Քննչական կոմիտե են հրավիրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան չորս հոգևորականներ


Քննչականը կարգալույծ արված Արման Սարոյանի հայցի հիման վրա կայացված դատական ակտը չկատարելու մեղադրանքով կոմիտե է հրավիրել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին և Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին: Այս գործով քննչական կոմիտեում հարցաքննվել են նաև Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխարհիկ անդամները:

Իսրայելական հրթիռակոծությունը մոտեցել է Բեյրութի հայկական թաղամասին՝ Բուրջ Համուդին


Լիբանանում հայկական բարեսիրական կառույցները գործում են, սակայն ըստ «Վանա ձայն» հայկական ռադիոկայանի տնօրեն Վիգեն Ավագյանի՝ եթե պատերազմը երկարաձգվի, կամ սաստկանա, երկրում հումանիտար աղետ կսկսվի: Պաշտոնական տվյալներով՝ Բեյրութում մինչև երկու միլիոն բնակչություն կա, շուրջ հիսուն հազար հայ է ապրում: Լիբանանը Ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ հայկական սփյուռքի ամենակենսունակ ու կարևոր գաղթօջախն է:

 

Եկեղեցու դեմ հարուցված գործերը քննող դատավորները ճնշման ներքո են գործում․ Փաստաբան


Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում քննվել է Ստեփան Ասատրյանի` ընդդեմ Հայ առաքելական Ս. Եկեղեցու գործը, որով կարագալույծ քահանան վիճարկում է Ամենայն հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը՝ իրեն կարգալույծ հռչակելու վերաբերյալ։ Մեկ այլ նիստում քննվել է Արամայիս Թախմազյանն ընդդեմ Մայր Աթոռի գործը: Նա նույնպես կարգալույծ քահանա է: Ավելի վաղ դատարանը քննել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի հայցը։ Փաստաբանի դիտարկմամբ այս երեք գործերում էլ ակնհայտ է, որ դատավորները ճնշման ներքո են գործում:

 

Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշել են Միջինքը


Դաշտավանի ավագ սերունդը մասնակցել է երեկոյան ժամերգության, աղոթել Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանի ու Դաշտավանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հետ: Պահքի 24-րդ օրը Միջինքն է, որը ժողովուրդը նշել է ավանդական պահքի գաթայով, ավանդազրույցներով, իրար այցելելով: Միջիքի գաթան կտրել է Դաշտավանի ամենատարեց բնակիչը՝ 94-ամյա Սիրուշ Բաբայանը: Գաթայի մեջ պահված խաչը բաժին է ընկել Ազնիվ Ոսկանյանին:

 

Ինչպես զանազանել արկածախնդրությունը և դիվանագիտությունը


Ինչու՞ չստացվեց Հայ եկեղեցու դեմ «բլից կրիգ»-ը: Անկախ արդյունքներից, ո՞րն է Եկեղեցու դեմ քաղաքական և քարոզչական արշավի նպատակը: Աննա Սարգսյանը զրուցել է արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ:

 

Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում միասնական ժամերգություն է կայացել


Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի հոգևոր դասն ու տարբեր համայնքներից ուխտավորաբար եկած հավատացյալները Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցել են միասնական ժամերգության: Նրանք աղոթել են անազատության մեջ գտնվող Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի և Մկրտիչ Սրբազանի, ինչպես նաև երկրի խաղաղության, Հայ Եկեղեցու զորացման և հավատացյալ ժողովրդի հոգևոր կյանքի ամրապնդման համար: Նրանք հավատում են, որ միասնական աղոթքները ծանր փորձությունների ժամանակ դառնում են հոգևոր վահան և օգնում են նեղության մեջ գտնվող հոգևորականին ու հավատացյալին՝ զգալու, որ իրենց փորձության մեջ մենակ չեն։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին


Հայոց հայրապետի և Պապական նվիրակի հետ հանդիպմանը անդրադարձել են Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին և միջեկեղեցական գործակցության հետագա սերտացմանը: Նրանք քննարկել են տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակն ու Հայաստանում Եկեղեցի-պետություն հարաբերությունները։

 

Արցախի մշակութային ժառանգության ոչնչացմումը ցեղասպանություն է


Պատմական գիտությունների թեկնածու Արմինե Տիգրանյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը, յուրացումը, այլափոխումն ու այլ հանրույթներին վերագրումը ոչ թե ռազմական գործողություններին հատուկ հետեւանք է, այլ հստակ ծրագրավորված եւ պետականորեն իրագործվող քաղաքականություն։ Ըստ նրա՝ Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության դեմ մշտապես պատերազմի մեջ է եղել, անկախ ռազմական գործողություններից։ Ամենայն հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի հրատարկչությունը լույս է ընծայել «Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման և բռնայուրացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը 2020-2025թթ.» ուսումնասիրությունը:

Անառակի կիրակին խորհրդանշում է մեղավոր որդու վերադարձը Հոր մոտ


Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ: Իմաստալից, աստվածային սիրով ու գթասրտությամբ լեցուն այս առակն իր բազմաշերտությամբ վերստին ներկայացվել է բոլորին, մղել խորհրդածելու մեր արարքների շուրջ և թողություն խնդրելու:

 

Սարկավագների ավարտաճառերը՝ որպես աստվածաբանության ոլորտում ներդրում, կտպագրվեն


Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում գործնական և պատմա-դավանաբանական հոսքի երեք ուսանող մագիստրոսական ավարտաճառ է պաշտպանել: Քաջիկ սարկավագ Եղոյանը համեմատական վերլուծություն է արել քրիստոնեության, իսլամի և հուդայականության միջև: Դավիթ սարկավագ Ղամբարյանն անդրադարձել է Քրիստոնեության բարոյագիտությանն ու հելլենիստական ժամանակաշրջանի գլխավոր փիլիսոփայական ուղղություններից մեկին՝ ստոիկյան բարոյագիտական մոտեցումներին։ Մայիս սարկավագ Ղազարյանը քննել է Համբարձման տոնի ծիսագիտական և աստվածաբանությունը:

 

Եկեղեցիներում խնկարկվել է Սումգայիթյան ջարդերի անմեղ հայերի հիշատակը


Մայր Աթոռում հանգստյան ժամերգության ավարտին Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել։ Սումգայիթյան ջարդերը չարժանացան համարժեք քաղաքական և իրավական գնահատականի, որը նպաստեց Ադրբեջանում հայերի նկատմամբ բռնությունների հետագա ծավալմանը և նոր ջարդերի իրականացմանը։ 1988-1990 թթ․ Ադրբեջանի հայաշատ տարածքներում՝ Սումգայիթում, Կիրովաբադում, Շամախում, Շամխորում, Բաքվում հայ բնակչության ջարդերը վկայում են Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրագործվող պետական քաղաքականության մասին։

 

Սուրբ Գայանե վանքում կատարվել է Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի հոգեհանգստյան կարգը


Սուրբ Գայանե վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո միաբանների մասնակցությամբ կատարվել է Մայր Աթոռի հավատարիմ զավակ, ուսուցիչ ու բարեկամ հոգելույս Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի հոգեհանգստյան կարգը: Մայր Աթոռի միաբան Հայկազուն սրբազանն ընթերցել է Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ցավակցական խոսքն ուղղված Գերաշնորհ Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի վախճանը սգացող հարազատներին, Մայր Աթոռի և Մեծի Տանն Կիլիկիո միաբան հայրերին և հավատացյալներին: Հոգեհանգստյան կարգը կատարել է Մեծի Տանն Կիլիկիո միաբան Տեր Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը։