Մայր Աթոռի մատենադարանում տեղի է ունեցել միանգամից մի քանի գրքերի շնորհանդես


Հատուկ շնորհանդեսին մասնակցելու համար Գերմանիայից ժամանել է պատմաբան, հետազոտող Միքայել Հեզեմանը, որը տարիներ առաջ Վատիկանի արխիվներում գտել էր Հայոց ցեղասպանությանը վերաբերող և մինչ այդ անհայտ հազարավոր վավերագրեր: Պատմաբան Ավետիս Հարությունյանի «Հայ գաղթականությունն Առաջին աշխարհամարտի տարիներին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին» աշխատությունը բացահայտում է հայոց ցեղասպանությունից հետո հայ գաղթականության պատմությունը՝ 1915-17 թվականներին: Արմինե Տիգրանյանի ուսումնասիրությունը վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման գործընթացին։ Արարատ քահանա Պողոսյանի գիրքը պատմում է 16-17-րդ դարերի հայ ազատագրական պայքարի և այդ պայքարում սուրբ Էջմիածնի դերի մասին: Գրքերը հրատարակվել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական հոգածությամբ:

 

Մատենադարանում Հայ և գերմանացի հնագետները ներկայացրել են տարածաշրջանի ամենահին եկեղեցին


Հին Արտաշատի պեղումների ժամանակ բացահայտված բացառիկ եկեղեցին, ամենայն հավանականությամբ կառուցել են Տրդատ Մեծը և Գրիգոր Լուսավորչը: Նորագյուտ կառույցը հայտնաբերվել է Հայ-գերմանական «Արտաքսատա» համատեղ ծրագրով, երբ հնագետները պեղում էին Խոր Վիրապի մերձակայքում: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մյունստերի համալսարանի Անտիկ և քրիստոնեական շրջանի հնագիտության ինստիտուտի հնագետները մի քանի տարի տևած պեղումներից հետո հաստատում են, որ ամենայն հավանականությամբ հայտնաբերված ութանիստ կառույցը տարածաշրջանի ամենահին եկեղեցին է։

 

Մխիթարյան ճեմարանում բացվել է Սեբաստացուն նվիրված ցուցահանդես


Մխիթարյան ճեմարանում բացվել է Մխիթար աբբահայրը և նրա տեսլականը հավերժացնող աշակերտները խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են Հազվագյուտ գրքեր։ Հնագույն գիրքը 18-րդ դարի սկիզբ է թվագրվում, երբ պակասել էր հայ գիտական միտքը, փակվում էին ձեռագրական դպրոցները, տպագրությունը թանկ էր, հաճախ անհասանելի, հայ գիրքը տարածելու խնդիր կար: Այդ ծանր ժամանակներում Մխիթար Սեբաստացին երազում էր ստեղծել այնպիսի կենտրոն, ուր կծաղկեր հայ միտքը:

 

Շիո Մուջիրին 22 ձայնով ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու նոր Կաթողիկոս-պատրիարք


57-ամյա Շիո Մուջիրին 2017 թվականից համարվել է հանգուցյալ Իլիա Երկրորդի հավանական իրավահաջորդը: Ինը տարի եղել է Կաթողիկոս-պատրիարքի տեղապահը: Ընտրությանը մասնակցել են հազարից ավելի պատվիրակներ, վանքերից, հոգևոր այլ հաստատություններից, նաև հանրային գործիչներ՝ գիտության և մշակույթի ոլորտներից: Քվեարկությունն անցկացրել են Սուրբ Սինոդի բարձրաստիճան հոգևորականները, Շիո Միտրոպոլիտը 39 քվեից 22-ն է ստացել: Իր ելույթում նա հայտարարել է, որ վրաց ուղղափառ եկեղեցին պետք է շարունակի հանդես գալ իբրև ազգային ինքնության պահապան և ազգը միավորող կառույց:

 

Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը վերընտրվել է Արևելյան թեմի առաջնորդ


ԱՄՆ Միլուոքի քաղաքում կայացել է Արևելյան թեմի թեմական պատգամավորական 124-րդ ժողովը, որին մասնակցել են ԱՄՆ արևելյան ափի հայկական եկեղեցական ծխերի հոգևորականները և աշխարհական պատվիրակները: Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը վերընտրվել է Արևելյան թեմի առաջնորդ հաջորդ չորս տարիների համար։ Մեսրոպ եպիսկոպոսը ղեկավարում է ԱՄՆ հայոց արևելյան թեմը 2022 թվականից: Սրբազանը կսկսի իր երկրորդ քառամյա ծառայությունը թեմում՝ ստանալով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաստատումը:

 

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը


Կովկասի մուսուլմանների վարչությունը փորձ է անում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերումը։ Մայր Աթոռը նկատում է, որ սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։

 

Լույս է տեսել Հովհաննես արքաեղբոր և Գռների մանրանկարչական դպրոցի մասին աշխատությունը


«Կիսարյուն արքայազնը և նրա գեղարվեստական ժառանգությունը» խորագրով անգլերեն հատորը Մոնպելյեի համալսարանում արվեստի և միջնադարի պատմության դոկտոր Էմմա Չուգասզյանի երրորդ մենագրությունն է Կիլիկիայի մանրանկարչության մասին: Հովհաննես արքեպիսկոպոսը՝ Հեթում Առաջին արքայի եղբայրը, Գռների մանրանկարչական դպրոց է հիմնել և համարվում է 13-րդ դարի երկրորդ կեսին Կիլիկիայում մանրանկարչական նոր ուղղության հիմնադիրը: Իշխանական ծագմամբ այս հոգևորականը այդ շրջանի Կիլիկայում արվեստների և գիտության մեծագույն հովանավորն է եղել:

 

Մայր Աթոռը լույս է ընծայել գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանի Հայոց ցեղասպանություն աշխատությունը


Վատիկանի գաղտնի արխիվի անտիպ փաստաթղթերի հիման վրա գրված գիրքն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը: Միքայել Հեզեմանը, ուսումնասիրելով Վատիկանի արխիվներում պահվող բազմաթիվ արժեքավոր փաստաթղթեր, վկայություններ, նամակներ ու հաշվետվություններ, անառարկելիորեն վերահաստատում է Հայոց ցեղասպանության իրողությունն ու ծրագրված իրագործումը:

 

Լիբանանում գործում է Հայոց ցեղասպանության որբերի՝ աշխարհում միակ թանգարանը


Թանգարանում որբերի կյանքին նվիրված իրեր են, վավերագրեր, լուսանկարներ և որբացուցակներ: Բակի խորքում տեղադրված է Մարիա Յակոբսենի հուշաքանդակն ու տապանաքարը՝ «հայ որբերի մայր» արձանագրությամբ: Մյուս կողմում ցնցոտիներով հայ որբերին պատկերող քանդակաշարն են։ Բեյրութից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքը հիմնվել է 1920 թվականին, Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի նախաձեռնությամբ որպես ապաստարան՝ հայ որբերի համար։

 

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը


Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը ոչնչացրել է։ Տեղեկությունը տարածել է Արցախի մշակութային ժառանգության հարցերով զբաղվող Հովիկ Ավանեսովը: Ըստ նրա՝ տեղի ունեցածը հստակ նպատակադրված քաղաքականություն է՝ վերացնելու հայկական ներկայության բոլոր տեսանելի հետքերը։ Սրա մասին են վկայում վերջին շաբաթներին Ստեփանակերտում տեղի ունեցած դեպքերը՝ վանդալիզմից մինչև ամբողջական քանդման գործողություններ։ Միջազգային և հայաստանյան պետական կառույցների լռության և անգործության պայմաններում այս գործողությունները դառնում են շարունակական։

 

Սուրբ Էջմիածնում Աշխարհամատրան կիրակի օրը պատարագ մատուցեց Հուսիկ աբեղա Սմբատյանը


Սուրբ Հարության երկրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ կանաչ կիրակի: Այն խորհրդանշում է քրիստոնեական եկեղեցու հաստատման մեծ խորհուրդը, երբ Քրիստոսի հարության լույսը տարածվում է աշխարհով մեկ, Քրիստոսի աշակերտները դառնում են այդ լույսի կրողները՝ տարածելով աստվածային խոսքը: Ժողովուրդը Աշխարհամատրան կիրակին կանաչ կիրակի է անվանել, քանի որ գարնանային զարթոնքի այդ շրջանում բնությունն է ծաղկում և կանաչում, ինչպես մարդկությունը՝ Քրիստոսի բերած հույսով և լույսով:

 

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ


Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով ժամանած Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը աղոթել է Հայոց Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունել է Նորին Սրբությանը։ Հրաշափառի արարողությունից հետո Վեհարանում տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքի առանձնազրույցը: