|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովի մասնակիցներինՍեպտեմբերի 28-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին։ Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, ինչպես նաև Հայոց Եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած դատապարտելի արշավը։ |
|
Կանադահայ ուխտավորների հանդիպումը Վեհափառ Հայրապետի հետՍեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի Հայոց թեմի «Հայ Արդ Տուն» կազմակերպության նախաձեռնած ուխտագնացության մասնակիցներին։ Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ կանադահայության եկեղեցասիրությանն ու հայրենանվեր ոգուն, կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման և ազգային ինքնության պահպանման գործում և հորդորեց ուխտավորներին առանձնակի հոգածություն ցուցաբերել երիտասարդ սերնդի հայեցի ու քրիստոնեական դաստիարակության համար։ |
|
Ուխտերթ և Սուրբ Պատարագ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցումՍեպտեմբերի 26-ին՝ Սուրբ Գևորգ Զորավարի տոնի առիթով, Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի առաջնորդությամբ մեկնարկեց ուխտերթ դեպի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի, որին մասնակցեցին թեմի քահանաներ, միանձնուհիներ, երիտասարդաց միությունների անդամներ և հավատացյալներ։ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում, ուր ամփոփված են Զորավարի սրբազան մասունքները, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը մատուցեց Սուրբ և անմահ Պատարագ։ Հաջորդ ուխտագնացությունը սպասվում է հոկտեմբերի 10-ին՝ Թարգմանչաց տոնին, դեպի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։ |
|
Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու ուխտի օրը՝ նվիրված սրբուհիներինՍեպտեմբերի 22-ին Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում մատուցվեց տոնական Պատարագ՝ նվիրված սրբուհիներ Փեփրոնեի, Մարիանեի և սուրբ Շուշանիկի հիշատակության տոնին, որը նաև եկեղեցու ուխտի օրն է։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ պատարագը մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տեր Անանիա եպիսկոպոս Ծատուրյանը՝ Արագածոտնի թեմի քահանաների, Ղազարավանի մենաստանի միանձնուհիների և բազում ուխտավորների մասնակցությամբ։ |
|
Հայոց Հայրապետն ընդունեց ԱՄՆ-ից ժամանած Ասորի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներինՍեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ-ից ժամանած Ասորի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներին՝ գլխավորությամբ Նյու Ջերսիի Սուրբ Մարկոս մայր տաճարի հոգևոր հովիվ Հայր Ջոզեֆ Շամունի։ Նորին Սրբությունն անդրադարձավ Հայ Առաքելական և Ասորի Ուղղափառ Քույր Եկեղեցիների սերտ ու ջերմ հարաբերություններին և իր օրհնությունը բերեց ուխտավորներին՝ վստահություն հայտնելով, որ ուխտագնացությունը կդառնա հոգևոր նորոգության առիթ։ |
|
Արագածավանում նշվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման տարեդարձըՍեպտեմբերի 21-ին Թալինի խոշորացված համայնքի Արագածավան գյուղում նշվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման տարեդարձը։ Այդ առիթով Արագածոտնի թեմի քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի բերեցին Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը։ Պատարագիչը Տեր Հայկ քահանա Սահակյանն էր, ով իր քարոզում նշեց, որ օրը համայնքի կյանքում դարձավ եռատոն՝ միավորելով եկեղեցու օծման տարեդարձը, Հայաստանի անկախության 35-ամյակը և Խաչափայտի մասունքն առաջին անգամ եկեղեցում ընդունելու ուրախությունը։ |
|
Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին օծվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբՍեպտեմբերի 19-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է ռուսաստանաբնակ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ՝ ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։ Օծման արարողությանը մասնակցեցին Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազում ուխտավորներ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամում ընդգծեց, որ հավատքով են կառուցվում ու նվիրագործվում Տիրոջ վկայարանները, որոնց շուրջ ամրապնդվում է հավատացյալների հոգևոր միասնությունը։ |
|
Սուրբ Խաչի տոնը Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցումՍեպտեմբերի 13-ին՝ Սուրբ Խաչի տոնի օրը, Արագածոտնի թեմի Ափնա գյուղի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանի։ Հավատացյալները հաղորդվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքին։ Այս օրը եկեղեցում նշվեց սրբավայրի օծման տարեդարձը, որը 5 տարի առաջ օծել էր թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ |
|
Հրայր Հովնանյանի 96-ամյակին նվիրված երկօրյա համերգային ծրագիրՍեպտեմբերի 11-ին և 12-ին Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների բակում Հովնանյան ընտանեկան հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց բացօթյա համերգային երկօրյա ծրագիր՝ նվիրված Հրայր Հովնանյանի ծննդյան 96-ամյակին։ Սեպտեմբերի 11-ին հանդես եկան դաշնակահար Հայկ Մելիքյանը և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը, իսկ սեպտեմբերի 12-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տան քանոնահարների համույթը և «Նաիրյան» վոկալ անսամբլը։ |
|
Համերգային երկօրյա ծրագիր Սուրբ Աննա եկեղեցու բակումՍեպտեմբերի 11-ին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում գտնվող Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների բակում Հովնանյան ընտանեկան հիմնադրամն անցկացրեց համերգային երեկո՝ նվիրված հիմնադրամի հիմնադիր, ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանի ծննդյան 96-րդ տարեդարձին, որտեղ հանդես եկան դաշնակահար Հայկ Մելիքյանը և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը։ Սեպտեմբերի 12-ի երեկոյան ծրագիրը կշարունակվի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» քանոնահարների կվարտետի և «Նաիրյան» վոկալ անսամբլի մասնակցությամբ։ |
|
Աստվածամոր ծննդյան տոնը նշվեց Մայր ՏաճարումՍեպտեմբերի 8-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Տեր Անդրեաս վարդապետ Եզեկյանի ձեռամբ մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ՝ նվիրված Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին։ Քարոզխոսության ընթացքում պատարագիչն անդրադարձավ Աստվածամոր սիրված կերպարին՝ ընդգծելով, որ նրա ծնունդը մարդկության փրկության շղթայի կարևորագույն օղակներից է։ |
|
Վեհափառ Հայրապետն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինՕգոստոսի 25-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին։ Թեմի առաջնորդ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը շնորհավորեց Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով և երախտագիտություն հայտնեց հայրական խնամքի համար։ Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց թեմի հոգևորականների հոգեխնամ ու նվիրական ծառայությունը և ստեղծված դժվարին իրավիճակում նրանց դրսևորած անմնացորդ նվիրումը Հայ Եկեղեցուն։ |











