Էվթանազիա. կյանքի և մահվան փիլիսոփայության միջև


Էվթանազիայի նկատմամբ իրավական գնահատականը պայմանավորված է բժշկական, բարոյաէթիկական, փիլիսոփայական, կրոնական հայացքների առանձնահատկություններով: Որոշ երկրներում այն քրեորեն պատժելի է, որոշ երկրներում՝ օրենքով թույլատրված: Հայաստանում էվթանազիան օրենքով արգելված է: Ի՞նչ էթիկական խնդիրներ է հարուցում այս երևույթը աշխարհում և արդյո՞ք քրիստոնեական աշխարհայացքը օգնում է հաղթահարել այդ խնդիրները: Թեման քննարկում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի ամբիոնի հայաստանյան մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանը և Մայր Աթոռի միաբան Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: 

«Ոսկե ծիրանից» հետո


Կինոյի շուրջ հատկապես կրքոտ քննարկումներ են ծավալվում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի օրերին: Փառատոնի փակումից հետո մի քանի օր էլ տևում են  իներցիոն տատանումները, իսկ հետո բոլորը հեռանում են «մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկից» և անցնում իրենց առօրյա աշխատանքին: «Ոսկե ծիրանի» այս տարվա համայնապատկերի մասին զրուցում են «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը և լրագրող Նունե Հախվերդյանը:

Հոգևորականությունը և ճնշված ապստամբությունը


Խորհրդային Հայաստանում կոլկտիվացման տարիներին տեղի ունեցած ապստամբությունների մասին գրեթե չի խոսվում: Մինչդեռ զինված բախումները երկար են տևել՝ 1929-1931թթ:  Ապստամբության հիմնական կազմակերպչները եղել են գյուղերի քահանաներն ու ընդհատակյա դաշնակները: Նրանց միացել են մեծ թվով անկուսակցական գյուղացիներ, իսկ հաճախ էլ նաև` կոմունիստներ: Ապստամբության առաջամարտիկը եղել է Դարալագյազի՝ Վայոց ձորի մարզը, որտեղ պայքարի մեջ ներքաշված է շուրջ 2500 մարդ: Ապստամբության ժամանակ շուրջ մեկ տարի Վայոց ձորում դադարել է խորհրդային իշխանության գոյությունը: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում են Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Վազգեն քահանա Հովհաննիսյանը և պատմաբան Ստեփան Ստեփանյանցը: 

Հայաստան և հարևաններ. Հայաստան-Թուրքիա


Հայաստանում և Թուրքիայում տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ. Թուրքիան անցնում է նախագահական կառավարման, Հայաստանը՝ խորհրդարանական: Ի՞նչ նոր իրողությունների կարող է դա հանգեցնել հարևան երկու երկրների հարաբերություններում և ի՞նչ նոր մարտահրավերներ կարող են առաջ գալ: Թեման քննարկում են Ստամբուլի «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, թուրքագետ Անուշ Հովհաննիսյան և քաղաքագետ Անուշ Հովհաննիսյան: 

Դարձյալ Պոլսի մասին


Պոլսի պատրիարքության պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պաշտոնական գրություն է ուղարկել Ամենայն հայոց հայրապետին, որով հայտնում է, որ պատրաստ է աթոռը զիջել տեղապահի ընտրություններում հաղթած Գարեգին արք. Բեքչյանին եւ բարիգալստյան Հրաշափառի  արարողությամբ նրան  դիմավորել Ստամբուլում: Ի՞նչ սպասելիքներ կան Պոլսում նոր տեղապահից և ինչպիսի՞ հոգևոր առաջնորդ են ուզում ունենալ թրքահայերը: Զրուցում են «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը  և թուրքագետ Վարուժան Գեղամյանը:  

Եկեղեցին և կնոջ սոցիալական դերը


Ինչպե՞ս է արտահայտված կնոջ և տղամարդու իրավահավասարության հարցը աստվածաբանության մեջ, եկեղեցական ու հանրային կյանքում: Ինչպե՞ս կարող է ինքնախտրականությունը խոչընդոտ դառնալ կնոջ և տղամարդու իրավահավասարության իրացման համար: Քննարկում են Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Գերմանիայի ժողովրդական բարձրգույն դպրոցների միության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լուսինե Խառատյանը:
 

