Քրիստոնեական ընտանիք


Տեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 7-րդ գլուխը, որը նվիրված է ամուսնաընտանեկան հարաբերություններին։ Ինչպե՞ս են փոխկապակցված հոգևոր կյանքն ու ամուսնու և կնոջ փոխհարաբերությունները, ինչո՞ւ է ընտանիքը համարվում «փոքրիկ եկեղեցի», և ինչպե՞ս է դրսևորվում ազատությունը ընտանեկան սիրո մեջ։ Ինչպե՞ս կառուցել առողջ հարաբերություններ՝ փոխադարձ համաձայնությամբ ու սիրո ամբողջական ներդրմամբ, և ի՞նչ խորքային պատճառներ ունի դավաճանությունը՝ որպես հուզական կապի ընդհատման հետևանք։ Հյուրն Ընտանեկան խորհրդատվության կենտրոնի հիմնադիր, նարատիվ թերապևտ Անգելինա Ալեքսանյանն է։

 

Ազատություն և պատասխանատվություն


Տեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 6-րդ գլխի 12–20 համարները։ Ի՞նչ է քրիստոնեական ազատությունը, և ինչպե՞ս են փոխկապակցվում ազատությունն ու պարտականությունը։ Ինչպե՞ս է սահմանափակվում ազատությունը, և ինչպե՞ս կարող է մարդն ինքն իր ազատությունը սահմանափակել կամ ազատության չարաշահմամբ հայտնվել անազատության մեջ։ Ո՞րն է Նոր Ուխտի օրենքը և մեր կյանքի բարձրագույն հոգևոր կոչումը։ Հյուրն իրավագետ Թոմ Սամվելյանն է։

Ո՞վ կարող է դատել եկեղեցին


Տեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 6-րդ գլուխը։ Արդյո՞ք աշխարհիկ դատաիրավական համակարգը պիտի լուծի եկեղեցու ներքին հարցերը, և արդյո՞ք դատարանը պիտի ընդունի բոլոր տիպի վեճերը։ Ի՞նչ է թելադրում մեզ օրենքը, ովքե՞ր են սրբերը, որ դատելու են աշխարհը և հրեշտակներին, և ինչի՞ համար կա տարանջատում պետության ու եկեղեցու միջև։ Հյուրն իրավագետ Թոմ Սամվելյանն է։

 

Աստծո սպասավորներ և հոգևոր հայրեր


Տեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 4-րդ գլուխը՝ անդրադառնալով հոգևոր հասունացմանը, դաստիարակությանն ու հայրության կարևորագույն թեմային։ Ի՞նչ պիտի լինի, որ մարդը հասունանա մտքով և հոգևոր կյանքով։ Եթե Կորնթացիները մանուկներ էին ի Քրիստոս, ապա ինչպե՞ս պիտի անցնեն դաստիարակության ընթացքը։ Մանկավարժական և հոգևոր տեսանկյունից ի՞նչ է դաստիարակությունն ու հայրությունը, և ի՞նչ աստիճանակարգում է տեսնում Պողոս առաքյալը, մինչև համայնքն իրեն ընկալի որպես հոգևոր հայր։ Հյուրը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն է:

Հոգևոր հասունությունն ու իմաստությունը


Տեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 3-րդ գլուխը՝ անդրադառնալով եկեղեցու պառակտման պատճառներին։ Ինչպիսի՞ն է հոգևոր հասունությունը, և ինչո՞ւ է գիտելիքը հպարտացնում, իսկ սերը՝ կառուցում։ Ի՞նչ է նշանակում լինել Աստծու տաճար, և ինչպե՞ս է իմաստությունը կապվում խոնարհության հետ։ Հյուրը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն է:

Բաժանումներ եկեղեցու մեջ


Տեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակում բարձրացված ներեկեղեցական պառակտումների, բաժանումների և դրանց պատճառների հարցերը: Ինչպիսի՞ հասարակական ու կրոնական խմբավորումներ կային Հին աշխարհում։ Ի՞նչ դեր ունեն մկրտության խորհուրդն ու Խաչի քարոզչությունը քրիստոնեական համայնքի միավորման գործում։ Հյուրը հնագետ Արսեն Բոբոխյանն է:

 

Կորնթոսի պատմամշակութային համատեքստը


Տեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթոսի քրիստոնյա համայնքին ուղղված թղթերը՝ բացահայտելով Հին Կորնթոսի պատմաաշխարհագրական և կրոնական միջավայրը։ Անդրադարձ է կատարվում նաև Աստվածաշնչի մեկնաբանման երեք հիմնական աստիճաններին, առաքյալի ողջույնի խոսքին ու «սրբագործված» լինելու հոգևոր խորհուրդին։ Հյուրը հնագետ Արսեն Բոբոխյանն է։

Արդյո՞ք բիզնեսն ունի ինքնություն


Ինչպե՞ս է աշխարհը գլոբալացումից անցնում ապագլոբալացման՝ նաև տնտեսական ու բիզնես ոլորտում: Պարզվում է՝ գործարարությունն աշխարհաքաղաքականության շարունակությունն է: Ինչո՞վ է տարբերվում քրիստոնյա առաջնորդությունը պարզապես լավ առաջնորդությունից, և կարո՞ղ է գործարարն առաջնորդվել հավատքով ու բարոյականությամբ: Արդյո՞ք ավանդական եկեղեցու անդամ լինելը կարող է խոչընդոտել ժամանակակից մտածողությամբ բիզնես վարելուն, եթե «քրիստոնյա առաջնորդություն» տերմինն ինքնին առաջացել է արևմտյան-բողոքական մշակույթում։ Աննա Սարգսյանը զրուցել է գործարար, սոցիալական ձեռներեց Մանուկ Հերգնյանի հետ:

 

Չլսվող ձայներ


Երիտասարդ ազգագրագետները այս ուսումնասիրությունը կատարում էին գիտական ժողովածուի հրատարակման համար: Նրանք արձանագրում էին այլընտրանքային պատմություն՝ հասարակ մարդկանց հիշողությունները: Մենք հետևում էինք նրանց: «Չլսվող ձայները» երբեմն շրջվում էին դեպի տեսախցիկը, երբեմն՝ գերադասում մնալ անանուն:

Վեհարանի նոր համալիրի հանդիսավոր բացումը


Սեպտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ հիմնանորոգված Վեհարանի, Ս. Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը: Վեհարանի համալիրի նորոգության ու կառուցապատման աշխատանքներն իրականացվել են ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի նվիրատվությամբ: 
Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարերար Սամվել Կարապետյանը, պետական այրեր, Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերար հայորդիներ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության վաստակյալ նախագահ Յոախիմ Գաուկը և այլ հրավիրյալներ: 
Հանդիսությունը սկսվեց նորակառույց Ս. Հայրապետաց մատուռի առջև: Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Վեհարանի ողջ համալիրի օրհնության կարգը: 
 

Խաչի խորհուրդը


Քրիստոնեական վարդապետության մեջ և մշակույթում խաչի խորհրդի ու նշանի մասին իրենց ապրումներն ու տեսակետներն են կիսում Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Բենիամին Հովակիմյանը և նկարիչ, արվեստաբան Արիկ Տոնիկյանը:

Ներսես Շնորհալի


Աստվածաբաններն ու փիլիսոփաները հազարավոր կիլոմետրեր էին անցնում նախ նրա հետ բանավիճելու, ապա՝ աշակերտելու համար: Ժամանակակիցները նրան Կլայեցի էին անվանում, որովհետև ապրում էր Հռոմկլա քաղաքում, բայց սերունդների համար նա մնաց այլ անունով՝ Ներսես Շնորհալի: