|
Սրբոց Հրեշտակապետաց տոնՆոյեմբերի 7-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի բակի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, սուրբ հրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը, պատարագ մատուցեց Տեր Հովել քահանա Օհանյանը։
|
|
Միջազգային իրավունքի մասնագետը՝ Հայաստանում հակաեկեղեցական արշավի մասինԲրիտանական «The Critic» պարբերականի «Artillery row» բաժնում նոյեմբերի 1-ին պատմաբան, միջազգային իրավունքի մասնագետ Փիթեր Ֆլյունը հրապարակել է «Թողնենք՝ իրենց նախաճաշն ուտե՞ն» վերնագրով հոդված՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների ծավալած հակաեկեղեցական արշավին։ Հեղինակն ընդգծում է, որ ՀՀ կառավարությունը հարձակումներ է գործում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ ձգտելով ենթարկեցնել այն պետությանը, մինչդեռ Արևմուտքը նախընտրում է աչք փակել տեղի ունեցողի վրա։ Նա հորդորում է Երևանում անցկացված երկրորդ Աղոթքի նախաճաշի պատվիրակներին շարունակել շփումները Եկեղեցու հետ և ապահովել, որ նրա ուղերձը լսելի դառնա Վաշինգտոնում, Լոնդոնում ու Բրյուսելում, քանի որ Արևմուտքը չպետք է Հայոց եկեղեցուն միայնակ թողնի սեփական կառավարության դեմ։ |
|
Վահան Թեքեյան ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունՀայաստանի Թեքեյան մշակութային միությունում նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը, որի շրջանակում մրցանակներ շնորհվեցին «Գրականություն», «Հայագիտություն» և «Կերպարվեստ» անվանակարգերում։ Հաղթողներն են ֆրանսիացի գրող Անրի Կյունին «Մահ գոյություն չունի» վեպի համար, պատմաբան Արտակ Մաղալյանը «Արցախի մելիքությունները XVII-XIX դդ.» մենագրության համար և նկարիչ Սուրեն Սաֆարյանը «Լռության ռիթմեր» գեղանկարի համար։ Հայապահպանության, ազգային արժեքների տարածման և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում նշանակալի ներդրման համար հատուկ մրցանակ հանձնվեց «Դը Արմենիան Միրոր-Սփեքթեյթոր» (The Armenian Mirror-Spectator) պարբերականի գլխավոր խմբագրին։ |
|
Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստՆոյեմբերի 3-ին Աշտարակի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ թույլատրելով Սրբազան հորն արդեն գտնվել առաջնորդարանի իր աշխատասենյակում, իսկ հաջորդ դռնբաց նիստին, որը նշանակվեց դեկտեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, որոշվեց որպես վկա հրավիրել նախկինում հարցաքննված թեմի երեք քահանայի։ |
|
Ֆրանսիայից ժամանած Արարատ համույթը՝ ՎեհարանումՀոկտեմբերի 27-ին Փարիզի Իսի-լե-Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու «Արարատ» հայկական ժողովրդական պարի համույթն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Վեհարանի հարկի տակ ընդունելության արժանացավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։ Հանդիպման ընթացքում համույթի անդամները շնորհավորեցին Նորին Սրբությանը գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ, իսկ Հայոց Հայրապետն իր հայրական օրհնությունը փոխանցեց երիտասարդներին՝ հրավիրելով մասնակցելու Սփյուռքի երիտասարդների համար կազմակերպվող հայագիտական դասընթացներին և անխզելի պահելու կապը Մայր Աթոռի հետ։ |
|
Սուրբ Ղազարում մեկնարկեց Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված գիտաժողովՀոկտեմբերի 19-ին Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում անցկացվեց Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը, որը համախմբել էր Եվրոպայի և Հայաստանի առաջատար հայագետների ու պատմաբանների։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուղերձում արժևորեց Սեբաստացու գիտակրթական վաստակն ու բացառիկ դերը հայ ժողովրդի ազգային ինքնության, լեզվի, պատմական հիշողության և մշակութային ժառանգության պահպանման գործում։ |
|
Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին ընդունեցՀայոց ՀայրապետնՀոկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդ, COP17 համաժողովին մասնակից Անգլիկան եկեղեցու պատվիրակության ղեկավար Գրեհեմ Բարհամ Աշեր եպիսկոպոսին։ Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին և կարևորեց միջեկեղեցական երկխոսությունն ու գործակցությունը՝ ի խնդիր մարդկության առջև ծառացած մերօրյա մարտահրավերների հաղթահարման։ |
|
Կարճվել են Արագածոտնի թեմի նախկին քահանաների հայցերով գործերի վարույթներըՀոկտեմբերի 23-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Սիմա Աբովյանն ու Հովհաննես Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցերով հարուցված քաղաքացիական գործերի վարույթները։ Այս որոշումներով դատարանները հաստատել են, որ հոգևոր ծառայությունը չի կարող ինքնաբերաբար նույնացվել աշխատանքային հարաբերությունների հետ, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքն ու ինքնավարությունը պաշտպանված են պետական միջամտությունից։ |
|
ՀՀ ԶՈՒ-ում հոգևոր առաջնորդության լուծարման հնարավոր հետևանքներըՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Զինված ուժերում լուծարվեց հոգևոր առաջնորդության գործունեությունը, և 2026 թվականի փետրվարի 1-ից մոտ 50 գնդերեց լքեցին զորամասերը։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ գնդերեցը զինվորի կողքին կանգնած վստահելի հենարան էր։ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի խոսքով՝ հոգևորականները կանխում էին բանակում արատավոր երևույթներն ու կոնֆլիկտները։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ նույն տարվա հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 22-ը բանակում գրանցվել է 34 մահվան դեպք։ |
|
Վայոց Ձորի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահի անդրանիկ պատարագը ՎայքումՀոկտեմբերի 18-ին Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում Վայոց Ձորի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը մատուցեց իր անդրանիկ Սուրբ Պատարագը։ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը Հայր Սուրբին հանձնեց թեմի առաջնորդական գավազանը։ Իր խոսքում նորանշանակ տեղապահն ընդգծեց եկեղեցու զորությունը նրա անդամների միասնության և համատեղ ծառայության մեջ։ |
|
Սրբոց Թարգմանչաց տոնը Այբ դպրոցումՍրբոց Թարգմանչաց տոնի օրը «Այբ» դպրոցում նշանավորվեց կրթական ավանի տարածքում կառուցվող Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շինարարության մեկնարկին նվիրված արարողությամբ։ Դպրոցի համահիմնադիր Տեր Մեսրոպ քահանա Արամյանն ընդգծեց, որ թարգմանիչներին սրբացնելով և նրանց նվիրված տոն սահմանելով՝ հայ ժողովուրդը նվիրականացրել է թարգմանության գաղափարը՝ որպես ինքնության կարևոր վկայություն։ Ճարտարապետ Էրիկ Օհանյանի նախագծած եկեղեցու շինարարությունը նախատեսվում է ավարտել 2029 թվականին։ |
|
Միջազգային գիտաժողով Ազգային գրադարանում՝ նվիրված Ոսկանյան Աստվածաշնչի 360-ամյակինՀայաստանի ազգային գրադարանում հոկտեմբերի 8-9-ն ընթանում է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Ոսկան Երևանցու ջանքերով Ամստերդամում հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 360-ամյակին։ Աշխարհի 22 երկրներից ժամանած ավելի քան 110 մասնագետներ քննարկում են ազգային, տպագիր ու ձեռագիր ժառանգության պահպանման, թվայնացման և արդի տեխնոլոգիական պայմաններում դրանց հանրահռչակման առանցքային հարցերը։ |











