Հանրապետության տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Սարդարապատի հուշահամալիր


Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել մայիսյան հերոսամարտերում զոհված քաջարի հայորդիների հիշատակին: Հայրապետը ծաղկեպսակ է դրել հուշակոթողի առջև, ապա աղոթել հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձում կոչ է արել ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, միաբանվել և միասնաբար հզորացնել մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնել համայն հայոց կյանքը։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանայից ժողովին խոսել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին


Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում սպասավորող շուրջ 200 հոգևորական՝ քահանաներ, աբեղաներ, վարդապետներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ մայիսի 26-ին Մայր Տաճարում մասնակցել են քահանայից ժողովի։ 20 տարի քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի մասնակցել, որովհետև գտնվում է տնային կալանքում։ Հավաքին ներկայացել է Վարչական հսկողության տակ գտնվող Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Քահանայից ժողովն այս տարի անցկացվել է հակաեկեղեցական արշավին միացած բարձրաստիճան հոգևորականների և մի խումբ քահանաների բացակայությամբ: Եկեղեցու շուրջ մտահոգիչ զարգացումների, եկեղեցականների դեմ իրականացվող հալածանքների մասին քահանա հայրերի հետ խոսել է Հայոց Հովվապետը։

 

Մկրտիչ Սրբազանի գործն ունի քաղաքական ենթատեքստ․ Պաշտպան


Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը հայտարարել է, որ գործն ունի քաղաքական ենթատեքստ։ Պաշտպանական կողմը նկատել է, որ գործով ապացույցների միակ աղբյուրը մինչև այսօր միայն տուժող կողմն է՝ կարգալույծ հոգևորականներ Արամայիս Թախմազյանը և Ստեփան Ասատրյանը։

 

Գևորգյան հոգևոր ճեմարանում կայացել է մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն


Ավարտաճառ էր ներկայացրել երեք ճեմարանական՝ Արմեն սարկավագ Մկրտչյանը, Ալիկ սարկավագ Հարությունյանն ու Արսեն սարկավագ Մարտիրոսյանը: Արմեն սարկավագը փորձել է ներկայացնել բոլոր ծիսական արարողությունների, մասնավորապես Սուրբ Պատարագի քարոզչական նշանակությունն ու բովանդակությունը: Ալիկ սարկավագ Հարությունյանի աշխատանքը պատմական տվյալների վերլուծությամբ հակազդում է ադրբեջանական այն նարատիվներին, թե իբր Արցախը ուդիական՝ ադրբեջանական տարածք է:

 

Մայր Տաճարի թանգարանը մասնակցել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ծրագրին


Մայր Տաճարի թանգարանում ցուցադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն՝ «Սուրբ Էջմիածին» շքանշանը, որի կենտրոնում պատկերված է հայոց հոգևոր կենտրոնը, Գրիգոր Լուսավորիչը՝ լուսապսակով ու խաչանիշ գավազանով: Նրա կողքին Տրդատ թագավորն է, վերևում՝ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները: Շքանշանը 2024 թվականին է ստեղծվել: Ներկայացվել են նաև «Դուստր Սուրբ Էջմիածնի» և «Ասպետ Սուրբ Էջմիածնի» շքանշանները։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մշակույթի գործիչների


Մշակույթի գործիչներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ իրենց զորակցությունը, որդիական սերն ու հավատարմությունը հայտնելու Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին։ Հանդիպմանը քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումներն ու մարտահրավերները, ինչպես նաև Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա մտահոգիչ ընթացքը։

Ծաղկեվանքում ուխտավորների մի մասը պատարագին մասնակցել է դրսում՝ աստիճանների վրա


Տեր Սարգիս քահանա Սարգսյանը ուխտավորներին ներկայացրել է Համբարձման տոնի խորհուրդն ու կարևորությունը: Համբարձման տոնը Ծաղկեվանքի ուխտի օրն է։ Ուխտավորները հույսով, հավատով, աղոթքով հասնում են վանք՝ խնդրելու քրիստոնյա կույսի բարեխոսությունը: Հավատացյալները կաթիլ առ կաթիլ հավաքում պատերից հոսող ջուրը հիվանդներին բժշկելու համար:

 

Մայիսի 16-ին Սուրբ Էջմիածնի թանգարանները ժամը 11:00-ից մինչև 24:00-ը բաց կլինեն այցելուների համար


Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանում կներկայացվի Հայրապետահաստատ նոր շքանշաններ․«Սուրբ Էջմիածին», «Ասպետ Սուրբ Էջմիածնի», «Դուստր Ս. Էջմիածնի» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ռուբեն Սևակի թանգարանում ժամը 16:30-ին կբացվի «Հայոց տաճարները Հովհաննես Ասատրյանի աչքերով» ցուցահանդեսը։ Նախապես գրանցված մասնակիցների համար նախատեսված է նաև կրթական ծրագիր՝ մանրանկարչական փազլ հավաքելու մրցույթ: Սևակի թանգարանում ժամը 21:00-ին նախատեսված են նաև արևմտահայ գրականության ընթերցումներ ու երաժշտական կատարումներ։

 

Միքայել Սրբազանի նկատմամբ չէր կարող հարուցվել քրեական հետապնդում․ Փաստաբան


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը արդեն մասնակցում է կիրակնօրյա պատարագների, հաղորդություն ստանում, սակայն Պատարագ մատուցելու և քարոզելու իրավունք չունի։ Նախորդ նիստում վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը՝ տնային կալանքը թողնելով ուժի մեջ։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ ամբողջ քրեական վարույթն անօրինական է։ Ըստ նրա՝ Սրբազանի նկատմամբ չէր կարող հարուցվել քրեական հետապնդում և նախաձեռնվել քրեական վարույթ, քանի որ այն հիմնված է ոչ իրավաչափ աղբյուրից ստացված տեղեկության վրա:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Հաղթանակ զբոսայգու հուշահամալիր


Մայիսի 9-ին հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելել է Հաղթանակ զբոսայգու հուշահամալիր, անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ է դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների անմար հիշատակին: Հոգևորականները Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ աղոթել են նրանց հոգիների հանգստության համար:

 

Քրիստոսի Խաչափայտի մասունքը տեղափոխվել է Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի


Սուրբ Խաչի երևման տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի է տեղափոխվում Քրիստոսի Խաչափայտի սրբազան մասունքը: Մեծ Հայքի Մոկք նահանգի Ապարան գյուղից է Սուրբ մասունքը բերվել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, ապա իր հանգրվանը գտել Մայր Աթոռի գանձատանը։ Մասունքը սովորաբար եկեղեցում պահվում է մինչև երեկո՝ հնարավորություն ընձեռելով բոլորին հաղորդակցվելու մասունքից բխող զորությանը։

 

Ներքին Դվին գյուղի բնակիչներն ու հոգևորականները նշել են իրենց եկեղեցու ուխտի օրը


Սուրբ Հարություն եկեղեցին օծվել է 26 տարի առաջ՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ Խորհրդային Միության փլուզումից հետո հիմնադրված առաջին եկեղեցիներից է։ Հիմնարկեքը կատարել է երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսը՝ 1996 թվականին։ Այդ ժամանակ էլ սրբավայրը կոչել է Սուրբ Հարություն՝ նկատի ունենալով նորաստեղծ պետականությունը, անկախությունը և հոգևոր վերազարթոնքը։