Save Armenia կազմակերպության պատվիրակությունը՝ Մայր Աթոռում


Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ։ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության հրամայականին։

 

Նոյան երկիր միջազգային համաժողովի մասնակիցներին ընդունեց Վեհափառ Հայրապետը


Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ամրոց» հիմնադրամի կազմակերպած «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին։ Ողջունելով համաժողովի անցկացումը՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում և մաղթեց մասնակիցներին արդյունավետ աշխատանք։

 

Սրբազան պայքարի գործով դատական նիստ․ քննարկվեց փորձագիտական եզրակացությունը


Սեպտեմբերի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որտեղ Քննչական կոմիտեի ավագ փորձագետ Անդրանիկ Ղուկասյանը պատասխանեց զենք-զինամթերքի վերաբերյալ իր փորձաքննության մեթոդաբանությանն առնչվող հարցերին։ Պաշտպանական կողմը կասկածի տակ դրեց կիրառված մեթոդիկան՝ վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածը։ Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին։

 

Ինչու՞ են իշխանությունները դիմադրում Ազգային եկեղեցուն


Արդյո՞ք ազգային օրակարգը քաղաքագիտական կատեգորիա է: Ի՞նչ կառույցներ են առաջնորդում այդ օրակարգի իրացումը: Ինչպե՞ս է տևական անարդարությունն ու ազգային արժանապատվության նվաստացումը քայքայում պետության անվտանգությունը ներսից, և ի՞նչ դեր ունեն էլիտաներն ու Եկեղեցին այս հիբրիդային պատերազմում: Ինչու՞ է Ադրբեջանը թիրախավորում մեր պատմական նարատիվները և ինչու է ազգային օրակարգն այսօր դարձել պետականության պահպանման առաջնային նախապայման։ Աննա Սարգսյանի զրույցը քաղաքագետ Արա Պողոսյանի հետ:

Խաչվերացի տոնական Պատարագ Մայր Տաճարում


Սեպտեմբերի 13-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Խաչվերացի տոնական Պատարագ, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և Սուրբ Խաչին նվիրված գլխավոր տոնը։ Պատարագիչ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քարոզում անդրադարձավ Խաչվերացի պատմական ակունքներին ու խաչի կենարար զորությանը։ Երեկոյան Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Տաճարից դուրս բերվեց Տիրոջ խաչափայտի նվիրական մասունքը՝ ռեհանով և ծաղիկներով զարդարված, և կատարվեց Խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն ու անդաստանի կարգ։

 

Ինչպես է հավաքվում և քանդվում պետությունը


Երբ գործող Կառավարության ծրագիրը հակասահմանադրական է, դատարանները քննում են հակասահմանադրական վարույթներ, երբ քաղաքացին անպաշտպան է, բայց միևնույն ժամանակ ինքն է իշխանության աղբյուրը, ի՞նչ է սա նշանակում: Ինչպե՞ս են քանդվում ու ստեղծվում պետությունները, և ինչո՞ւ է անկախ դատական համակարգը համարվում պետականության գոյության էական հատկանիշ։ Ի՞նչ է իշխանության ուզուրպացիան և ո՞րն է սոցիալական պայմանագրի ու մեդիայի դերը ժողովրդավարության պահպանման գործում։ Աննա Սարգսյանը զրուցել է պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի հետ:

 

Սրբազան պայքարի գործով դատական նիստ՝ փորձագետների պարզաբանումներով


Սեպտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով դատական նիստը, որտեղ դատարանը լսեց Քննչական կոմիտեի փորձագետներին։ Փաստաբանական խումբը կրկին շեշտեց, որ զենք-զինամթերքի վերաբերյալ եզրակացությունները գործին կցվել են հանրությանը մոլորեցնելու և գործին հնչեղություն հաղորդելու նպատակով։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին։

 

Սրբազան պայքարի գործով դատական նիստ. խափանման միջոցների նոր որոշումներ


Սեպտեմբերի 3-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին Քննչական կոմիտեի փորձագետներն ու քննվեցին մեղադրյալների խափանման միջոցների հարցերը։ Դատարանի որոշմամբ՝ Վահագն Չախալյանն ազատվեց տնային կալանքից․ նրա նկատմամբ ընտրվեց վարչական հսկողություն, իսկ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին։

 

Արցախի Անկախության օրվա առիթով՝ Խաղաղության աղոթք Մայր Տաճարում


Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Խաղաղության աղոթք։ Աղոթք բարձրացվեց բռնի տեղահանված արցախահայության, Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու Արցախի պատանդառված ղեկավարների ազատ արձակման համար, ինչպես նաև հիշատակվեցին արցախյան պատերազմներում զոհված քաջորդիները։

 

Հայ եկեղեցու դեմ գործերն անպայման պետք է գնան Մարդու իրավունքների եվրոպական դատարան. փորձագետ


Ինչպե՞ս են Հայ եկեղեցու դեմ պետաիրավական համակարգի կողմից իրականացվող անօրինական գործընթացները ազդում մեր պետության միջազգային վարկանիշի վրա, հատկապես, երբ նախաձեռնում ենք ԵՄ անդամակցություն: Կառավարության ծրագիրը, որում ամրագրված է հակասահմանադրական դրույթ՝ կապված Հայ եկեղեցու ներքին ինքնավարությանը միջամտելու հետ, ապօրինի՞ է: Սահմանադրական դատարանը կարո՞ղ է քաղաքական այս իրավիճակում պահպանել սկզբունքայնությունը և Կառավարության ծրագիրը համարել հակասահմանադրական: Աննա Սարգսյանը զրուցել է կրոնի և համոզմունքի ազատության հարցերով միջազգային փորձագետ Իզաբելլա Սարգսյանի հետ:

Սրբազան պայքարի գործով դատական նիստը հետաձգվել է


Օգոստոսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը հետաձգվեց մասնակիցների բացակայության, մասնավորապես՝ մեղադրյալ Տիգրան Գալստյանի բնակարանում իրականացվող խուզարկության պատճառով։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հաջորդ դատական նիստը նշանակեց սեպտեմբերի 3-ին, ժամը 15։30-ին, որի ընթացքում քննվելու է Վահագն Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը։

 

Ներսիսյանների գործով դատական նիստը. ելույթ ունեցավ պաշտպանական կողմը


Օգոստոսի 27-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը, որտեղ եզրափակիչ ելույթով հանդես եկավ պաշտպանական կողմը։ Ըստ փաստաբան Էմին Խաչատրյանի՝ առաջադրված մեղադրանքն իրականում զուրկ է փաստական հիմքերից, իսկ ինչպես բազմիցս ընդգծել են փաստաբանները՝ գործի հիմքում առկա է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված քաղաքական ուղղորդում։ Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 28-ին, որի ընթացքում եզրափակիչ ելույթով հանդես կգա փաստաբան Արա Զոհրաբյանը։