
|
Հարցեր բժշկական բարոյագիտության մասինԲժիշկների նկատմամբ կիրառվող բռնություններ, բժիշկների մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով մահացության դեպքեր, բժիշկ-հիվանդ անառողջ փոխհարաբերություններ: Ի՞նչ գնահատական են ստանում բժշկական էթիկայի նորմերի խախտման դեպքերը: Արդյո՞ք բժշկական էթիկայի նորմերը բավարար հիմք են բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների կարգավորման համար: Թեման քննարկում են բիոէթիկայի մասնագետ Հայարփի Սահակյանը և Սմբատ քահանա Սարգսյանը: |
|
Հալլոին, թե՞ ԲարեկենդանՄասնագետների գնահատմամբ, օտար տոներ տոնելը պայմանավորված է առավել քաղաքակիրթ աշխարհի արժեքներին հաղորդակցվելու խնդրով: Անգլախոս երկրներից ոչ անգլախոս երկրներ թափանցած հալլոինի տոնը հասել է նաև Հայաստան: Այդ օրը միջոցառումներ են լինում մայրաքաղաքի փողոցներում ու ժամանցի հանրային վայրերում: Ինչո՞վ է հին կելտական տոնը գրավում հայ երիտասարդներին և ունե՞նք արդյոք համարժեք տոն մեր մշակույթում: Զրուցում են ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը և Տաճատ ավագ քահանա Դավիդյանը: |
|
Կենսաէթիկա և հովվական առաքելությունԲժշկագիտության և կենսատեխնոլոգիաների սրընթաց զարգացումն ազդում է կյանքի շատ ոլորտների վրա՝ սննդի անվտանգությունից մինչև մարդու վերարտադրություն: Նորագույն տեխնոլոգիաները հաճախ դրական փոփոխություններ են բերում, բայցև փոխում են բնության օրենքները՝ ստեղծելով նոր հարաբերություններ: Բարոյագիտական հարցեր քննարկող գիտակարգի՝ կենսաէթիկայի ակտուալության մասին զրուցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի ամբիոնի հայաստանյան մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանը և Մայր Աթոռի հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: |
|
Գրչագիր և տպագիր ժառանգության թվայնացումԱշխարհում պաշտոնապես գրանցված մոտ 40 000 հայկական ձեռագիր կա, իսկ արխիվային փաստաթղթերը, տպագիր մամուլն ու գրականությունը հաշվվում են միլիոններով: Գրչագիր և տպագիր ժառանգության թվայնացման խնդիրների մասին զրուցում են Հանրային գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը և Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի բարձր տեխնոլոգիաների և հրատարակության հարցերի գծով թվայնացման աշխատանքների պատասխանատու Գուրգեն Գասպարյանը: |
|
Հարցեր հայագիտության մասինՀայապահպանության, հակահայկական քարոզչության դեմ պայքարի, գիտամշակութային կապերի զարգացման, հայագետների պատրաստման և հայագիտական հետազոտությունների իրականացման ուղղությամբ աշխատում են մի քանի տասնյակ հայագիտական կենտրոններ ամբողջ աշխարհում: Բայց հիշյալ ոլորտներում խնդիրները ոչ թե պակասում են, այլ ավելանում: Հայագիտությանը սպառնացող վտանգների մասին զրուցում են Բեյրութի Հայկազյան համալսարանի գրադարանապետ Սոնյա Սիսլյանը և Վիենայի Մխիթարյան միաբանության անդամ Տ. Վահան վարդապետ Հովակիմյանը: |
|
Հալեպահայության վիճակն այսօրՀալեպում պատերազմական իրավիճակը սրվել է, փորձագետների կարծիքով առաջիկայում այն ավելի կթեժանա: Սիրիահայ համայնքի տարհանման վերաբերյալ պետական համակարգված ծրագիր չկա, անհատական նախաձեռնությունների շնորհիվ այս օրերին Հալեպից Հայաստան են հասնում առանձին ընտանիքներ: Խնդրին առնչվող պետական ռազմավարության մասին տաղավարում զրուցում են արևելագետ Գոռ Գևորգյանը, հրապարակախոս Սագօ Արեանը: Տեսակապով քննարկմանը մասնակցում է Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: |
|
Պահանջատիրության հետքերով