Շղթայակիր պատրիարքը


Հայ մատենագրության մեջ արծարծված է պատմական մի դրվագ, որի հերոսը՝ Երուսաղեմի հայոց երիտասարդ պատրիարք Գրիգոր Շիրվանեցին, վանքի պարտքերը մարելու և հայոց սրբավայրերը կորստից փրկելու գործն իրականացնելու համար իր վզին երկաթե ծանր շղթաներ է հագնում, կողպում և երդվում չհանել, մինչև Ս. Աթոռը չազատվի պարտքերից: Այս դրվագը  դարձել է հոգևորականի նվիրվածության  խորհրդանիշ: Ո՞վ էր Գրիգոր Շղթայակիրը: Քննարկում են Արարատ քահանա Պողոսյանը եւ ԵՊՀ դոցենտ Նորայր Պողոսյանը:

Կայացած ընտրություն՝ առկախ հարցերով


Ստամբուլի նահանգապետարանը ընտրությունից կես ժամ անց  հայտարարեց,  որ չի ճանաչում Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները և կարծում է, որ հայկական համայնքը չի կարող պատրիարքական ընտրությունների գործընթաց սկսել: Ի՞նչ իրավական հիմնավորմամբ է թուրքական իշխանությունը միջամտում Պոլսի հայոց պատրիարքարանի ներքին հարցերին: Ո՞րն է լինելու պատրիարքական տեղապահի ընտություններին հաջորդող քայլը: Քննարկում են ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը և «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

Վերականգնողական արդարադատության հնարավորությունը


Պրոբացիոն պետական ծառայության մասին ՀՀ օրենքի գլխավոր նպատակներից մեկը ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցումն է վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը: Համաձայն դրա, պատժի նպատակը դառնում է ոչ թե ազատազրկումը, այլ հանցանք կատարած անձի ուղղումն ու վերասոցիալականացումը, որի շոնրհիվ հնարավոր կլինի վերականգնել հարաբերությունները տուժողի հետ, փոխհատուցել հասցրած վնասը, չկտրվել ընտանիքից ու հասարակական հարաբերություններից: Ինչպե՞ս է ընթանում պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանում, ի՞նչ նախադրյալներ կան պրոբացիոն ծառայության արդյունավետ գործունեության համար: Քննարկում են Արդարադատության նախարարության իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը:

Ապրիլի 6-ը` խորհրդային բռնաճնշումներին զոհ գնացած հոգևորականների հիշատակի օր


Ապրիլի 6-ը Հայ առաքելական եկեղեցում կդառնա խորհրդային բռնաճնշումներին զոհ գնացած հոգևորականների հիշատակի օր: 1938թ.-ի ապրիլի 6-ին բռնաճնշումների հետևանքով մահացել է hայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը: Կա վարկած, որ Խորեն կաթողիկոսին Խորհրդային Հայաստանի Պետանվտանգության գործակալները խեղդամահ են արել Վեհարանում: Խորհրդային շրջանում հոգևորականների հետապնդումների և բռնաճնշումների սոցիալ-մշակութային հետևանքների մասին զրուցում են Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը և Մայր Աթոռի արխիվի ու թագարանների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը:

Ինքնության խախտումներն` իբրև ցեղասպանության հետևանք


Ցեղասպանությունը վերապրած շատ հայեր հրաժարվել են իրենց ինքնությունից՝ թերարժեքությունից ազատվելու և  նոր միջավայրում հեշտությամբ ինտեգրվելու նպատակով: Մասնագետներն ինքնության այս խախտումները համարում են ցեղասպանության հեևանքներից մեկը: Վարքային ի՞նչ դրսևորումներ են ի հայտ եկել ինքնության խախտումների պատճառով և ի՞նչը կարող է հայկական ինքնության վերարժևորման ու ամրապնդման առիթ դառնալ: Քննարկում են փիլիսոփա Սիլվա Պետրոսյանը և ազգագրագետ Հարություն Մարությանը:

Կրոնը՝ սպանության գործիք


Հայոց ցեղասպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար թե՛ Օսմանյան կայսրության իշխանավորները, թե՛ երիտթուրքերը կարողացան զանգվածային ջարդերի մեջ ներքաշել շարքային մարդկանց: Ինչպե՞ս դա հաջողվեց նրանց, որո՞նք էին սպանություններին թուրք և քուրդ ժողովրդների զանգվածային մասնակցության մշակութային և հոգեբանական նախադրյալները: Թեման քննարկում են  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը և գիտաշխատող Շուշան Խաչատրյանը: