Հայաստանյան որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե Հայաստանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ևս հինգ ոչ նյութական մշակութային արժեք այդ կազմակերպության ցանկում ամրագրելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Իրականում 2019 թվականի փետրվարի 21-ին ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ՀՀ մշակույթի նախարարության ներկայացրած որոշման նախագիծը, որով Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է: Ցանկում ընդգրկվել է հինգ ոչ նյութական մշակութային արժեք՝ «Որդան կարմիրը», «Գյումրվա կլկլանը», «Ստվերների տիկնիկային թատրոնը», «Պարկապզուկը», «Կոխ ըմբշամարտը»: Մինչ այդ ցանկում ընդգրկված էր յոթ արժեք՝ «Կարոս խաչ» վիպերգը, «Լարախաղացությունը», «Վիճակի երգերը», «Ավետիսը», «Խաչբուռը», «Ասեղնագործությունը» և «Բարեկենդանը»:
2019-03-28
Telecast type: Լուր Ռեպորտաժ