Ցեղասպանության ենթարկված հազարավոր հայեր ապահովագրել էին իրենց կյանքը Օսմանյան կայսրության տարածքում գործող արտասահմանյան ապահովագական ընկերություններում: Թալեաթ փաշան ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուին խնդրել էր թուրքական կառավարությանը տրամադրել այն հայերի ցուցակը, որոնք կյանքի ապահովագրության մուրհակներ ունեն: Մորգենթաուն իր հուշերում գրում է, որ մերժել է Թալեաթին:
Ամերիկահայ փաստաբանՎարդգես Եղիայանը, Հայոց ցեղասպանությունից 90 տարի անց, դիմում է դատարան և ամերիկյան «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունից պահանջում ցեղասպանության զոհերի ապահովագրական գումարները վճարել նրանց ժառանգներին: Փաստաբանին հաջողվում է ետ ստանալ 20 մլն դոլար գումար: «Տարբերակ» հաղորդաշարը հյուրընկալել է միջազգային իրավունքի մասնագետ Վարդգես Եղիայանին և հրապարակախոս Սագօ Արեանին:
|
|
Եկեղեցին անկախության տարիներինԱնկախության շրջանում վերացավ աստվածմարտությունը, Հայ առաքելական եկեղեցու գործունեության համար նոր պայմաններ առաջացան: Դրականորեն փոխվեց օրենսդրական միջավայրը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերանայեց թեմերի կառուցվածքը, վերականգնեց կանոնական ու վարչական կյանքը, հոգևոր կյանքի աշխուժացման համար կառուցվեցին ու նորոգվեցին եկեղեցիներ, հրատարակվեց կրոնական գրականություն, պատրաստվեցին նոր հոգևորականներ: Ինչպե՞ս են արտացոլվում եկեղեցու մշակութային, կրթական ու կրոնական գործառույթները ազգային կյանքում: Քննարկում են Ասողիկ քահանա Կարապետյանը և երաժիշտ Վահան Արծրունին: |
|
Մշակույթն անկախության տարիներին«Մշակույթն ապրելու կերպ է և ոչ թե կյանքի զարդարանք»,- ասում է Հրանտ Մաթևոսյանը: Ինչպիսի՞ն է եղել անկախության քսանհինգ տարվա մեր ապրելու կերպը, ի՞նչ բովանդակությամբ է մեզ օժտել և դեպի ի՞նչ գաղափարներ առաջնորդել: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում քննարկում են բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը և Մայր Աթոռի միաբան Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: |
|
Հանրակրթությունն հետանկախության տարիներինԱնկախության տարիների կրթության բովանդակության, հանրակրթության նպատակի ձախողման, վերաձևակերպման անհրաժեշտության, կրթության և նոր իրողությունների կապի մասին «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում զրուցում են «ԱՅԲ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանն ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: |
|
Անկախության ճորտերըՀանրային կարծրատիպեր, որոնք խաթարում են անկախության արժեքի ընկալումը: Հաղթանակներ, որոնք թուլացնում են սեփական ուժին ապավինելու գիտակցությունը: Ինչպես պահպանել և զարգացնել անկախության բարիքները: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում լրագրող Տիգրան Պասկևիչյանն ու իրավապաշտպան Վարդան Հարությունյանն են: |
|
Գևորգյան ճեմարանի կրթական առաքելությունն այսօրՄինչ Երևանի պետական համալսարանի հիմնումը, Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը հայ իրականության մեջ արդեն քառասուն տարի գոյություն ունեցող միակ հաստատությունն էր, որտեղ կրթություն էին ստանում ժամանակի ուսումնատենչները: Այդ շրջանի ճեմարանական կրթությունը ձգտում էր եվրոպական չափանիշների: Ո՞րն է Գևորգյան ճեմարանի կրթական առաքելությունն այսօր: Զրուցում են Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և ԵՊՀ ու Գևորգյան ճեմարանի դասախոս Նորայր Պողոսյանը: |











