Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն  հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:  
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
 
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին

Քանի՞ միլիոն կլինեինք այսօր, եթե Թուրքիան չիրագործեր Հայոց ցեղասպանությունը


Խորհրդային Հայաստանի 70 տարիների ընթացքում Հայաստանի բնակչության թիվը հնգապատկվել է։ Արեւմտյան Հայաստանի բնակչության թիվը մինչեւ ցեղասպանությունը 2․5 միլիոն էր և եթե տեղի չունենար ցեղասպանությունը, ապա հիմա Հայաստանի բնակչության թիվը կարող էր լինել մոտ 13-15 միլիոն։
Պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրութան մասնագետ Միքայել Մալխասյանը համարում է, որ ցեղասպանության ազդեցությունն այսօր էլ կա՝ դա միայն 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություն չէ, որը վերաբերում է 1,5 միլիոն մարդու։ Ցեղասպանության հետեւանքն է, որ այսօր ունենք փոքր հնարավորություններ։
Նա պնդում է, որ ցեղասպանության ենթարկված հայերի թվաքանակի մասին վերջերս հանրային քննարկման նետված խոսքուզրույցի խայծը վտանագավոր քաղաքական նարատիվ է, որը կարող է վերածվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, արդար և իրավահեն պահանջատիրության թեմայի պարզունակացման և լուծարման:

Հայաստանը և Ադրբեջանը միջազգային դատական ատյաններում


Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը կազմակերպել է «Ցեղասպանություններ և էթնիկ զտումներ 21-ր դարում» գիտահանրամատչելի կոնֆերանս: Առաջին զեկուցումը «Էթնիկ զտում և ցեղասպանություն հասկացությունների իրավական էությունը՝ հայության դեմ ադրբեջանական հանցագործությունների համատեքստում» թեմայով էր: Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանի կարծիքով, Արցախի հայաթափումը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է և Թուրքիայի կողմից 20-րդ դարակսզբին իրականացրած ցեղասպան քաղաքականության շարունակությունը: Բանախոսը հատկապես շեշտեց այս օրերին խաղաղության ենթադրյալ գործընթացի շրջանակում միջազգային դատական ատյաններում Հայաստանի հայցերն ընդդեմ Ադրբեջանի չեղարկելու անխոհեմ մտայնության մասին. միջազգային դատական գործընթացներից դուրս Հայկական հարցը ոչ այլ ինչ է, քան դասագրքային նյութ: Շատ կարևոր է ձևակերպել պահանջ սեփական իշխանություններից չհրաժարվելու դատական գործընթացներից:

Հասարակական դիմադրությունը՝ անվտանգության հենասյուն


Տարածաշրջանը եռում է, ուժերի վերադասավորումն ընթանում է բավական կոշտ հակամարտություններով: Մենք 3 տարուց ավելի է՝ խաղաղության օրակարգ ենք հաստատում, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունները պայմանավորվածություններ են ձեռք բերում Տավուշի հայկական գյուղերի տարածքների հանձնման հարցում: Հասարակական դիմադրության ցածր աստիճանը տարակուսանք է առաջացնում: Աննա Սարգսյանը անվտանգության թեման քննարկել է արևելագետ Արտյոմ Տոնոյանի հետ։

Հայաստանը հայտնվում է լիակատար շրջափակման մեջ


Ինչու՞ է Հայաստանն իրեն դուրս թողնում տարածաշրջանային և ավելի մեծ՝ տնտեսական ու էներգետիկ մեգա նախագծերից։ Դրանք կարող են թե՛ տնտեսապես շահավետ լինել, թե՛ ամրապնդել երկրի աշխարհաքաղաքական դիրքերն ու ապահովել անվտանգություն: Այսօր, երբ աշխարհը դառնում է ասիակենտրոն, մենք քաղաքական վեկտորը փոխում ենք դեպի Արևմուտք: Այդպիսով, Հայաստանը «բացվու՞մ է», թե՞ հակառակը՝ «անկլավացվում»: Ինչու՞ է Թուրքիային այդքան անհրաժեշտ «Զանգեզուրի միջանցքը» և ու՞մ նախագծի բաղադրիչն է դա: Աննա Սարգսյանը թեման քննարկել է էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի հետ։

Տարածքային, բայց ո՞ւմ ամբողջականությունը


Մեր տարածաշրջանում կա 3 ուժային կենտրոն՝ Թուրքիա, Ռուսաստան և Իրան։ Արեւմուտքի գլխավոր գործընկերն այստեղ Թուրքիան է, որն ուղիղ գործում է Հայաստանի դեմ։ Արեւմուտքը Հայաստանին պատրաստ է աջակցել Ռուսաստանից և Իրանից եկող սպառնալիքներին դիմակայելու համար, բայց Հայաստանին սպառնում են ոչ թե Ռուսաստանն ու Իրանը, այլ Թուրքիան ու Ադրբեջանը։ Իրականում դա Թուրքիայի օրակարգն է։ 

Ի՞նչ է նշանակում արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա։ Աննա Սարգսյանը թեման քննարկել է պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանի հետ։

Ինչու են պատերազմն ու պարտությունը անխուսափելի


Պատերազմից հետո քաղաքական իշխանության գլխամասային նարատիվն այն է, որ Հայաստանի հետ տեղի ունեցող իրադարձություններն անխուսափելի են։ Օրինակ՝ անկլավների հանձնումն անխուսափելի է, որովհետեւ հայկական կողմը թույլ է։ Այդ թուլությունը իշխանությունը ներկայացնում է որպես օբյեկտիվ իրականություն, սակայն իրականում դա ռեսուրսների վատ կառավարման ու սխալ տնօրինման հետեւանք է։ Իրավիճակը փոխելու մի ելք կա՝ արդյունավետ կառավարում։

Աննա Սարգսյանը  «Զանգի» ընկերության հիմնադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի հետ քննարկել է Հայաստանի շուրջ ստեղծված բարդ իրավիճակն ու դրանից դուրս գալու հնարավորությունները։
 

Ինչպես են արցախցիներն ապրում Հայաստանում


Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնն իրականացրել և հրապարակել է ուսումնասիրություն՝ բռնի տեղահանված արցախցիների ինտեգրման վերաբերյալ: Հատկանշական է, որ մեր հայրենակիցները Հայաստանում հայտնվել են «ծանոթ օտար»-ի կարգավիճակում։ Աննա Սարգսյանը թեման քննարկել է ուսումնասիրության հեղինակներ Լիլիթ Եզեկյանի և Մարիամ Բաբայանի հետ, որը նույնպես տեղահանվել է Արցախից 2020թ.-ի պատերազմից հետո:

Ժողովուրդը և կառավարիչները


44-օրյա պատերազմից հետո հասարակությունը ինքն իրեն չի կարողանում վերագտնել։ Պարտությունը, իշխանության զիջողական քաղաքականությունը, դիմադրողականության բացակայությունը բերել է հասարակական ապատիայի։ Հասարակությունը կորցրել է հավատն իր ռեսուրսների նկատմամբ, ինչի հետեւանքով պարտության հետեւանքներն ավելի կործանարար են։ Երբ կորցնում ես հավատը, արդեն պարտված ես։ Ինչպե՞ս ոտքի կանգնել և հաղթահարել պարտվածի հոգեբանությունը, ինչպե՞ս հաղթահարել պառակտումը։ Աննա Սարգսյանը թեման քննարկել է հոգեբան Դավիթ Հայրապետյանի հետ:

Իրավազուրկ չենք, բայց վտանգված ենք


Լույս է տեսել «Արցախ. վտանգված ժառանգություն» եռալեզու պատկերագիրքը, որը ներառում է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի բռնազավթած տարածքներում մնացած հայկական պատմաճարտարապետական ժառանգությունը։ Ադրբեջանը հիմա պետական մակարդակով՝ ծրագրված, ոչնչացնում է հայկական հետքը։ Բավարա՞ր է օգտագործվում գիտնականների աշխատանքը հայ ժողովրդի մշակութային և քաղաքական իրավունքների պաշտպանության գործում՝ ընդդեմ ադրբեջանական հանցագործությունների: Աննա Սարգսյանը թեման քննարկել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի հետ:

 

Թույլ չենք, բայց չենք գիտակցում մեր ուժը


Եթե Հայաստանը շարունակի բավարարել Ադրբեջանի պահանջները, ապա շատ արագ ինքնալուծարվելու է, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ինչու՞: Չէ՞ որ մեզ առաջարկվում է խաղաղություն, համագործակցություն, բարեկեցություն: Աննա Սարգսյանը թեման քննարկել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ:

Վախեցած չենք, այլ՝ ապակողմնորոշված


Ու՞ր է մեր մտավորականությունն այսօր հարցը պարզ պատասխան ունի՝ այնտեղ, որտեղ նրան ուղարկել ենք՝ արվարձան ու «Վերնիսաժ»: Ի՞նչ հասարակություն ենք մենք այսօր: Վախի՞ ազդեցության տակ ենք, թե՞ պարզապես չենք կողմնորոշվում՝ ի՞նչ անել, ի՞նչ պետություն կառուցել: Ի՞նչ է փոխել Արցախյան կոնֆլիկտը մեր ազգային վարքագծում: Աննա Սարգսյանը թեման քննարկել է ԵՊՀ պրոֆեսոր, սոցիոլոգ, քաղաքագետ Արթուր Աթանեսյանի հետ:

Մերկ դիվանագիտություն


Երկիրը հայտնվել է ազգայինի, պետության, լեգիտիմության և քաղաքական ինքնության բարդ տուրբուլենտության գոտում։ Քաղաքական այս թեմաների դիապազոնն այնքան լայն է ու բազմազան, որ տպավորություն է, թե իսթեբլիշմենտը հասարակությանը հատուկ է ներքաշում այս հարապտույտ խոսակցության մեջ։ Սա այնքան վտանգավոր գործընթաց է, որ արդյունքում կարող է լինել Հայաստանի Հանրապետություն, բայց ոչ հայկական պետություն: Ինչպե՞ս ոտքի կանգնել և քայլել սեփական դրոշի տակ: Աննա Սարգսյանը թեման քննարկել է արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