Հայ Առաքելական Եկեղեցին տոնել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելնելու հիշատակը


Ելն ի Վիրապի առիթով տոնական պատարագ է մատուցել Մասյացոտնի թեմի առաջնորդ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Խոր Վիրապ է տեղափոխվել առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքներն ամփոփող խաչաձև մասունքարանը: Այս խորհրդանշական վերադարձը միավորում է սրբությունը, պատմական անցյալը և կենդանի հավատքը։

 

Արարատյան շաբաթվա տոնակատարություններին ընդառաջ Սուրբ Էջմիածնում դուրս են բերվել եկեղեցու սրբությունները


Արարատյան շաբաթվա տոնակատարություններին ընդառաջ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ հավատացյալների երկրպագության համար դուրս է բերվել Քրիստոսի Խաչափայտի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքներն ամփոփող սրբությունները: Մայր Տաճարում Սուրբ Եղիա մարգարեի հիշատակության տոնին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ պատարագ է մատուցել Մայր Աթոռի միաբան Մխիթար աբեղա Եփրեմյանը:

 

ՀԲԸՄ դահլիճում կայացել է Լևոն Լաճիկյանի «Պոլիսն իմ աչքերով» անհատական ցուցահանդեսը


Նկարիչ Լևոն Լաճիկյանի գծանկարների և գեղանկարների «Պոլիսն իմ աչքերով» անհատական ցուցահանդեսը պատմում է հին ու նոր Պոլսի, այնտեղ հայկական հետքի ու ժառանգության մասին: Ցուցադրված 50 աշխատանքների մեծ մասը առաջին անգամ է ներկայացվում արվեստասերներին: Պատմական պարիսպները, բերդերը, նեղլիկ փողոցներն ու ետնաբակերը, հայկական հնամենի եկեղեցիները ու Իշխանաց կղզու տեսարանները դիտողին տեղափոխում են հին ու նոր Պոլիս:

 

Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպվել է ծառատունկ


ՀՅԴ Քանաքեռ Զեյթուն համայնքի Արամ Պողոսյան կոմիտեության անդամները, Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, հոգևորականների հետ համաձայնեցնելով, հարակից հին գերեզմանատան տարածքում կազմակերպել են շաբաթօրյակ և ծառատունկ։ Ընդհանուր 7 տեսակի բերքատու ծառերի տնկիները, բերված՝ Հայաստանի հյուսիսային շրջաններից, կհասցնեն ամրանալ մինչև աշուն:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է փաստաբանների միջազգային համաժողովի մասնակիցներին


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է փաստաբանների պալատի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում անցկացվող փաստաբանների միջազգային համաժողովի մասնակիցներին, այդ թվում՝ Ֆրանսիայի ազգային խորհրդի փաստաբանական պալատի անդամների և տարբեր քաղաքների փաստաբանական համայնքների ներկայացուցչների: Նորին Սրբությունը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի իշխանությանը և ֆրանսիացիներին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։

 

Կրկնազատիկին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքվել էին Հայաստանյաց տարբեր թեմերի երիտասարդաց միության անդամները


Կրկնազատիկին Վեհարանում ավելի քան 650 երիտասարդ Հայրապետական մաղթերգով դիմավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Հայաստանի թեմերի երիտասարդաց միությունների անդամների ցանկությամբ են հոգևորականները կազմակերպել ուխտերթը դեպի Մայր Աթոռ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է երիտասարդներին և մաղթել, որ նրանք մշտապես լինեն աստվածասիրության շնորհի մեջ, կրողը լինեն մեր Սուրբ եկեղեցու և սրբազան հայրերի թողած հարուստ ժառանգության: Նրանք հնարավորություն են ունեցել շփվելու, համատեղ ծրագրերի մասին զրուցելու և Մայր Տաճարում մասնակցելու Կրկնազատիկի Սուրբ և Անմահ պատարագին:
 
 

Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքարանը տեղափոխվել է Սրբի անունը կրող Մխչյանի եկեղեցի


Սուրբ Հարության տոնին հաջորդող շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցին հիշատակում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատումը: Այդ առիթով Գարեգին երկրորդ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հատուկ տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնից Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի է տեղափոխվել Սրբի մասունքն ամփոփող խաչաձև մասունքարանը: Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին այս տոնին է վերաօծվել և օրը հռչակվել է եկեղեցու ուխտի օր: Այդ առիթով եկեղեցու նորոգման բարերար Արգամ Աբրահամյանի ընտանիքը կազմակերպել է մատաղի հյուրասիրություն:

 

Վերականգնվել են Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու սրբապատկերները


Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» բաժնի ուսանողները վերականգնել են Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու սրբապատկերները։ Նրանք քննել են վնասվածքների պատճառները, բացահայտել են խոնավության, ջերմաստիճանի, հպման, թե ժամանակի ազդեցությամբ են առաջացել փոփոխությունները, ապա անցել մաքրման և ամրացման աշխատանքին: Յուրաքանչյուր կտավի վրա աշխատանքը օրեր է տևում՝ կախված աղտոտվածության աստիճանից:

 

Զանգակ գրատանը կայացել է «Մուտք Երուսաղեմ» փազլ-գլուխկոտրուկի շնորհանդեսը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի և «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիայի» համատեղ նախաձեռնությամբ պատկերազարդ փայտե փազլ–գլուխկոտրուկը դրվեց «Զանգակ» գրատան ցուցափեղկին: Սուրբ Էջմիածնի ձեռագրական ժառանգությունից ընտրված մանրանկարներով այս տուփերից առաջինը «Սուրբ Ծննդյան» թեմայով փազլն էր՝ Սուրբ Ծննդի նախօրեին, ապա «Տյառնընդառաջը»: «Մուտք Երուսաղեմ» փազլ-գլուխկոտրուկի շնորհանդեսը կազմակերպվել էր Ծաղկազարդի տոնին: Մայր Աթոռի թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը մանուկներին է փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը:

 

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Արագածոտնի թեմի հոգեւորականները մասնակցել են ժամերգության


Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում թեմի հոգևորականները, Ղազարավանի մենաստանի միանձնուհիները, վանականները, ուխտավորները միասնաբար մասնակցել են երեկոյան ժամերգության: Արարողության մասնակիցները խոնարհվելով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրմին՝ խնդրեել են Սրբի բարեխոսությունը՝ փորձությունների այս օրերին իրենց հավատքն ավելի ամրացնելու համար: Աղոթել են սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող հոգևորականների ու եկեղեցու զավակների, ապա՝ Հայրենիքի, Սուրբ Եկեղեցու և բոլորի համար։

 

Դատավորի կիրակի. Պատարագ Մայր Աթոռում


Այս կիրակին Մեծ Պահքի կիրակիների շղթայում կոչվում է Անիրավ դատավորի: Օրվա խորհուրդն ամփոփված է անիրավ դատավորի մասին առակում: Հինգերորդ կիրակին Անիրավ Դատավորի անուն է ստացել Ղուկասի ավետարանի 18-րդ գլխում հիշատակված Անիրավ դատավորի և այրի կնոջ առակից, որ Հիսուս պատմել է մարդկանց: Հաջորդ կիրակի՝ մարտի 22-ին Գալստյան կիրակին է: Հոգևորականները կմեկնեն Քրիստոսի երկրորդ գալստյանը վերաբերող ավետարական հատվածները:

Քննչական կոմիտե են հրավիրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան չորս հոգևորականներ


Քննչականը կարգալույծ արված Արման Սարոյանի հայցի հիման վրա կայացված դատական ակտը չկատարելու մեղադրանքով կոմիտե է հրավիրել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին և Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին: Այս գործով քննչական կոմիտեում հարցաքննվել են նաև Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխարհիկ անդամները: