Գ. Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Հայորդյաց տների 30 ամյակի գալահամերգը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հայորդյաց տների սաները Ազգային ակադեմիական թատրոնում ներկայացրել են կատարողական արվեստի բոլոր ճյուղերը՝ երգ, պար, դասական և ազգային նվագարաններ, թատրոն և կրկես: Հայաստանի համայնքներում գործող ութ հայորդաց տներից շուրջ 500 տարբեր տարիքի պատանիներ հանդես են եկել մեկ ընդհանուր համերգային ծրագրով: Այն նախատեսվում էր կազմակերպել դեռևս մեկ տարի առաջ՝ սեպտեմբերին: Հոբելյանական համերգը հետաձգվել է Արցախյան բռնի տեղահանության պատճառով:

 

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստված քահանաներին


Մայր Աթոռում ավարտվել է քահանաների վերապատրաստման ծրագրի դեկտեմբերյան հավաքը: Այդ առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է դասընթացին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի թեմերից ժամանած քահանաներին: Շուրջ երկու տարի տասնյակ քահանաներ Ս. էջմիածնում աղոթքի, խոկման և գիտելիքների վերաթարմացնան երեքշաբաթյա շրջան են անցնում:

 

36 տարի առաջ խոնարհված Գյումրու Սուրբ Ամենափրկիչում կայացել է դռնբացեքի և նավակատիքի արարողությունը


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք. Աջապահյանի գլխավորությամբ բարձրաստիճան հոգևորականների և միաբան հայրերի հանդիսավոր թափորը Գյումրու Վարդանանց հրապարակից գնացել է Սուրբ Ամենափրկիչ տաճար: Հոգեւորականները սաղմոսներ երգելով և աղոթելով, հավատացյալներին առաջնորդել են նորաշեն տաճար։ Թեմի առաջնորդը սրբալույս մյուռոնով օծել է տաճարի սեմը, իսկ եպիսկոպոսները՝ սյուներն ու մկրտության ավազանը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քահանայական կոչման արժանացած եկեղեցականներին


Նորին Սրբությունը Պահպանիչ աղոթքով օրհնել է քահանա հայրերին՝ մաղթելով արդյունաշատ հոգևոր առաքելություն: Նորաօծ քահանաների պահեցողությունը կավարտվի Սուրբ Ծննդյան տոնից առաջ, որից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ նրանք կմատուցեն իրենց անդրանիկ պատարագները և ծառայության կկոչվեն թեմերում ու Մայր Աթոռի կառույցներում՝ համալրելով եկեղեցում սպասավորող հոգևորականների շարքերը:

Մխիթար Սեբաստացի հետազոտական վարժարանի աշակերտները ուխտավորաբար մեկնել են Հորդանան


Կրթահամալիրի հեղինակային ծրագրով ճամփորդությամբ ուսուցումը ուսումնական պլանով պարտադիր բաղադրիչ է Սեբաստացի կրթահամալիրում: Այդ ծրագրով նախատեսված է բարձունքի հաղթահարում, ուսումնական և ռազմամարզական ճամբարներ, կրթական փոխանակումներ։ Այդ համատեքստում հետազոտական վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանը և Հովհաննես սարկավագ Մարտիրոսյանը նախաձեռնել են ուսումնական ուխտագնացություն դեպի Հորդանան:

 

Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» աշխատության ընդօրինակված ձեռագիրը նվիրվել է Մատենադարանին


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ջանքերով ձեռք է բերվել 15-րդ դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» աշխատության 18-րդ դարում ընդօրինակված ձեռագիր մատյանը և նվիրաբերվել Մատենադարանին: Ձեռագիրը ձեռք է բերվել աճուրդի միջոցով մասնավոր հավաքածուից: Նրանք նախանձախնդիր են եղել նաև, որ ձեռագիրը տեղ գտնի Մատենադարանում և ուսումնասիրության նյութ դառնա բժշկագետների համար:

 

Հայ Առաքելական եկեղեցին նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 25-րդ տարեդարձը


Մայր Տաճարում ուխտի Սուրբ Պատարագ է մատուցել Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Տ. Առեն եպիսկոպոս Շահենյանը: Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-րդ տարեդարձի առթիվ պատարագից հետո կատարվել է Հայրապետական մաղթանք: Սրբազան արարողությունը հանդիսապետել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:

Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի 5 շրջանավարտ պաշտպանել է մագիստրոսական ավարտաճառերը


Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Պատմական աստվածաբանության ամբիոնի հինգ շրջանավարտներ պաշտպանել են մագիստրոսական ավարտաճառերը: Քննող հանձնախումբը նախագահել է Մայր Աթոռի Հայեցակարգային բաժնի տնօրեն Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Սարկավագների գիտական ուսումնասիրության նյութը 16-19-րդ դարերում Հայոց Եկեղեցու կարևոր ու շրջադարձային իրողություններն են եղել։

Օշականի Սբ.Մեսրոպ Մաշտոց եկեղեցու դպրատանը տեղին է ունեցել «կանթեղ» մրցանակաբաշխությունը


Այս տարվա մրցանակակիրներն են Հենրիկ Բախչինյանը՝ ֆրանսիական գրականության թարգմանության, Սերգեյ Մկրտչյանը՝ ֆրանսերենից և անգլերենից կատարված գործերի և Անուշավան Մեսրոպյանը՝ ուկրաիներենից հայերեն և հայերենից ուկրաիներեն թարգմանությունների համար: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ համատեղ ամենամյա «Կանթեղ» թարգմանական մրցանակաբաշխությունը անցկացվում է ամեն տարի, թարգամանչաց տոնի օրը, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու դպրատանը։

Ներաօծված Մայր Տաճարում Պատարագ է մատուցել Տ. Վահան արք. Հովհաննիսյանը


Ներաօծված Մայր Տաճարում Պատարագ է մատուցել Տ. Վահան արք. Հովհաննիսյանը

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և տնօրինությամբ Ս. Էջմիածնի Մայր տաճարի վերաօծումից հետո՝ մեկ շաբաթ շարունակ, երեկոյան Մայր Տաճարում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ: Մարդկանց հոսքը չի դադարում: Մայր Տաճարում հավատացյալները մոռանում են իրենց մասնավոր հոգսերն ու անձնական խնդիրները։ Նրանք աղոթում են խաղաղության, անվտանգ կյանքի, պատերազմի ժամանակ անհետ կորածների, գերության մեջ գտնվողների համար։
 

Կ. Պոլսի Հայոց Պատրիարքը Սուրբ Պատարագ է մատուցել նորաօծ Մայր Տաճարում


Տաճարի վերաօծման հաջորդ օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ սուրբ Պատարագ է մատուցել Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ առաջիկա շաբաթվա բոլոր օրերին` երեկոյան 7-ին, վերաօծված Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ Հայաստանում խաղաղության, ժողովրդի անվտանգ կյանքի, ինչպես նաև անհետ կորածների, գերության մեջ գտնվողների և զոհվածների ու նրանց ընտանիքների համար։

 

Միջեկեղեցական պատվիրակությունների անդամները այցելել են Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր


Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով Հայաստան ժամանած միջեկեղեցական պատվիրակությունների անդամները և ներկայացուցիչները Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանի և Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդների, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հոգևոր հայրերը ոգեկոչել են ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել են նաեւ Եռաբլուր Պանթեոն: