Ֆիլմաշարի հերոսները մեր կողքին ապրող, նախաձեռնող, ինքնուրույն ու ստեղծարար մարդիկ են: Բնակվում են Հայաստանի տարբեր մարզերում, տարբեր մասնագիտություն ու առօրյա ունեն։ Նրանց օրինակը ամրապնդում է աշխատանքով բարիք ստեղծելու, սեփական ուժերով ու գիտելիքով բարեկեցության հասնելու վստահությունը:

Ֆիլմաշարը պատրաստվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Ոզնիսոֆթ


Ծրագրավորողից մասնավոր ձեռնարկատեր դառնալու և ՏՏ ոլորտում սեփական գաղափարներն իրացնելու իր փորձառությունը կիսում է «Ոզնիսոֆթ» ընկերության հիմնադիր Համլետ Մանուկյանը:

Իմ երազը


«Իմ երազը» զարգացման կենտրոնը մանկավարժներ Նարինե Լոբյանի և Մերի Հունանյանի երազանքն է եղել: Ուսուցչությանը զուգահեռ, նրանք հաստատակամ որոշում են կայացրել, ստեղծել իրենց մասնավոր կրթական հաստատությունը և այսօր հաջողությամբ զարգանում են:

Բաղրամյան 26


Սահմանամերձ Ոսկեպար գյուղի երիտասարդ ձեռներեցը ընկերոջ հետ ցուցանակ է պատրաստում: Այն փակցնելու է իր տան առաջին հարկը հյուրատան վերածած պատին: «Թաթո՛ւլ, դու հըմի Բաղրամյան 26-ում պիտի ապրե՞ս»,-հարցնում են հարևանները: «Հըմի չէ, գարնանը հյուրատունս բացեմ՝ նոր»,-պատասխանում է Թաթուլը:

Հելլոտեքս


«Արտսոքս» և «Յու ընդ մի» բրենդերը, որոնք միավորված են «Հելլոտեքս» ընկերության մեջ, այսօր Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում կայացած բիզնես են: Հիմնադիր Արտյոմ Քամալյանը իր անցած ճանապարհը հեշտ չի համարում, հաջողության հասնելու համոզմունքը տարիների փորձությունների մեջ է կոփվել. «Կյանքը պայքար է՝ լինի բիզնեսի առումով, ընտանիքի, թե՝ հայրենիքի: Եթե չհամաձայնվենք պարտված մնալու, մենք հաղթելու ենք»:

ԻՎԻ քընսալթինգ


Գիտելիքատար բիզնեսը բարդ է, բայց հրապուրիչ: Բիզնես խորհրդատվական ընկերություն հիմնած տնտեսագետ Մանուկ Հերգնյանը պատմում է՝ ինչն է իրեն ու թիմին մոտիվացնում կատարելու ամենօրյա ծանր մտավոր աշխատանք և հաճույք ստանալու դրանից:

Ֆագեճյան գալերեա


«Առավոտ շուտ արթնացողի հացի հերթը շուտ է գալիս». սա ձեռնարկատեր Հակոբ Ֆագեճյանի մեծ հոր խորհուրդն է։ Սիրիայից տեղափոխված ոսկերիչը, որ Հայաստանում ոսկու արտադրամաս է հիմնել, ունի հաջողության ի’ր բանալին։

ԱՐՄԱ պարային ակադեմիա


Ձեռնարկատիրական աշխատանքը կրթության բնագավառում նուրբ գիտելիքներ ու վերաբերմունք է պահանջում: Պարի մասնավոր դպրոց հիմնած Տիգրան Մնացականյանն ու Արշավիր Մուրադյանը գիտե՛ն այս մասին:

Աշխատանքի ուժը


Սիրիական պատերազմի օրերին Հայաստան վերադարձած մեքենագործ Հակոբ Պազարճյանը, չնայած դժվարությունների, սեփական գործն է հիմնել: Համոզված է մեծերից լսած այն ճշմարտության հետ, որ «կամենալը կարենալ է»: