
Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակը տասը տարիների ընթացքում 19 բնակարան է նվիրել երկրաշարժից տուժած գյումրեցի, սպիտակցի, նաև՝ անապահով ընտանիքների, 6 բնակարան տրամադրել է արցախահայ ընտանիքների: Վեհափառ Հայրապետը իր ուշադրության կենտրոնում է պահում քահանաների կեցության խնդիրները։ 2005 թվականի ամռանը Հայ Առաքելական եկեղեցին և «Միջազգային Հաբիթաթ» քրիստոնեական բարեգործական կազմակերպությունը հայտարարեցին Հայաստանում տնազրկության դեմ միասնական պայքարի մասին: Աջակցություն ցուցաբերվեց 42 համայնքի, 108 ընտանիք վերականգնեց կյանքի նկատմամբ իր հույսն ու լավատեսությունը: Ծրագիրը օգնում էր ոչ միայն ավարտին հասցնել կիսակառույց շենքերը, այլև սովորեցնում մարդկանց գնահատել աջակցությունը, հատուցել ստացածի դիմաց՝ անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնելով մեկ այլ կարիքավորի:
