այլակրոնների և այլադավանների կրոնական կապերը հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ․ Նոր գիրք


Պատմաբան Ստեփան Ստեփանյանցը նոր աշխատությամբ անդրադարձել է 19-ից 20-րդ դարերում հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ այլակրոնների և այլադավանների կրոնական կապերին: 620 էջանոց փաստաթղթերի ժողովածուն լույս է ընծայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչատունը: Հեղինակը կազմել, թարգմանել, ծանոթագրել է ժողովածուն և առաջաբան է գրել: Հավաքված են այն փաստաթղթերը, որոնց համաձայն 19-րդ դարում Ռուսական կայսրությունում բնակվող բազմաթիվ հրեաներ որոշել են մկրտվել և քրիստոնեություն ընդունել:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է


Մայր Աթոռի դիվանապետը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ Քննչական կոմիտեում, որտեղ հրավիրվել էր հարցաքննության համացանցում տարածված տեսանյութերի գործով: Հարցաքննության ավարտից հետո ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են նրան: Նրան մեղադրում են թմրամիջոց իրացնելու մեջ։

 

Հմայակ Ավետիսյան


Եղեռնից փրկված և մանկատանը մեծացած նկարիչ Հմայակ Ավետիսյանը կյանքի վերջին շրջանում՝ 1974-78 թվականներին նկարում է Հայաստանով մեկ սփռված եկեղեցիներն ու վանքերը։ Նա այդպես ցույց է տալիս, որ ոչ ոք ի զորու չէ մոռանալ ազգային ինքնությունը, նախնիների հավատը: Ժառանգներին Հմայակ Ավետիսյանը մի բան էր կտակել՝ պահպանել իր գործերը՝ մի օր Վանը վերադարձնելու և այնտեղ ցուցադրելու երազանքով ու հույսով:

Լույս է տեսել Երվանդ Տեր-Մինասյանի հուշագրությունը


Երվանդ Տեր-Մինասյանի ծննդյան օրը, Մաշտոցյան Մատենադարանում տեղի է ունեցել «Հուշեր իմ կյանքից» գրքի շնորհանդեսը: Գիտնականի հուշերի երկրորդ, լրամշակված հրատարակությունն է։ Շնորհանդեսի օրը ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը իր պապի արխիվից արժեքավոր նմուշներ նվիրեց Մատենադարանին:

 

Բուխարեստում վերաօծել են հայոց թեմի մայր տաճարն ու նշել 110-ամյակը


Սրբոց Հրեշտակապետաց Տաճարը վերաօծվել է Ռումինիայի Կրոնից նախարարության ֆինանսավորմամբ վերանորգվելուց հետո: Արարողությունը հանդիսապետել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, մասնակցել են 6 թեմակալ առաջնորդներ։ Սրբագործվել և օծվել են Մայր Տաճարի դռները, ինչպես նաև սրբավայրի 110 ամյակի առիթով պատրաստված և Հովակիմյան ընտանիքի կողմից նվիրաբերված 2 մասունքակիր խորանները, որոնցում զետեղվել են Ս․ Հովհաննես Մկրտչի և Ս․ Պանտելիմոն բժշկի մասունքակիր Աջերը՝ հայ և ռումին հավատացյալների երկրպագության համար:

 

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Նորոգումից հետո վերաօծվել է Ռումինիայի հայոց թեմի Սրբոց Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցին Կիրակի Երուսաղեմի հայոց միաբանությունը տոնախմբել է խաչի գյուտի տոնը հին տոմարով Մայնցի Հայ Համայնքում Պատարագի ժամանակ կատարվել է դպրական ձեռնադրություն եւ մատաղօրհնության արարողություն

 

Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը


Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտել է Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների հանդեպ բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները, ատելության խոսքի ու անհանդուրժողականության տարածումը: Խորհուրդը վերահաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը՝ աջակցել արդարադատության հաստատմանը և պաշտպանել Եկեղեցու սպասավորների ու հավատացյալ ժողովրդի իրավունքները՝ վերստին կոչ անելով իրավապահ մարմիններին դադարեցնել ապօրինի քրեական վարույթները և ազատ արձակել ազատազրկված հոգևորականներին ու քաղաքացիական անձանց։ Խորհուրդը ընդգծել է, որ Հովհանավանքում Մայր Աթոռի իրավունքների և ծիսաարարողական կյանքի վերականգնմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանն ու եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանն ուղղված քայլեր են անհրաժեշտ։

 

Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը Հռոմում ներկայացրել է Արցախի հայաթաումը


Հռոմում հանուն խաղաղության անցկացվող ավանդական միջազգային համաժողովին Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը անդրադարձել է վերջին տարիների արցախահայության ցավալի փորձություններին, որոնց հետևանքով մի ամբողջ ժողովուրդ տեղահանվեց նախնիների հողից, վնասվեցին եկեղեցիներ, պղծվեցին գերեզմանոցներ, մշակութային ամբողջ ժառանգությունը դարձավ խոցելի։

Կարգալույծ է հռչակվել Տեր Տարոն քահանա Հունանյանը


Տեր Տարոն քահանա Հունանյանը կարգալույծ հռչակվելու համար հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։ Նա ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիսից, անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ, մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին, հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին, անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը։

Քյոլնում կայացել է Հայաստանից ժամանած պատանի երաժիշտների համերգը


Կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի և Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիայի շրջանավարտ Արփինե Կալինինան իր ստեղծագործական դասարանի չորս տաղանդավոր սաների հետ Գերմանիայի Հայոց Թեմի կողմից հրավիրված էր Գերմանիա` համերգային շրջագայության։ Տարբեր ուսումնական հաստատություններում սովորող նրա սաները` 15-ամյա Արտաշես Մոսիկյանը, 14-ամյա Հայկ Ջուլհակյանը, 11-ամյա Արթուր Գրիգորյանը և 15-ամյա Դալար Չիչյանը, որպես պատանի կոմպոզիտորներ տարբեր հանրապետական և միջազգային մրցույթների, փառատոների դափնեկիրներ ու մասնակիցներ են: Քյոլնում, ապա Բրեմենում և Շտուտգարտում պատանիները 3 համերգով հանդես են եկել:

Բուենոս Այրեսում ի տեր է ննջել Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը


Սրբազանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցություն են հայտնել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Երուսաղեմի հայոց պատրիարքությունը: Լուսահոգի սրբազանը Հայաստանյայց առաքելական եկեղեցու երեց սպասավորներից էր: 32 տարի եղել է Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդը: Ծնվել է 1951 թվականին, Հալեպում: Սովորել է Երուսաղեմի հայոց պատրիարքության ժառանգավորաց վարժարանում և Ընծայարանում: 1963-ին ձեռնադրվել է սարկավագ, 1971-ին՝ կուսակրոն քահանա: 1975-ին մեկնել է Արգենտինա, որպես Բուենոս Այրեսի հոգևոր հովիվ, միաժամանակ ուսուցչություն է արել, դասավանդել է հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն և կրոնա-եկեղեցական առարկաներ: 1975-ին Եղիշե պատրիարքի ձեռամբ ստացել է վարդապետական չորս աստիճանները: