Մենք և կայուն ժողովրդավարությունը


Փորձագետների գնահատմամբ, հայաստանյան հեղափոխությունը չի կարող ավարտված համարվել, մինչև չհասնի կայուն ժողովրդավարական հանգրվանի: Ի՞նչպես  ճանաչել ու տարբերել իրական ժողովրդավարությունը, ինչպե՞ս հասնել կայուն ժողովրդավարության, արդյո՞ք հանրության մեջ գիտակցված ու պահանջված են ժողովրդավարական արժեքները: Եվ վերջապես, ինչպե՞ս խուսափել քաղաքական համակարգի վտանգավոր շրջադարձերից: Զրուցում են Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանը և քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը: 

Իշխանութուն-հանրություն կապը հեղափոխությունից հետո


Հանրության ընկալման մեջ գրեթե անկասկած է, որ հայաստանյան ներկա   փոփոխությունների հեղինակը ժողովուրդն է: Հետևաբար, յուրաքանչյուրը ձգտում է իր ներդրումն ունենալ նաև իշխանափոխությանը հաջորդող գործընթացներում։ Պահանջված կլինի՞այսուհետ քաղաքացու ներդրումը, որն այդքան գնահատվում էր հեղափոխության թեժ օրերին: Ինչպիսի՞ն է իշխանություն-հանրություն կապը և ի՞նչ ներուժ ունի նրանց հաղորդակցության ներկա ձևը սոցիալական կառուցվածքների փոփոխության առումով: Քննարկում են հասարակագետ Ժաննա Անդրեասյանը և արձակագիր Հովհաննես Երանյանը:

Արդարությունն ու հավասարությունը՝ հեղափոխությունից հետո


Հեղափոխական շարժման հիմնական պահանջներն էին՝ արդարություն, հավասարություն, ազատություն, ինքնիշխանություն։ Դրանք իրացնելու ի՞նչ հենարան ունենք պետական ու հասարակական մակարդակում։ Ի՞նչ է նշանակում հանրային շահ, ինչպե՞ս ներդաշնակեցնել աձնական ու հանրային շահը։ Քննարկում են քաղաքական տեսաբան Նաիրա Խաչատրյանը և մշակութաբան Համլետ Մելքումյանը: 

Պետական խորհրդանշանները՝ հեղափոխական միջավայրում


«Քայլ արա» շարժման օրերին քաղաքացիական ակտիվության կարևոր ուղեկից էին պետական խորհրդանշանները: Ազգային դրոշի գույներով ներկված են մարդկանց դեմքերը, հագուստը, մեքենաները։ Պետական խորհրդանշանները միայն տարբերանշան են, թե՞ ենթարկվում են խորքային վերարժևորման։ Զրուցում են ազգագրագետ Արսեն Հակոբյանը և սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը: 

Հրապարակում կրթվող հասարակությունը


«Քայլ արա» շարժումը զանգվածային հավաքների տարբեր հարթակներում քաղաքացու կրթելու, կրթվելու և ինքնակրթվելու այնպիսի դաշտ բացեց, որին կնախանձեր ցանկացած կրթական հաստատություն: Հանրությունը քաղաքականապես, մշակութային, բարոյական ու էթիկական առումներով  հասունանում է ժամ առ ժամ: Որտե՞ղ սկզբնավորվեցին փոփոխությունները:   

Հեղափոխվող հասարակություն


Ապրիլյան ընդվզում, թե՞ հեղափոխություն: Ինչպես էլ «Քայլ արա» շարժումը մտնի պատմության մեջ, նրա բաղադրիչներից մեկը ժողովրդական լինելն է: Փորձագիտական գնահատականներով, սա անկախ Հայաստանի պատմության մեջ հասարակական մոբիլիզացիայի այնպիսի օրինակ է, որը նաև հընթացս է փոխում հասարակության քաղաքացիական գիտակցությունը՝ նոր կողմերից բացահայտելով սեփական տեսակը:       

Որդեգիր և խնամակալ ընտանիքների խնդիրները


Սոցիալական ի՞նչ ծառայություններ են մատուցվում այլընտրանքային խնամք իրականացնող՝ որդեգիր, խնամակալ և խնամատար ընտանիքներին Հայաստանում: Ի՞նչ են հիմնականում ակնկալում այդ ընտանիքները: Ի՞նչ խնդիրներ է հարուցում տարբերակված մոտեցումը այդ ընտանիքներին և ինչ դաժվարություններ են առաջ գալիս հաշվառման բացակայության պատճառով: Երեխաների պաշտպանության ցանցի և  Խնամատար ծնողների ասոցիացիայի հետազոտությունը ներկայացնում են սոցիոլոգներ Միրա Անտոնյանը և Քնարիկ Գարանֆիլյանը: 

Եկեղեցի-պետություն. հարթ ու կնճռոտ հարաբերություններ


1918թ.-ի ապրիլի 4-ի նամակում Գևորգ եպիսկոպոս Չորեքչյանը Գևորգ Սուրենյանց կաթողիկոսին հայտնում է գեներալ Նազարբեկյանի և իր հանդիպման մանրամասները։ Գեներալը եպիսկոպոսին պատմում է, որ 16 000 զինվորից մնացել է 4000-ը։ 12 000-ը փախել է և նրանց` ճակատ վերադարձնելու պարտքը ծանրանում է հայ հոգևորականության, կանանց ու մամուլի ուսերին։ Ինչպե՞ս էին ընթանում եկեղեցի-պետություն հարաբերությունները Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման նախընթաց շրջանում: Ինչպե՞ս բաշխվեցին դերերն ու գործառույթները նորանկախ պետության մեջ։ 

Անգրագիտության դատավճիռը և կրթության զարգացման ծրագիրը


Միջազգային փորձագետների կարծիքով, եթե Հայաստանը առաջիկա տարիներին ներդրումներ չանի կրթության ոլորտում, 2030թ.-ին երկիրը կունենա 50 տոկոս անգրագիտություն։ Տեղի փորձագետներն ու հետազոտողները կարծում են, որ մեր երկրում պատկերացում չկա ո՛չ կրթության խնդիրների, ո՛չ էլ կրթական ծախսերի արդյունավետության մասին, իսկ «Կրթության մինչև 2030թ-ը զարգացման պետական ծրագրի» մասին օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման: Արդյո՞ք նախագիծն արտահայտում է ոլորտի  խնդիրները և համապատասխանում կարիքներին: Քննարկում են կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Արտակ Մանուկյանը:

Ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո


Սեռի հիմքով խտրականության խնդիրը Հայաստանում ավելի շատ կանանց է առնչվում, քան   տղամարդկանց, փաստում են մասնագետները: «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը սեռի հիմքով խտրականության դեմ պայքարի համար փաստացի կիրառման հնարավորություններ չունի և ավելի շատ կրում է դեկլարատիվ բնույթ: Թեման քննարկում են իրավաբանական գիտությունների թեկնածու Նարինե Ալեքսանյանը և ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Գոհար Շահնազարյանը: 

Հոգեբանական և հոգևոր աջակցություն խաղամոլին


ԱՎԾ տվյալներով շահումով խաղերի կազմակերպման գործունեության ծավալը Հայաստանում տարեկան մոտ 550 մլն դոլար է: Իսկ հայաստանյան բուքմեքերները ամսական 16 միլիարդ դրամի խաղադրույք են ընդունում։ Եվ սա այն դեպքում, երբ պաշտոնական տվյալներով Հայաստանում 30 տոկոս աղքատություն կա։ Վիճակագրական տվյալներով, մոլախաղերով հրապուրվող մարդկանց մինչև 7 տոկոսը հակված է հիվանդագին խաղամոլության, իսկ այդ թվի մոտ 60 տոկոսը հակված է նաև իրավախախտումների։ Պաթոլոգիկ խաղամոլների 20 տոկոսը ինքնասպանության իրական փորձ է կատարում։ Բազմաթիվ երկրներում արգելված է խաղատների գործունեությունը։ Իսկ շատ երկրներում խաղամոլության դեմ պայքարի ծրագրեր են գործում, ստեղծվել են ծառայություններ։ Հայաստանում գնահատված չեն նույնիսկ խաղային բիզնեսի տարածվածության և մատչելիության հետևանքները։ 

Երբ հովանավորվում է գիտությունը


Գիտությանը հատկացվող պետական ֆինանսավորման առումով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է վերջին տեղը։ Կառավարության 2018-2020թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով գիտության ֆինանսավորումն էլի կնվազի։ Այս պայմաններում, գիտությամբ զբաղվող մարդիկ ֆինանսական հարցերը փորձում են հոգալ տարբեր դրամաշնորհային ծրագրերի օգնությամբ։ Հայ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի հովանու ներքո գործող Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության ազգային հիմնադրամը 18 տարի շարունակ դրամաշնորհներ է տրամադրում հայաստանցի գիտնականներին։ Ի՞նչ է փոխում հիմնադրամի աշխատանքը հայաստանյան գիտական միջավայրում։