Հայրենիքից հեռու ծնված հայերը շատ են: Նրանք դեպի տուն՝ Հայաստան է եկել կամ դեպքերի բերումով, կամ հատուկ մտադրությամբ՝ իրականացնելով պապերի կամ իրենց երազանքը: «Դեպի տուն» հաղորդաշարի յուրաքանչյուր հաղորդում մի վերադարձի պատմություն է:
 
Պարբերականությունը՝ ամեն կիրակի, ժամը 22:05-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 16:20-ին

Նատա Բրետել


Նատա Բրետելը ծնվել է Հայաստանում, այնուհետև ապրել է Մոսկվայում, Սիրիայում, Ավստրալիայում: Այժմ նորից Հայաստանում է: «Հագուստի դիզայն, լուսանկարչություն, տարբեր գործեր եմ անում և ինձ այստեղ ավելի կարևոր ու պետքական եմ զգում»:

Արթուր Սարյան, Նաիրա Նիազյան


Արթուրը և Նաիրան ծնվել են Հայաստանում: Յուրաքանչյուրը տարբեր պատճառներով հայտնվել են Հայաստանից դուրս: Նաիրան իր ցուցահանդեսներից մեկի ժամանակ Մոսկվայում ծանոթանում է Արթուրի հետ: Մի քանի տարի անց նրանք արդեն ընտանիքով տեղափոխվում են Հայաստան:

Նաիրի Գրիգորյան


Նաիրի Գրիգորյանը 30 տարի Ֆրանսիայում և Մոսկվայում ապրելուց, բազմաթիվ նկարչական ցուցադրություններ ունենալուց հետո վերադարձել է Հայաստան: Ապում է Կոնդի իր հին տանը, արդեն բացել է «Արվեստանոց» սրճարանը:

Սևագ Դումանյան


Սևագ և Նաիրի Դումանյանները արդեն 6 տարի է` Լիբանանից տեղափոխվել են Հայաստան: Նրանց երեք երեխաները վայելում են Հայաստանում ապրելու ազատությունը:

Անահիտ Արամունի Քեշիշյան


Անահիտ Արամունի Քեշիշյանը 70-ականներին մեծ դժվարությամբ ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: Մի քանի տարի հետո կրկին մեծ դժվարությամբ տեղափոխվել է ԱՄՆ: «40 տարի հետո հասկացա, որ այլևս չեմ կարողանում դրսում ապրել, որ ամեն անգամ ավելի ու ավելի դժվար եմ Հայաստանից վերադառնում ԱՄՆ: Հիմա Հայաստանում եմ և դա նվեր է ինձ համար»: 

Ժիրայր Բաբազյան


Ժիրայր Բաբազյանը խորհրդային տարիներին Կահիրեց եկել է Հայաստան, ավարտել Գեղարվեստաթատերական ինստիտուտը և մեկնել Հայաստանից՝ այլևս երբեք չվերադառնալու որոշումով: Աշխատել է Անգլիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում: 
Արդեն երեք տարի է՝ վերադարձել է Հայաստան: Հույս ունի, որ այս անգամ՝ ընդմիշտ: 
 

 

Սարգիս Փանոսյան


Սարգիսը ծնվել ու մեծացել է Ուրուգվայում: Մայրը գերմանուհի է: Մի քանի տարի առաջ որոշում է փորձել, տեսնել կկարողանա՞ ապրել Հայաստանում: «Այստեղ արդեն ընկերներ ունեմ, որոնց կարծես մանկությունից եմ ճանաչում եմ: Ընկերոջս հետ էլ գարեջրատուն ենք հիմնել: Հաստատ է: Մնում եմ Հայաստանում»:
 

Ջորջ Աբրահամյան


Ջորջ Աբրահամյանը վերադարձել է հայրենիք Իրանից: Կառուցել է իր տունն ու այգին և ապրում է Դվինում: Ասում է, որ Հայաստան վերադառնալու իր օրինակը վարակիչ է եղել իրանահայ 40 ընտանիքի համար: 

Նաիրի Զատիկյան


Նաիրին ծնվել է Բրազիլիայում, 1 տարի է՝ արդեն Հայաստանում է, վերջերս քույրն է վերադարձել, սպասում են նաև մյուս քրոջ վերադարձին: Համոզված են, որ Հայաստանում ավելի շատ գործ ունեն անելու, քան Բրազիլիայում էին անում: 

Հայկ Ղազարյան


«Հայաստանում հեշտ չէ աշխատելը, բայց հենց դա էլ ինձ ոգեշնչում է, ես սիրում եմ արդարացված ռիսկերի գնալ և վստահ եմ, որ հենց Հայաստանում է պետք դա անել»: Հայկ Ղազարյանը, 25 տարի Կանադայում ապրելուց հետո որոշել է վերադառնալ Հայաստան: Ընկերների հետ հիմնադրել է պլաստիկ շշերի վերամշակման «Ապագա» կազմակերպությունը: Հպարտ է, որ Կանադայում ստացած կրթությունն ու գիտելիքն այսօր կարողանում է օգտագործել իր բիզնեսում, Հայաստանում: 

Հակոբ Հակոբյան


26 տարի Ռուսաստանում, Դուբայում, Անգլիայում, Ֆրանսիայում ապրելուց հետո Հակոբը վերադարձել է Հայաստան: Երջանիկ պատահականությամբ հանդիպել է ապագա կնոջը, որն էլ նրան համոզել է հաստատվել Հայաստանում: Նրանք վարձակալությամբ գործարկում են «Ագապե» սեղանատունը: Հակոբը ուրախ է, որ հնարավորություն ունի մասնակցելու նոր Հայաստանի կառուցմանը:

Գևորգ-Ջորջ Քասսաբյան


Գևորգ-Ջորջ Քասսաբյանը ծնվել է Սիրիայում, երիտասարդ տարիքում տեղափոխվել է Կանադա, բազմաթիվ անգամներ եկել է Հայաստան ապրելու ու էլի հետ վերադարձել: Մի քանի տարի է` Հայաստանում է, իր համար մի ճշմարտություն է պարզել. «Հայի գենետիկ այս հողի հետ է կապված»: Ընտանիքը դեռ Կանադայում է, Գևորգը համոզված է, որ գենետիկ կոդը նրանց էլ է Հայաստան բերելու: